aysor.am: Հայաստանն ու Ռուսաստանը դեռևս չեն համաձայնեցրել Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը:

«Որքանով ես տեղյակ եմ, չի լուծվել հարցը: Ընթանում են բանակցություններ», - լրագրողներին այսօր ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել էր նա:

Նախարարն ընդգծել էր, որ հարցը կքննարկվի առաջիկա կառավարության նիստում՝ հավելելով. «Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»: