Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները
 |armtimes.com|
18:24 - 01 ապրիլի, 2020

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները |armtimes.com|

armtimes.com: «Երեկ Արցախում տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է քվեախցիկից դուրս քվեարկելու շուրջ 700 դեպք՝ 40 տեղամասում: Դրանք հիմնականում եղել են տարեցների կողմից». ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները՝ այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորումը, ըստ Իոաննիսյանի, դիտարկում իրականացրել է 282 ընտրատեղամասերից 49-ում: Ընտրություններին հետեւել է 98 տեղամասային եւ 8 տարածքային դիտորդ, եւս 18 դիտորդներ շրջիկ խմբերով շրջել են Արցախի բոլոր շրջաններում։

Հրապարակելով արձանագրված խախտումները՝ Իոաննիսյանն ասաց. «Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար: 16 ընտրատարածքում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որեւէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է՝ որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում եղել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր»։ Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց նաեւ, որ 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ։ Այս դեպքերը, ըստ նրա, գրանցվել են այն բանից հետո, երբ թույլ չի տրվել քվեաթերթիկը լուսանկարել:

Սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր արձանագրվել են դիտարկված 9 տեղամասում. «Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաեւ այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երեւի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից եւ ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաեւ մեզ հետ զրույցներում, մեկն անձամբ ինձ հետ զրույցում պատճառաբանել է դա համապատասխան հրահանգավորմամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Անդրադառնալով կուտակումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ 11 դեպք է նկատվել, որոնցից 4-ում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ «Զգալի մասում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից վեց դեպքերը հստակ կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում»,- ասաց նա։ Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ երկու ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել ելակետային տվյալները։
«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ եւ կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում եւ հիմնականում վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը»,- հավելեց դիտորդական առաքելության ղեկավարը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ. «Բայց, օրինակ, Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր եւ կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։

Լրագրողներից մեկը խնդրեց համեմատել երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունները Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ։ «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ՝ այս ընտրությունները որեւիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որեւիցե ընտրության հետ։ Ընդհանրապես համեմատության որեւիցե եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։

Խոսելով ընտրողների ակտիվության մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրողների ակտիվության համար մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ մինչեւ վերջին օրը ոչ ոք չգիտեր, թե ով է ընտրվելու:

«Երբ որ տրիվիալ չէ, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու, ըստ էության, գալիս է այն տրամաբանական եզրահանգումը, որ քվեից շատ բան է կախված, և մարդիկ առավել մոտիվացված են լինում գնալ տեղամաս։ Եվ երեւի թե սա է պատճառը, որ նույնիսկ կորոնավիրուսի վախի լույսի ներքո գրանցվեց մոտավորապես նույնքան մասնակցություն, ինչքան 2012 թվականի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել