ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|
09:33 - 27 մայիսի, 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան |news.am|

news.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ գործընթացի տեսակետները Ղազախստանում եւ Հայաստանում տարբերվում են։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։

Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ հարցն առնչվում է Հայաստանում անցած տարվա ներքաղաքական իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ Ղազախստանի համար այն ուրիշ՝ ընթացակարգային հարթությունում է։

«Մայիսի 22-ին, որքան հասկանում ենք, հայկական կողմը դիրքորոշում է հայտնել, որի համաձայն՝ ճգնաժամ չկա, եւ կարելի է առաջ շարժվել։ Մեր կարծիքով՝ մենք մինչեւ մայիսի 22-ն էլ էինք առաջ շարժվում, եւ դրանից հետո նույնպես առաջ ենք շարժվելու ու զարգացնելու մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում։ Կսպասենք Հայաստանից հայտարարության»,- ավելացրել է դեսպանը։

Դիվանագետը նաեւ նշել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը ԵՏՄ շրջանակում։ «2019 թվականի մայիսի 29-ին լրանում է ԵՏՄ պայմանագրի ստորագրման 5 տարին։ Նրա գործունեության արդյունքներն անցած ժամանակաշրջանում համոզիչ հաստատում են նախաձեռնության ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, որն առաջադրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 25 տարի առաջ Մոսկվայում»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել