Կրթությունն առաջնային պետք է լինի ոստիկանական համակարգում․ Կարեն Սիմոնյան |tert.am|
13:48 - 22 փետրվարի, 2020

Կրթությունն առաջնային պետք է լինի ոստիկանական համակարգում․ Կարեն Սիմոնյան |tert.am|

tert.am: «Ոստիկանության 2020-22 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման հիմքում դրված էր ներքին գործերի նախարարության ստեղծումը, որի կազմում կլինի Ոստիկանությունը:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինա Գրիգորյանի կարծիքով՝ բարեփոխումները պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Նման քննարկումներով և ներառականությամբ է հնարավոր երկարաժամկետ կտրվածքում ապահովել կայուն փոփոխություններ»,- ասաց նա:

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն էլ նշեց, որ այս բարեփոխումների ծրագիրը չի կրում ձևական բնույթ: «Փոփոխությունների դրույթները միտված կլինեն ոստիկանությունում աշխատանքների բարեփոխմանը: Կարևոր է, որ այս գործընթացի մեջ ներգրավված են և Արդարադատության նախարարությունը, և Ոստիկանությունը, և Քննչական կոմիտեն: Մեր աշխատանքները ընթանում են գործնական, մի նպատակին ուղղված լինելու ընթացքով»,- ասաց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ այս բարեփոխումները պետք է դառնան իրական, որովհետև եթե բարեփոխումները իրականացվեին միայն իշխանության պատկերացրած տեսանկյունից, դրանք դժվար թե ամբողջական բնույթ կրեին: «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ամենաքննարկված թեման այն էր, որ Ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակ է, վարչապետական պետություն ենք, նախարարություն պետք է լինի, թե ոստիկանություն: Այս քննարկումները բերեցին այն եզրահանգման, որ առաջին քայլը Ոստիկանությանն է վերաբերում, որովհետև այս քայլը ցույց կտա, թե այսօրվա քաղաքական փոփոխությունների մեջ ինքը ինչպիսին պետք է լինի: Այն պետք է լինի միտված դեպի քաղաքացին, որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանությունն ուժային կառույցների մեջ իրականացնում է այն գործառույթը, որն անհրաժեշտ է բոլորիս: Պետք է ընդգրկուն քննարկումներ լինեն»,- ասաց նա:

ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ ասաց, որ բարեփոխումների փաթեթը պետք է բաժանել երկու խոշոր հատվածների: «Առաջինը վարչական վերափոխումներն են. այն, ինչը թույլ է տալիս ներքին գործերի նախարարության ստեղծում, ոստիկանության տարբեր մարմինների առանձնացում, մեկ մարմնի շուրջ միավորում: Երկրորդ ամենակարևոր կոմպոնենտը, որին պետք է ուշադրություն դարձնել փոփոխությունների այս գործընթացում, կրթական կոմպոնենտն է: Կրթությունն առաջնային պետք է լինի ոստիկանական համակարգում: Այս փոփոխությունները պետք է նախատեսված լինեն ոչ թե առաջիկա մի քանի տարվա համար, այլ առաջիկա տասնամյակում՝ ապահովելու ոստիկանության նոր ձևը»,- հայտարարեց նա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն էլ դրական գնահատեց Ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելու փորձերը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ պետք է փաթեթի վերնագիրը լինի ոչ թե ոստիկանության բարեփոխում, այլ նոր իրավապահ մարմնի ստեղծում: «Սա առաջին անգամն է, որ մենք արմատական փոփոխում ենք իրավական համակարգի բովանդակությունը: Սա, ըստ էության, ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավապահ մարմնի ստեղծում է: Ունենք լավ փորձ դասեր քաղելու, թե ինչպիսին չպետք է լինի իրավապահ մարմինը»,- հայտարարեց նա:

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծեց, որ շատ կարևոր է Ոստիկանական ակադեմիայի շեշտադրումը ռազմավարության մեջ, որովհետև ոստիկանների մատենագիտական պատրաստվածությունն այն լրջագույն խնդիրներից էր, որին տարիներ շարունակ ականատես ենք եղել ու շատ կարևոր է, որ դա լուծվում է:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել