Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone
13:04 - 20 մարտի, 2020

Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone

Աշխարհում մոլեգնող գրիպի հերթական վիրուսի մասին շատ է խոսվում։ Թերևս դավադրապաշտական հավանական ու անհավանական բոլոր տեսությունները հնչել են։ Տրվել են նաև մասնագիտական հիմնավորված բացատրություններ։ Այնուամենայնիվ, հանրության համար դեռևս բազում չպարզաբանված հարցեր կան։ Ես բացառություն չեմ. իմ հարցերը մնացել են նույնիսկ հիմնական բոլոր տեսակետներն ուսումնասիրելուց հետո։ Հասկանում եմ, որ էմոցիոնալ լարում ունեցող ու բևեռացված միջավայրում շատ դժվար է նման հարցեր ձևակերպել առանց պիտակավորումից ու թիրախավորումից խուսափելու։ Այնուամենայնիվ, փորձելու եմ՝ խնդրելով հարցերին ծայրահեղական դիրքերից չմոտենալ։ Մինչ սկսելն ասեմ նաև, որ որոշակիորեն տարբերակում եմ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։

Ինձ համար, ի սկզբանե, անհասկանալի էր սովորականից մի փոքր շատ մահացություն ունեցող, վերին շնչուղիներն ախտահարող սովորական հիվանդության նկատմամբ այս աստիճանի ուշադրությունն ու դրա դեմն առնելու արմատական լինելու տեսանկյունից աննախադեպ միջոցառումները։ Բանն այն է, որ գրիպի տարբեր տարատեսակներ, դրանց մուտացված տարբերակներ մշտապես են շրջանառվում։ Դրանց մի մասը մարդու կյանքի համար նվազ վտանգավոր են, իսկ որոշների դեպքում հավանական բարդությունների և դրանցով պայմանավորված մահացության վտանգն ավելի մեծ է։ Որոշների դեպքում խոցելի խմբերը մանկահասակ երեխաներն են, որոշների դեպքում՝ տարեցները և այսպես շարունակ։ Այսպես մարդն ապրում է մարդկության պատմության ողջ ընթացքում։ Այսպես էինք ապրում 3000 տարի առաջ, 1000 տարի առաջ, 50 տարի առաջ, 3 տարի առաջ։ Այսպիսի և վերահաս ավելի մեծ վտանգների ներքո ենք ապրելու նաև ապագայում։ Ինչո՞վ է առանձնանում կորոնավիրուսը նմանատիպ այլ հիվանդություններից, որոնց դեպքում բավարարվում էինք սովորական, դարերով ու տասնամյակներով մշակված վարքագծային կանոններով, իսկ սրա դեպքում աննախադեպ միջոցառումների անհրաժեշտություն առաջացավ։ Դեռ չեմ խոսում, որ տարեցտարի առողջապահական համակարգը կատարելագործվում է, իսկ նրա հանդեպ վստահությունը մեծանում։

Հեռու եմ այն մտքից, որ սա կարող է ինչ-որ ուժային կենտրոնի կողմից լավ մշակած ու իրականացրած դավադրություն լինել։ Ոչ, ինչպես գիտենք և վերը արդեն շեշտեցի, սա ժամանակակից աշխարհում սովորական երևույթ է, որ եղել է, կա և շարունակելու է լինել։ Այլ բան է, որ տարբեր ուժեր, երկրներ, ֆինանսական կենտրոններ սովորել են հօգուտ իրենց օգտագործել նույնիսկ այսպիսի երևույթները։ Պարզապես հիմա կատարելագործվում են օգտագործման եղանակները, և դա վերածվում է մի երևույթի, ինչը նախկինում չենք տեսել, ձեռք է բերում համաշխարհային այնպիսի ծավալներ, որոնք նախկինում չեն եղել։ Սա նաև դուրս է էմոցիոնալ գնահատականներից, հումանիզմից ու բարոյականության մասին առանձին մարդկանց պատկերացումներից։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Սա տեղի է ունենում հավանական կամ անհավանական մահվան առաջ երկիր մոլորակի շարքային բնակչին մեն-մենակ թողնելու, դրանից նրա իռացիոնալ վախերը սնուցելու և իրավիճակից օգուտ քաղելու միջոցով։

Անհնար է գերագնահատել այս հարցում մեդիա դաշտի դերը։ Ժամանակակից մեդիան կախում ունի ոչ թե կամ ոչ միայն ճշմարտացի, ստուգված լուրեր տրամադրելու գործելաոճից, այլև օնլայն տիրույթում հաճախումներից («քլիքերից») և հեռուստահաղորդակցության դեպքում՝ դիտումներից։ Աշխարհն այսօր բախվել է սուտ լուրեր տարածելու անվերահսկելի պրակտիկայի հետ և փորձում է դրանք բացառելու համար կարգավորումներ ներդնել։ Խնդրի լուծման բարդությունն այն է, որ շատ դժվար է հավասարակշռություն գտնել մամուլի անհրաժեշտ ազատության և ֆեյք լուրեր տարածելու անթույլատրելի պրակտիկայի միջև։ Սա գլոբալ հարց է, որը նաև վարքագծային նոր կանոններ է թելադրում։ Եթե նույնիսկ մեդիա կազմակերպությունը շահագրգռված է միայն ճշմարտացի ու ստուգված լուրեր տարածելով, ապա պետք է հաշվի նստի իր վարկանիշի որոշակի անկման հետ, քանի որ արդիական են ցնցող, աննախադեպ նորությունները, վերնագրերը, որոնք հաճախ ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Մինչև դրական առումով առանձնացող մեդիան փորձում է ճշտել լուրերը և հրամցնել ընթերցողին, ապատեղեկատվություն տարածողներն արդեն շրջանցում են նրան և հայտնվում անհասանելի հեռավորության վրա. նրանք միշտ մի քանի քայլ առաջ են և ավելի արդիական։

Հիմա պատկերացրեք՝ մեդիա, որը առավոտից երեկո ներկայացնում է, թե ինչ վատ բան է կորոնավիրուսը, առցանց հաշվիչներ է տեղադրում, թե քանի մարդ է վարակվում այ հենց այս պահին, երբ դուք կարդում եք տեքստը, նրանցից որքանն են մահանում։ Վերջին օրերին հավանաբար դուք էլ նկատած կլինեք, որ հետևելով լուրերին, զգացողություն եք ունենում, որ մահաբեր վարակն ամենուր է, այն անխուսափելիորեն մոտենում է ձեզ և, չնայած դուք մեկուսացած եք, այն վայրկյաններ անց կթակի ձեր դուռը, այս հարցում ձեզ ոչ ոք և ոչինչ չի օգնի։ Այդ զգացողությունը ձեզ ձեր կարդացաց մեդիան է տալիս։ Համեմատենք սա ճշտված լուրեր ու մասնագետների ռացիոնալ կարծիքներ հաղորդող մեդիայի հետ։ Եթե դուք մերժում եք առաջինն ու օգտվում բացառապես երկրորդից, ապա շնորհավորում եմ՝ դուք զերծ կմնաք խուճապից։ Աշխարհում տիրող իրավիճակն ուսումնասիրելով, կարելի է պնդել, որ բնակչության մի զգալի հատված, այնուամենայնիվ, նախընտրում է առաջինը։

Եվ ոչ մի մեդիա կազմակերպություն հնարավորություն չունի զերծ մնալ այս միտումներից։ Լուրերի բոլոր թողարկումները սկսվում և ավարտվում են կորոնավիրուսի մասին տեղեկատվությամբ։ Մոռացվել են պատերազմները, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում, լարված իրավիճակը Լիբիայում։ Կա միայն գրիպ և պետություններ, որոնք հերոսաբար կամ ալարելով պայքարում են աշխարհում ամենատարածված, ամենասովորական հիվանդության դեմ։ Ինչքան աննախադեպ լինի լուրը, այնքան դիտումները շատ կլինեն։ Ինչքան դիտումները շատ լինեն, այնքան ֆինանսական օգուտները շատ կլինեն։ Ինչքան երկար տևի այս ամենը, այնքան եկամուտները մեծ կլինեն։ Հիրավի, ֆինանսական առումով, եթե այս մեդիա առիթը չլիներ, կարելի էր այն ստեղծել։ Այսպես կմտածի յուրաքանչյուր մեդիա կորպորացիայի ցանկացած ֆինանսական տնօրեն, առավել ևս, որ իրենք ոչինչ չեն հնարում, այլ ներկայացնում են իրականությունը՝ աշխարհում կա գրիպի նոր վարակ, դրանով պարբերաբար մարդիկ են վարակվում և դրանից խոցելի շերտի մոտ նաև մահեր են արձանագրվում։ Դե թող փորձագետները տքնեն՝ ապացուցելու, որ դա միշտ է ուղեկցել մարդկությանը, հիմա տեղի ունեցողը սովորական երևույթ է և շարունակելու է ուղեկցել մարդկությանը։ Ըստ էության, ժամանակակից մեդիան համագործակցված կարող է այսպիսի յուրաքանչյուր խնդիր համաշխարհային օրակարգում առաջինը դարձնել։ Օրինակ, տուբերկուլյոզի դեպքում որոշակի բարդությունների կհանդիպի, քանի որ չնայած աշխարհում տարեկան 1,5 մլն մարդ է վարակվում, բայց մնացյալին թվում է, թե իրենք կարող են հուսալիորեն պաշտպանված լինել, իսկ գրիպի դեպքում բոլորը գիտեն, որ այն կարող է անմիջականորեն իրենց էլ առընչվել։ Հիանալի մեդիա առիթ է։ Նույն կերպ, եթե հնարավոր լիներ առցանց հաշվիչ դնել, թե աշխարհում և առանձին ամեն երկրում քանի մարդ է հաշմանդամ դառնում կամ մահանում սպորտով զբաղվելու ժամանակ ու բոլոր լուրերը սկսել դրա մասին տեղեկատվությամբ, ապա, թերևս, հնարավոր կլիներ բոլորին համոզել չզբաղվել սպորտով։

Կարելի էր կարծել, թե երկրների կառավարությունները կարող են կանխել անիմաստ ու վնասարար խուճապը, ինչն, ի վերջո, տնտեսական զգալի վնասների հասցրեց։ Առավել ևս, դա տեղին էր անել, երբ Առողջապահական համաշխահային կազմակերպությունը հայտարարեց, թե տեղին կլինի՝ իրենք ավելի շատ զբաղվեն կեղծ տեղեկատվության դեմ պայքարով, քան բուն պանդեմիայով։ Սակայն սովորաբար կառավարություններին պետք են տարբեր երևույթներ կամ սուբյեկտներ, որոնց դեմ նրանք հերոսաբար պայքարում են և, որ ցանկալի է՝ հաղթում։ Ժամանակի տարբեր կտրվածքներում դրանք թմրանյութերն են, հետո՝ ահաբեկությունը, չարիքի առանցք հանդիսացող պետությունները, կոռուպցիան՝ երբ և ինչ հարմար է տվյալ պահին։ Այսօր դա հիվանդությունն է, և կապ չունի դրանից բխող վտանգը։ Առավել ևս, որ տեղեկատվական այսպիսի հոսքերից ազդված բնակչությունը սկսում է իրենց պաշտպանելու ամենախիստ միջոցներ կիրառելու պահանջ ներկայացնել կառավարություններին։ Վերջիններս գործելու լայն դաշտ են ստանում։ Քաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույն հարցի վերաբերյալ կարելի է կայացնել իրարից բացարձակապես տարբերվող որոշումներ։

Տեսնում ենք, որ ավտորիտար կառավարմամբ առանձնացող որոշ երկրներ թաքցնում են իրական թվերը։ Նույնպիսի կառավարման համակարգ ունեցողները, հակառակը՝ սնում են խուճապը։ Բանն այն է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բթացնում է արդիական այլ խնդիրների սրությունը, ստիպում դադարեցնել բողոքի ալիքները և համախմբվել կառավարության շուրջ՝ հաղթահարելու ամենաարդիական մեկ խնդիր։ Օրինակ, մի երկրում կարելի է ցուցարարներով լի փողոցները դատարկել ընդամենը գրիպով հիվանդացության թվեր հրապարակելով․ անել այն, ինչ նույնիսկ զենքի կիրառմամբ չէր ստացվում։ Մի այլ երկրում, հակառակը, նվազեցնել հիվանդացության ու դրանից մահացության թվերը, որպես քաղաքական գործընթացների, օրինակ՝ ընտությունների կամ հանրաքվեների, վրա դրանք ոչ մի բացասական ազդեցություն չունենան։

Էությամբ նույն մոտեցումն է նաև ժողովրդավար կառավարում ունեցող երկրներում։ Ճիշտ է՝ այստեղ դժվար թե թվեր կեղծվեն, սակայն օրինաչափություններ կարելի է նկատել համարյա բոլոր դեպքերում։ Այն երկրներում, որտեղ կառավարություններից բողոքը մեծ է, իրավիճակն աղետալի է ներկայացվում, որպեսզի մյուս խնդիրները մոռացվեն և համերաշխություն դրսևորվի հիվանդության հաղթահարման գործում։ Այս երկրներում միջոցառումները սովորաբար ավելի խիստ են։ Այն երկրները, որոնց կառավարություններն այսպիսի խնդիր չեն տեսնում, սովորաբար ավելի մեղմ միջոցառումներ են կիրառում։ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ հնարավոր է երկրի բնակչության 70 տոկոսը հիվանդանա և բուժվի, բայց երբ համեմատում ենք Գերմանիայի հանրային կյանքի սահմանափակումներն ու հարևան այլ երկրների սահմանափակումները, ահռելի տաբերություններ կան։ Նույնը՝ Մեծ Բրիտանիայի դեպքում։ Շվեդիան ընդհանրապես հրաժարվել է պայքարել վիրուսի դեմ՝ կարծելով, թե դա բնակչության համար վտանգավոր չէ։ Իհարկե, այս բոլոր դեպքերում կպայքարեն հանուն մահացության դեպքերի նվազեցման։ Ուսումնասիրում ես թվերն ու պարզում՝ հրաշք, հիվանդացության տարածվածության և հիվանդությունից մահացության այս երկրների ցուցանիշները համադրելի են ամենախիստ միջոցները կիրառող երկրների ցուցանիշների հետ։

Վերջին շրջանում խոսվում է համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին։ Խոսվում է ֆոնդային բորսաներում անկման միտումների մասին և այնպիսի տպավորություն է, թե դա ամբողջությամբ կապված է հիվանդության հետ։ Բայց մոռանում ենք, որ բորսաների անկումը սկսվեց ոչ թե կորոնավիրուսից, այլ նավթի գների անկումից, երբ Սաուդյան Արաբիան իջեցրեց արտահանվող նավթի գինը։ Եթե գրիպի համաճարակից տնտեսության անկումը նորմալ երևույթ լիներ, ապա մենք պետք է պերմանենտ անկում ապրող բորսաներ ունենայինք, իսկ տարին մեկ-երկու անգամ՝ կտրուկ անկումներ։ Առանց խուճապի ուղեկցության ընթացող համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա նվազագույն կլիներ։ Իհարկե, խուճապը ազդել է և շարունակելու է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Սակայն խնդիրն ամենևին գրիպի համաճարակը չէ, այլ, թերևս, կառավարվող կամ կառավարման ենթակա խուճապը։

Անզեն աչքով էլ երևում է, որ իրավիճակը կարող է կարճաժամկետ հեռանկարում օգտագործվել ամբողջ ճյուղերի հարստացման համար։ Մեդիայի մասին մենք արդեն խոսեցինք։ Կարող ենք նշել նաև դեղագործական, մանրածախ առևտրի, պարենային ապրանքների արտադրության, նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներ, որտեղ այս խուճապը լրացուցիչ օգուտների կհանգեցնի։ Փոխարենը կտուժեն տուրիզմի, արդյունաբերության որոշ ճյուղեր և այլ ոլորտներ։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ յուրաքանչյուր ճգնաժամ, ի վերջո, հանգեցնում է մանր ու միջին բիզնեսը կլանելու միջոցով խոշոր ընկերությունների հզորացման։ Ճգնաժամերը հանգեցնում են տնտեսության կենտրոնացման և օլիգարխիզացիայի, քանի որ խոշորները անհարմար իրավիճակներին դիմադրելու ավելի մեծ ներուժ ունեն։

Ճգնաժամերը, հատկապես վերջին շրջանում, գնալով սոցիալիզացվում են՝ դրանց բեռն արդեն համարյա ամբողջությամբ հանրության ուսերին է դրվում և բոլորն են վճարում կառավարությունների ու ֆինանսական կենտրոնների սխալների և անհագ ախորժակի համար։ Բայց միշտ ամենատուժած մասը վերջում մնում են ամենաթույլ, խոցելի խավի ներկայացուցիչները։ Հույս փայփայենք, որ գոնե կբացահայտվեն այսպիսի հետևանքների հանգեցրած տեղեկատվական հոսքերի հեղինակներն ու իրական շահառուներն այնպես, ինչպես բացահայտվեցին 2008-ի ֆինանսական ճգնաժամի հեղինակները։ Սա կարևոր է հետագայում նույնը թույլ չտալու համար։

Վերջում, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական բևեռվածության աստիճանը, ավելորդ չի լինի երկու բառ ասել այդ կապակցությամբ։ Պետք չէ Հայաստանը փնտրել այս հոդվածի տողատակերում։ Մենք այստեղ արձագանքողի ռեակտիվ դիրքերում ենք։ Մեր կառավարությանը հարմար կլիներ տեղայնացնել համաճարակի օջախները և հանգիստ գնալ սպասվող հանրաքվեին։ Սակայն աշխարհին ֆեյսբուքով միացած և ապոկալիպտիկ սցենարներ ընկալելու հակված հանրությունը տապալելու էր այն և կառավարող ուժին գամելու էր ֆեյսբուքյան առաջին հարմար պատին։ Հանրաքվեն հետաձգելով և արտակարգ դրություն հայտարարելով, ֆեյսբուքյան կառավարմանն անցած կառավարությունը կայացրեց իր համար միակ ճիշտ որոշումը։ Սրանով նա ի չիք դարձրեց իր նկատմամբ ահագնացող տեղին ու անտեղի քննադատությունն ու իր շուրջ համախմբեց բոլորին, այդ թվում՝ անհաշտ հակառակորդներին։ Այլ հարց է, որ հիվանդության նահանջին  զուգընթաց, տեսնելու ենք, որ ապրում ենք այն նույն Հայաստանում, որտեղ ՍԴ նախագահը դեռևս Հրայր Թովմասյանն է, այն համալրված է ևս 6 անհասկանալի դատավորներով և ունենք կառավարող ուժ, որը, չնայած հեղափոխության ընձեռած լայն հնարավորություններին, անկարող է իրականացնել հեղափոխության պահանջներն ու օրակարգերը։ Վիճելի հարց է, թե այդ իրականությունն ինչ ազդեցություն կունենա գրիպի համաճարակը արժանապատվորեն և հերոսաբար հաղթահարած կառավարության վարկանիշի վրա։

Առողջություն և խաղաղություն բոլորիս։

Սուրեն Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել