ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր
18:37 - 11 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Վահան Կոստանյան] Քանի քայլարշավը մոտենում էր Երևանին, այնքան ավելի շիկանում էր մթնոլորտը մայրաղաքում ու ավելի դժվար էր դառնում սահանափակվել մոնիտորինգ անելով:

Նախորդ երեկոյան Հրազդանում որոշվեց, որ պիտի Ազգային ժողովում վառվի ազատության ջահը: Եվ վաղ առավոտյան,մինչև կբացվեր նիստն, Արարատն ու Լենան գնացել էին Դիվանբաշի փաբ՝ պարապելու՝ ինչպես վառել ֆայըռը:

Հանդիպեցինք շենքի մուտքի մոտ: Տարակուսում էինք՝ կստացվի արդյոք մտցնել ֆայըռները, թե ոչ: Լենան դրանք դրեց վերարկուի տակ ու մտանք: Ոչ մեկ չնկատեց: Մենք էդ պահին նայեցինք իրար, Լենան քթի տակ թեթև ժպտաց ու մտանք շենք:

[Արմեն Գալջյան]  Առավոտյան գնացի Ազգային ժողով՝ ինչ որ բան պետք է վերցնեի, որտեղ հանդիպեցի Արարատին և Լենային։ Նրանք պատրաստվում էին նիստերի դահլիճում վառել «Ազատության» ջահը:

Հետո գնացի ԵՊՀ, որտեղ պետք է իրազեկման ակցիա իրականացնեինք: Ակցիայի ընթացքում ԵՊՀ-ի ներսում շաղ էինք տալիս Սերժի պատկերով թռուցիկները, հետո, բնականաբար, հայտնվեցին ՀՀԿ-ի «տասովշիկները»՝ հայտնի Ալիկի գլխավորությամբ, և սկսվեց վիճաբանություն:

[Վահան Կոստանյան] Մինչ կհասներ Արարատի ելույթ ունենալու հերթը, ժամանակը կարծես չէր անցնում: Դրան գումարվում էր շենքում օտար լինելու զգացողությունը, այն թերահավատ հայացքները, որոնց հանդիպում էի մեր գործընկերների ու աշխատակիցների կողմից: Հովակիմյան Վահագի հետ ծխում ու ծխում էինք: Հետո շոուն ստացվեց, ու մենք դուրս եկանք շենքից:

[Թագուհի Ղազարյան] Օրը հեղափոխությամբ է բուրում: Կարելի է ասել, որ արդեն էլ ոչինչ տեղի չի ունենում՝ շարժումից բացի: ԱԺ նիստի ժամանակ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը վառեցին ազատության ջահը: Շոուն, չգիտեմ, ստացվեց, թե ոչ, բայց հեղափոխությունը պիտի՛ ստացվեր:

[Անի Վարդանյան] Ամբողջ ֆեյսբուքը լցված էր Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովում իրականացված ակցիայով։ Հավես ակցիա էր։ Շատ էի հավանել։ Մի տեսակ գերող բան կար էդ ակցիայում։

Համալսարանում ակցիայից ոչ մի խոսք չէր պտտվում։ Ոչ մեկը հետաքրքրված չէր։ Հիշում եմ՝ «Ռեստարտի» երեխեքին հանդիպեցի։ Խոսքի մեջ ասացին, որ պատրաստվում են Նիկոլենց դիմավորել։ Հաջողություն մաղթեցի։ Ասեցի՝ հնարավոր է երևամ։ Մտքիս դեռ ոչինչ չկար։ Ոչ մի պլան չունեի։ Ուղղակի սպասում էի իրավիճակի զարգացմանը։

[Թագուհի Ղազարյան] Արագ-արագ պատրաստվում ու դուրս եմ գալիս տանից: Վերելակում փակցրածս #ՄերժիրՍերժին ստիկերը պոկված է: Հեղափոխությունը դեռ չի ուզում հասնել Հարավարևմտյան թաղամաս, մինչդեռ կանգառի #ՄերժիրՍերժին գրաֆիտին դեռ տեղում է: Ժպտում եմ՝ մտածելով, որ քաղաքում ամենուր մեր հետքերն ենք թողել ու գնում կենտրոն:

[Վահան Կոստանյան] ԱԺ շենքերից մեկի դիմաց Լենան նաև պիտի մեր լոգոն փչեր: Սպասում էինք իր գալուն: Եկավ ու ասաց, որ չի հաջողվել, որովհետև ոստիկանները խոչընդոտել էին ու խնդրեց ինձ մեկ անգամ էլ փորձել: Ես խելոք վերցրի տրաֆարետը, միացրեցի ողջ ցինիզմս ու քայլեցի դեպի Դեմիրճյան փողոց: Մինչ ոստիկանները կհասցնեին մոտենալ, արեցի իմ գործը, նկարեցի շեդևրս ու հետ վերադարձա:

Լենան ու Արարատը շտապեցին միանալ քայլողներին, ես էլ պիտի ԵՊՀ գնայի: Էնտեղ առաջին իրազեկման ակցիան էր նախատեսված ու արդեն զանգեր էի ստացել, որ մերոնց խոչընդոտում են: ԵՊՀ մի քանի պաշտոնյաներ խոչընդոտել էին Շահենին, Հայարփիին, Անիին Հակոբջանյան ու մյուսներին:

[Արմեն Գալջյան] Ծեծկռտուք չսարքելու համար մենք մի փոքր հետ քաշվեցինք և որոշեցինք քաղաքի այլ հատվածներում իրականացնել իրազեկումը, չնայած՝ ես դեմ էի և ցանկանում էի, որ նորից մտնենք ԵՊՀ, բայց մեծասնությունն այլ բան որոշեց:

[Վահան Կոստանյան] Երբ հասա համալսարան, մի մասն արդեն ցրվել էին, մյուսներն ահագին թևաթափ էին, ու պետք էր ինչ որ բան անել: Փորձեցի ոգևորել ընկերներիս ու շարժվեցինք դեպի Սև շենք՝ Մոնթեի, Գեղամի ու մյուսների հետ իրազեկման ակցիան շարունակելու: Ես մի պահ կանգ առա Համահայկական հիմնադրամի դիմաց ու հավերժացրի ՍՍ-ի դիմանկարն ուսանողների մոլորությամբ զբաղվող ու իշխանական որջ դարձած այս կազմակերպության պատին:

[Արմեն Գալջյան] Երիտասարդականից բաժանելով հասանք մինչև սև շենք, որտեղ արդեն վերջացան մեր թռուցկները, իսկ հետո ես միացա քայլարշավին: Մեր ճամբար էր եկել Պարույր Հայրիկյանը, ով իր գրած երգերից մի քանիսը կատարեց մեզ համար և հաջողություն մաղթեց մեզ:

[Միքայել Նահապետյան] Նիկոլի ֆեյսբուքյան ասուլիսն եմ նայում։ Ասում է՝ կներեք, եթե երբևէ ձեզ սխալ ճանապարհով ենք տարել, կներեք, եթե մոլորեցրել ենք։ Բայց մենք անկեղծ հավատացել ենք նրան, ինչ ասել ենք։ Ու Նիկոլը դառնում է էս կարևոր տեքստը ասած առաջին քաղաքական գործիչը վերջին ճշմարտությունների էս թատերաբեմում։

Նիկոլը ներողություն է խնդրում ժողովրդին կեղծ ընտրությունների քարշ տալու համար, ներողություն է խնդրում քաղաքացու վրա դրված բեռի ծանրությունը չզգալու համար։ Նիկոլը քաղաքական համակարգում առաջինն իրեն է հեղափոխում։ Ուրեմն հաղթանակն անկասելի է։

[Թագուհի Ղազարյան] «Ելք» դաշինքի գործընկերները, ինչպես ասում են, մինչև երեկո երեք անգամ ուրանալու են «Քաղաքացիական պայմանագրին»: Նախ ծխաջահերին իրենց արձագանքը, հետո հայտարարությունը, որ հիմա կա «Ելք» դաշինք և «Ելք»-ից առանձին կա «Քաղաքացիական պայմանագիր»: Մի խոսքով, դաշնակից գործընկերները փորձում են դիսասոցացվել շարժումից:

Երեկոյան ՀՀԿ-ն նիստ ունի Մելիք-Ադամյանում: «Մերժիր Սերժին»-ը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը որոշում են շարժվել Մելիք-Ադամյան՝ նիստին ընդառաջ՝ 20:00, հետո պարզվում է, որ նիստի ժամը փոխել են՝ 18:00 կամ 18:30: Կարեն Կարապետյանն արդեն առաջարկել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ վարչապետի թեկնածու:

[Արմեն Գալջյան] Այսօր ՀՀԿ նիստն էր, որտեղ պետք է հայտարարվեր, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Չնայած մենք վստահ էինք, որ Սերժից բացի ոչ մեկ չի հավակնում այդ պաշտոնին, բայց հետաքրքրության համար ուղիղ եթերով հետևում էինք: Չնայած ես տեղեկատվություն ունեի, որ այսօր չեն հայտարարելու թեկնածուի անունը, և թողնելու են շաբաթ օրը, բայց այդ տեղեկատվությամբ չկիսվեցի ընկերներիս հետ, քանի որ վստահ չէի դրա հավաստիության մեջ, թեպետ նույն բանը շուտ իմանալ, ըստ էության, մեզ ոչինչ չէր տալու:

[Թագուհի Ղազարյան] Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկում նստած լսում ենք խոսնակ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը, որը, սակայն, չի շտապում հնչեցնել թեկնածուի անունը՝ նշելով որ դա կանեն շաբաթ օրվա նիստին: Եթե ՀՀԿ-ի ձեռքին ճար լիներ, հավանաբար էդ անունն էդպես էլ չէին տա ու թաքուն կանեին ընտրությունը, ինչպես, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ցուցակում անունը չկար: Իրենք էլ գիտեին, որ միայն անունից մարդիկ կարող են կատաղել:

Գրաֆիտիների հերթը համալսարաններինն է: Սարյանի վրա հանդիպում եմ Հայարփիին: Չի կարող մնալ ինձ հետ, բայց «Դասադուլ» գրությամբ տրաֆարետ, ասում է, կարող է պատրաստել ու առավոտ շուտ գալ: Գնում ենք գրախանութներով՝ տրաֆարետի պարագաներ գնելու: Ներկ չունենք: Զանգում եմ Գարուշին: Ինքն էլ քաղաքում չէ, բայց ինչ-որ ընկերներ ունի, որոնք կարող են ներկ ճարել: Իրենց ներկերի տեղի դուռը փակ է, բանալին՝ իր մոտ: Մի խոսքով՝ խառը պատմություն է:

Հայարփիին ճանապարհելուց հետո՝ ուշ երեկոյան հանդիպում եմ Գարուշի ընկերոջը, որ ներկեր է բերել ինձ համար: Ժան Պոլում նստած նորից չատ եմ անում հավանական ու անհավանական բոլոր մարդկանց հետ, որ կարող են հետս գալ գրաֆիտի անելու: Երբ էլ ոչ մեկին չկարողացա համոզել, որ հետս գան գրաֆիտի անելու, մտածեցի` սպասեմ մինչև երեքի կողմերը, մենակ կգնամ: Գնացի Իլիկ, Զառան էնտեղ էր: Իմացավ ծրագրերիս մասին ու որոշեց, որ չի կարող ինձ մենակ թողնել: Համալսարանի բակերում գրաֆիտիները Զառայի հետ ենք արել: Հետո ներկերը պահեցի բժշկականի մոտ՝ թփերի մեջ, որ Հայարփին առավոտը գա, վերցնի ու ինքն էլ էդ ներկերով շարունակի գրաֆիտիները, որովհետև ինքը ներկ չուներ: Մի կերպ նկարագրում ու մթության մեջ նկարում եմ տարածքը, ֆոտոները ուղարկում Հայարփիին ու գնում տուն կամ Աստված գիտի, թե ուր: Մի քանի ժամից լուսանալու է: Լուսադեմին՝ 6-ի կողմերը քաղաքում հանդիպում եմ Գարուշին ու սկսում ենք քաղաքում բաց սրճարան փնտրել՝ օրը կամաց-կամաց մտնում է հունի մեջ:

[Արմեն Գալջյան] Գիշերը տեղի ունեցավ մեր հերթական պլեճ փարթին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել