ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 1)
19:45 - 16 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 1)

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 16] Վիճակը նետված է

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

ՄԱՍ 2>

 

[Գոհարիկ Տիգրանյան] Երբ հասարակության մի ստվար զանգվածի կողմից քամահրանքի արժանացած ու տարիներ շարունակ ռոմանտիզմի բարդույթով ու պիտակով ապրած երիտասարդները՝ մեծ հաշվով զոհասեղանի բոլոր անկյունները մաքրած ու պողպատյա պատյանները հանած, պատասխանատվության բեռի տակ ատամներն իրար սեղմած սկսում են գործել, պարտվելը դառնում է կեղծ կատեգորիա։

Ապրիլի 16-ին յուրաքանչյուր անհատ՝ երիտասարդ, թե ոչ, քայլերի պատասխանատվության իր բաժինը վերցրեց ուսերին ու ոստիկանների ծանր համազգեստի հետքերի հետ տանում էր այն։

[Միքայել Նահապետյան] Զարթուցիչին ասում եմ «Զահրումա՜ր», հետո ֆիքսում, որ 8-ին Կենտրոն պիտի հասնեմ, որ էս գործում ամենակարևորը առաջին կայծն է, «պորշինի» առաջին սեղմումը, շարժիչի առաջին պտույտը ու քնել դեռ կհասցնենք։

[Սոնա Մնացականյան] Առավոտյան շուտ ճամփա եմ ընկնում քաղաք։ Մեքենայի մեջ անընդհատ ուզում եմ նորություններ կարդամ, տեսնեմ՝ ինչ ա կատարվում, բայց ինտերենետ չկա։ Քրոջս մոտ էլ ա նույն վիճակը։ Շիրակից տաքսի եմ նստում։ Տաքսիստը առույգագույն տրամադրության մեջ ա, ասում ա՝ գնանք, բայց որտեղ փակ եղավ, մենք էլ ենք կանգնում, քո՛ւր ջան։ Համաձայնում եմ ու հասկանում, որ իրոք սկսել ա․․․

[Վահան Կոստանյան] Դեռևս չէր լուսացել ու կիսախավարի մեջ պետք էր դուրս գալ տանից՝ 7.30 Իսահակյանի արձանի մոտ լինելու համար։ Բակում կանգնած էին երկու մեքենաները, որոնք ինձ հետևում էին ու դեռ պիտի հետևեին հետագա օրերի ընթացքում։

[Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան Վահանը զանգեց, բավականին վաղ էր, տաքսիով հասանք Երիտասարդական Սասի մոտ, փողոցն անցնելուց հետո պլանն այսպիսին էր․ մոտ 25-35 հոգով սկսում էինք փակել Աբովյան փողոցը ու բարձրանալ վերև՝ փորձելով կաթվածահար անել երթևեկությունը։

[Անի Վարդանյան] Առավոտյան 7-ն էր՝ տնից դուրս եկա։ Քայլեցի մետրո։ Արդեն դեպի Բաղրամյան ուղղությունը փակված էր։

[Գարեգին Միսկարյան] Առավոտ 7-ին արթնացա։ Հապշտապ հագնվեցի, հայդե, ո՞ւր ես, Ավտոկայան։ Քանի որ ճանապարհները բաց էին, ես իմ նախատեսած 7:30-ից մի տաս-տասնհինգ րոպե շուտ հասա։ Սպասեցի մինչև 7:30, Գևորգը չկա։

Զանգեցի.
-Միսկարյան ջան բարլուս, մենք մի քիչ ուշանում ենք, դու կարա՞ս առաջանաս դեպի Հաղթանակի կամուրջ, ըտեղ արագաչափ կա, տակը կանգնես։
-Հա, ինչի՞ չեմ կարա, հենց հիմա։
-Դե մենք մի տասը րոպեից կհասնենք։
-Լավ։

Ավտոկայանից շարժվեցի դեպի կամուրջ, հասա արագաչափին, կանգնեցի։ Նայում եմ, ապրիլյան մեղմ առավոտ էր, Հաղթանակի կամուրջի Գինու գործարանի կողմի հատվածում կանգնած են երկու էվակուատոր, երկու ՊՊԾ ավտոմեքենա, և երկու պետավտոտեսուչության մեքենա ու բազմաթիվ համազգեստով մարդիկ։ Նայեցի ձախ, հոպ... Ալեն Սիմոնյանն՝ իր սպիտակ մեքենայով կանգնած է մյուս մայթին, նույնպես արագաչափի մոտ, ու նրան են մոտեցել պետավտոտեսչության երկու աշխատակից, «զրուցում են»։

«Աաաաա, - անցավ մտքովս,- փաստորեն... ըստ երևույթին տղաները տեսել են, որ ոստիկանները կամուրջը հսկում են, որոշել են, որ փակեն այստեղից։ Խելացի»,- մտածեցի ես, իջա մեքենայից, փակեցի դռները, բաց թողեցի հետևի երկու անիվների օդն ու շարժվեցի դեպի ավտոկայան՝ մտածելով, որ քանի որ Գևորը ասել է արագաչափի տակ կանգնի, ուրեմն ինքն էլ կգա մյուս շարքը կփակի։

[Վահան Կոստանյան] Մինչև Գոհարիկի հետ կհասնեինք Աբովյան փողոց, արդեն սկսել էի նամակներ ստանալ, որ բերման են ենթարկվում տարբեր ընկերներ իրենց բակերից, ովքեր պիտի մեքենաներով փակեին փողոցը։ Սա համատարած բնույթ էր կրում։ Բոլորն, ով էդ օրերին քայլել, կանգնել, անգամ շնչել էր մեր կողքին ու մեքենա ուներ, ուժայինների հատուկ վերաբերմունքին էին արժանանում։

[Արմեն Գալջյան] Այսօր, ըստ իս, ամենակարևոր օրն է։ Առավոտյան արդեն լուրեր էինք ստանում, որ մեր ավտոմեքենաները ոստիկանությունը էվակուատորներով շատ արագ տանում է: Մի պահ անորոշություն էր․ չգիտեինք պլանը կաշխատեր, թե ոչ:

[Սոնա Մնացականյան] Քաղաքում ինտերնետս վերակենդանանում ա, վրա-վրա նամակներ են գալիս․ էս իրականությունից անտեղյակ մարդը կարդար էդ նամակները, կմտածեր՝ խելապակասների հավաքածու ա․ Քրիստը, Աննան ու Զորիկը, քաղաքի տարբեր փողոցներում «փորձանքի մեջ են», մեքենաները հանկարծակի «ատկազ են արել»՝ անհարմար դիրքերում մնալով կանգնած, իրենք էլ «ստիպված հեռացել» են, ու սրա առիթով մե խինդ, մե ուրախություն, սրտիկներ ու լայքեր։

Հետո Քրիստը կպատմի, որ էդ օրը բեկումնային էր ոչ միայն հեղափոխության, այլև իր ու տղայի՝ Մորիի հարաբերությունների համար․ մոր ու որդու հանցավոր համաձայնությունը՝ փակելու Փակ շուկայի դիմացի թունելը, հանգեցրել է իսկական ընկերության՝ «դրանից բխող վստահության անսահմանությամբ» (ցիտում եմ Քրիստին):

[Գարեգին Միսկարյան] Ավտոկայան չհասած Գևորը զանգեց.
-Միսկարյան ու՞ր ես։
-Ավտոկայան եմ հասնում։
-Բայց էն ժամանակ խոսեցինք, դու ասիր արդեն հասել ես։
-Հա, էն ժամանակ մեքենայով էի հասել, հիմա ոտքով եմ հասնում։
-Ինչի՞ ես ոտքով, քո ավտոն էլ տարա՞ն տուգանային։
-Չէ, իմ ավտոն, ոնց ասել էիր, արագաչափի տակ կանգնեցրել եմ։
-Դե նստի շուտ արի Հաղթանակի կամուրջը փակենք, մենք ուր որ է կհասնենք։
-Ի՞նչ, ի՞նչ ասիր
-Ասում եմ՝ շուտ արի փակենք Հաղթանակի կամուրջը, մենք արդեն հասնում ենք։
-Գևոր ի՞նչ կամուրջ, դու ասիր գնա արագաչափի տակ կանգնի։
-Հա, որ հետո գաս կամուրջը փակենք։
-Գևոր, դու կամուրջի մասին բան չես ասել։
-Հա, Միսկարյան, չեմ ասել, հիմա եմ ասում, արի, հասնում ենք։
-Գևոր, ես ավտոն կանգնեցրել եմ ու հետևի երկու ակը նստացրել, ղեկն էլ լրիվ ծալել եմ աջ ու դեկրետ գցել, որ չկարողանան էվակուատորով հեշտ տանեն, հասկանու՞մ ես։
-Ակերը ինչի՞ ես նստացրել։
-Դու գիտե՞ս, որ քո ասած տեղում կազմ-պատրաստ սպասում են, որ մեքենա լինի տանեն։
-Ոչինչ, դռները կփակենք ու կփախչենք։ Կարևորը, որ մեզ չբռնեն, մեքենան ոչինչ։
-Լավ Գևոր, սպասի տեսնեմ ինչ եմ անում։

Հետ գնացի մեքենայի մոտ։ Նայում եմ աջից, ձախից, վրայից, տակից։ Ես հիմա ի՞նչ անեմ։ Ակը փոխելը նախ ուշ կլինի, և երկրորդն էլ մի պահեստային ակ ունեմ, մեկը փոխեմ, բա մյու՞սը։ Փչելու հարմարություն չկա։ Բա, ո՞նց անեմ։ Նայեցի՝ ոնց որ մի քիչ օդ մնացել է անիվների մեջ։ Որ դանդաղ քշեմ` կարող է և հասնեմ Գինու գործարանի մոտ։ Նստեցի ղեկին ու շարժվեցի դեպի կամուրջ։ Շարժվեցի, բայց վայ էն շարժվելուն։ Հենց մի փոքր արագացնում եմ ընթացքը, անվահեծը դխկոցով կպչում է ասֆալտին։ Ստիպված գնում եմ 10-15 կմ/ժ։

Մինչև ես կհասնեի կամուրջին, Գևորը մի հատ էլ զանգեց.
-Միսկարյան ու՞ր հասար։
-Գալիս եմ, կամուրջի հակառակ ծայրին եմ։
-Դե մենք կանգնեցինք։
Հեռախոսն անջատեց։ Ես թեքվեցի Իսկաովի պողոտայից դեպի կամուրջ ու... Երկու մեքենա կողք կողքի կանգնած են, ու երկու հոգի (Գևորը ու չեմ հիշում ով էր մյուսը) լույսի արագությամբ վազում եմ դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հետևնորից էլ երկու զույգ ոստիկան։

Մինչև կհասնեի կամուրջի մյուս ծայրը, էվակուատորներից մեկի օգնությամբ ոստիկանները մի մեքենան հանեցին ճանապարհի երթևեկելի մասից դուրս, մյուսին կապեցին էվակուատորի պոչից ու հայդե տուգանային հրապարակ։

Հասա ոստիկաններին, բոլորն ուշադիր ինձ են նայում՝ խորը կասկածով (կարող է ինձ թվաց):

«Է՜, չէ, տղերք, ես մինչև Գրիգոր Լուսավորիչ վազողը չեմ, մեկ, ես մինչև սրա դուռը փակեմ, ինձ արդեն բերման ենթարկած կլինեն, երկու, մեքենան անիմաստ տանելու են տուգանային, երեք։ Ես էլ մի ամբողջ օր անց եմ կացնելու քաղմասում, չորս։ Ոչ մի իմաստ չկա մեքենան կամուրջին թողնելու»։

Հասել եմ արդեն տեղին, որտեղ պիտի թե կանգնեմ։ Կանգնեցի, բայց չիջա մեքենայից։

Տեսուչներին մեկը մոտեցավ․
-Բարև ձեզ, մեքենան հանեք երթևեկելի մասից։
-Բարև ձեզ, էլի հանեմ, բայց պահեստային ակը փոխելու համար կարո՞ղ ա մի հատ «բալոննի կլուչ տաք»։
-Մեքենան դուրս բերեք ու ՊՊԾ-ին հարցրեք, նրանք ամեն ինչ ունեն։

Առաջ շարժվեցի ու կողքի բենզալցակայանի տարածքում, որտեղ դիրքավորվել էին ոստիկանները, հարմար մի տեղ կայանեցի։

Գևորը զանգեց.
-Հը, Միսկարյան։
-Ինչը հը, ակն եմ ուզում փոխեմ ու գամ, գնացեք Ֆրանսիայի հրապարակ;
-Տեսա՞ր, մի րոպե էլ մեքենան չմնաց ճանապարհին, անմիջապես տարան։
-Հա, ո՞նց չտեսա, աչքիս առաջ էր։
-Լավ դե կհանդիպենք։
-Լավ։

Մոտեցա ոստիկաններից ամենաերիտասարդին.
-Բարև ձեզ, ինձ մի հատ «բալոննի կլուչ» ու մի հատ էլ «նասոս» ա պետք։ Կարող ա ունենաք։
-Հա, ոնց չէ, հոպար ջան, հիմա բերեմ։

Շատ չերկարացնեմ, անչափ շնորհքով տղա էր, մի ակը փոխեց (ասել էի իբր էդ մեկը չի լինի փչել, անցքը մեծ ա), մյուսը փչեց ու բարի ճանապարհ մաղթեց։

[Վահան Կոստանյան] Հասանք Աբովյանի արձանի մոտ։ Ահագին մարդ կար հավաքված ու բոլորի մոտ սպասողական վիճակ էր։ Կարծիքներ կային, որ պետք ա ԵՊՀ գնալ, բայց համոզված էի, որ դրանով մեր գործողությունների էֆեկտիվությունը կկորի ու մի քանի հոգով մտանք փողոց։

[Անի Վարդանյան] Երբ հասա երիտասարդական, երևի տասնհինգ հոգի մարդ կար։ Բայց գնալով ուսանողների թիվը շատանում էր։ Արդեն ժամը 9-ին մոտ 100 ուսանողներով սկսեցինք փակել Աբովյան փողոցը։

[Վահան Կոստանյան] Սկզբում փակեցինք Աբովյանի իջնող կողմը՝ իրար թև մտած։ Ու նստեցինք։ Պաուզաներով հասանք մինչև բժշկականի անցում։ Ուժերն ավելանում էին։ Բայց դեռ չէր հերիքում մարդկանց քանակը։ Դիմում էինք նստարանների ու աղբարկղերի օգնությանը։ Ռուպըռը ձեռքիս վազվզում էի չորս ուղղություններով՝ հարթելու ծագած խնդիրներն ու հանդարտացնելու։

[Աշոտ Խաչատրյան] Առավոտյան միացա ուսանողների խմբին ու գրեթե ամբողջ օրը Շրջանայինում էի։ Սկզբում փողոց փակելը շատ բարդ էր տրվում՝ ագրեսիվ էին՝ թե՛ վարորդները, թե՛ դեռ անփորձ երիտասարդները, որոնց աչքերից ոգևորությունից կայծեր էին թռնում։

[Գոհարիկ Տիգրանյան] Ոստիկաններ չկային շրջակայքում, գործներս սկզբում հեշտ էր, ավտոբուսները հենց այդ կանգառում կանգնում էին, մարդկանց մի մասը իջնում ու ոտքով գնում էր աշխատանքի, իսկ մի 20-25 հոգի հասկանում էր, որ իրենց ժամանակը եկել է, ու միանում էր մեզ։

[Անի Վարդանյան] Պարբերաբար առաջ էինք գնում ու նստում ասֆալտին, հետոո էլի կանգնում էինք, առաջ գնում ու նստում փողոցին։ Ու էդպես հասանք Կորյուն-Աբովյան խաչմերուկին։ Էդտեղ արդեն լուրջ դիմադրություն սկսվեց։ Փողոցը չորս կողմից փակված էր։ Բոլոր կողմերում մեքենաների մեծ կուտակումներ կային։ Հանդուրժող վարորդների կողքին կային նաև անհանդուրժողներ, ովքեր մեքենաները քշում էին ուսանողների վրա։

[Գոհարիկ Տիգրանյան] Քիչ էինք, այնքան քիչ, որ սանիտեկի հսկաներն ու փայտե նստարանները ինքնակամ կողքից միացան մեզ ու օգնում էին փողոց փակել։ Նատալին՝ տարկետման ակցիաներից առաջին շարքում պայքարող ընկերներիցս մեկը, անընդհատ հուշում էր, որ գլխարկս դնեմ, քանի որ հենց խցիկների հետ դեմ առ դեմ էի, սկզբում լսում էի, հետո մի պահ, երբ ծնկել էինք, որ նստեինք, հեռախոսս հանեցի ու կուրսեցիներիս սքրինշոթերը տեսնելուց հետո գլխարկս, ուղղակի հանեցի։ Ես այդ պահից սկսած անգամ քաշվելու ոչինչ չունեի, այո՜, ես առաջին շարքում էի, ու շարունակելու էի լինել թեժ կետերում, քանի որ ես պայքարում էի ազատության ու արդարության համար։

[Աշոտ Խաչատրյան] Ստիպված էի լինում անընդհատ որոշ մասին հետ պահել բախումից։ Հետագայում կիրառված բոլոր մեթոդները հենց առաջին րոպեից հաջողությամբ կիրառվեցին՝ Սանիտեկի աղբամաններով և նստարաններով փողոցները փակելը, գետնին նստելը և այլն։

[Գոհարիկ Տիգրանյան] Հասանք բժշկականի մոտ, գրողը տանի, իրականում, հերիք չէինք անգամ երկու փողոց փակելու համար, բայց խաչմերուկի վերևի փողոցը փակելուց հետո, հերիքեցինք նաև Կորյունը փակելու համար։ Մի շարքով իրարից հեռու կանգնած փակել էինք երկու փողոց ու շատանում էինք, շատանալուն զուգահեռ փակեցինք չորս փողոցն էլ, պարբերաբար մի կողմը թուլանում էր ու մի մասը գնում էր այդ կողմը ամրացնելու։

[Աշոտ խաչատրյան] Աբովյան պուրակ տանող խաչմերուկը 4 կողմից փակ էր ու ներսում արտակարգ մթնոլորտ էր ստեղծվել, ուսանողները միանգամից ինքնակազմակերպվեցին ու մեջտեղում շուտով պարում, նվագում ու նկարում էին։ Կամ էլ ես եմ ոգևորվածությունից տենց պատկերացրել։

[Գոհարիկ Տիգրանյան] Ավանից, Մասիվից ու Մանումենտից եկող մի ամբողջ հոսք էինք փակել։ Վարորդների մի մասը քաղաքակիրթ ձևով, մյուս մասը մունաթով պտտվում էին ու հետ գնում, իսկ ավելի հնարամիտները, հղի կին ունենալու լոզունգով, արանքից դուրս էին պրծնում, մինչև այն պահը, երբ մենք հասկացանք, որ ծանր մեծամասնության մեքենաներում ոչ մի հղի կին էլ չկար։

Սա մի պահ էր, որ էլ ծանոթ-անծանոթ չկար, բոլորս իրար բարեկամ էինք, կարմրահեր, կիսասափրած գլխով աղջիկն էլ ոչ մեկի զվարճության առարկան չէր, այլ մեկի թիկունքը, մյուսի առաջնագծի պատը պահողը։

[Արմեն Գալջյան] Քանի որ ես մեքենա չունեի, մնացել էի Ֆրանսիայի հրապարակում։ Այստղ էր նաև Նիկոլը և մեր թիմի մի քանի այլ անդամներ: Մեկ էլ հանկարծ Նիկոլին տեսադաշտիցս կորցրի, հետո նկատեցի, որ Մոսոկվյան-Բաղրամյան հատվածում մարդկանց կուտակում կա և մի ավտոբուս է անշարժ կանգնած։

[Թագուհի Ղազարյան] 8:15 է: Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում եմ: Մի քանի հոգի ենք: Մոտենում եմ դեպի Սարյան տանող փողոցին, որտեղ մարդիկ են հավաքված: Նիկոլ Փաշինյանը նստած է ավտոբուսի դիմաց և ուղիղ եթեր է մտել: Ուղևորները ագրեսիվ կերպով փորձում են խոչընդոտել:

[Արմեն Գալջյան] Գնացի՝ տեսնեմ Նիկոլն ուղիղ եթերը ձեռքին գրեթե միայնակ նստել է ավտոբուսի դիմաց, իսկ ուղևորները դուրս են եկել և շատ անհարգալից ձևով պահանջում են նրանից բացել ճանապարհը։ Ես, տեսնելով դա, մի պահ մտածեցի․ «լավ, մենք 13 օր քայլելով եկել ենք Երևան, ևս 3 օր քաղաքի կենտրոնը մեր հսկողության տակ ենք վերցրել, և այսքանից հետո դեռ մարդիկ բացասաբար են վերաբերվում մեր գործողություններին»։ Մտքիս մեջ ասացի՝ «էս անգամ էլ ոչինչ չի ստացվի, սա երևի մեր քաղաքական ճանապարհի վերջն է», բայց հետո ուղեղս անջատած գնացի և նստեցի Նիկոլի կողքին։

[Թագուհի Ղազարյան] Դեպի Բաղրամյան բարձրացող ճանապարհի կողմում Սանասարյան Դավիթն է: Ես ու Արմենը քայլում ենք խաչմերուկից դեպի Կասկադի ճանապարհը, արդեն մի քաղաքացի փակել է մեքենայի ճանապարհը և առաջարկում է հետ պտտվել: Վարորդն ագրեսիվ է, դուրս է գալիս, սկսում գոռգոռալ, զայրանալ, հրել: Հետո մոտենում է մեքենայի բեռնախցիկին և այնտեղից ինչ-որ մահակ վերցնում: Մթնոլորտը թեժանում է: Ասում եմ՝ թողեք, թող անցնի, փակուղի ընկնի:
Մի կին է մոտեցել ու գրեթե լացելով խնդրում է վարորդին չլարել իրավիճակը, հետ գնալ, ասում է՝ կուզե՞ս ծնկեմ քո առաջ: Ողջ քաղաքում է երևի այս ժամին այս նույն տեսարանը:

[Վահան Կոստանյան] Տարկետման ժողովուրդը ստանձնել էին կոորդինացման աշխատանքները։ Մի ինչ-որ կոճակ էր սեղմվել ու ուսանողները սկսել էին լցվել խաչմերուկ, ու արդեն մարդկանց քանակը հերիք էր, որպեսզի մի-մի խաչմերուկ սկսենք ընդլայնվել։

[Թագուհի Ղազարյան] Մոտ 1-1,5 ժամվա մեջ հերթով հայտնվում են երեկ երեկոյան հյուսիսայինի գետնանցումում հավաքված քաղաքացիներն ու պատմում, որ իրենց մեքենան քաղաքի ամենաանհարմար վայրում թարսի պես խափանվել է:

[Արմեն Գալջյան] Քիչ անց մեզ միացան մեր ընկերները՝ Արփին, Գարիկը, Մխիթարը, Ալեքսանդրը, Գևորգը, Ալենը, Լենան, Կարենը, հիմա բոլորին չեմ հիշի, կներեք: Մոսկովյանի պոստը հանձնեցինք Լենային, բարձրացանք Բաղրամյան, պառկեցինք ևս մեկ ավտոբուսի տակ։

Ոստիկաններ հավաքվեցին, երևի մտածում էին, որ գնում ենք դեպի ԱԺ, և իրենք մեր փոխարեն փակեցին Բաղրամյանը, սակայն չէին հասկանում, որ մենք դրանով միայն օգնում են։ Այդ պոստի պատասխանատու նշանակեցինք Սարուխանյան Կարենին, իսկ մենք շարժվեցինք դեպի Մաշտոցի պողոտա:

[Թագուհի Ղազարյան] Ամենաէքստրեմալ իրավիճակներում շարունակում եմ ֆեյսբուքյան էջը վարել: Գրեթե վայրկենապես տեղեկանում եմ քաղաքացիներից, թե որտեղ որ փողոցն է բաց, ծանրաբեռնված, փակ, գրառում եմ անում, թե որտեղ են պետք մարդկային ռեսուրսներ:

[Սոնա Մնացականյան] Բարեկամություն մետրոյի մոտ չհասած՝ Կիևյանով իջնող մի խումբ աշակերտների ենք տեսնում՝ մերժիր սերժին գրությամբ պաստառներով։ Վարորդը իր համաձայնությունն ա հայտնում փոքրիկ ցուցարարներին՝ «վա՜խ, ես ձեր ցավը տանեմ» կարգի բացականչություններով։

[Աշոտ խաչատրյան] Մի քանի ժամ հետո այնքան մարդ հավաքվեց, որ փակվեցին Շրջանայինին հարող բոլոր փողոցները։ Հիշում եմ՝ մեկ էլ մի քանի հոգի կհավաքվեին, մի 2 բառ կխոսեին ու թե «մենք գնացինք Պրոսպեկտը փակելու, ստեղ արդեն ձանձրալի ա»։
Շրջանայինի «գործողությունը» հետագա ընթացքի համար շատ կարևոր էր։ Լավագույն ապացույցն էր, որ մեթոդն աշխատում է։

[Արմեն Գալջյան] Մաշտոցն արդեն երեք օր փակ էր մինչև Թումանյանի խաչմերուկը։ Մի պահ հետ նայեցինք՝ տեսնենք ամբողջ փողոցը ցաքուցրիվ, բայց լիքն է մարդկանցով, իսկ դիմացից հարյուրավոր երիտասարդներ են գալիս ոտքով, ինչու՞ ոտքով, որովհետև օպերացիան հաջողվել էր, դեպի կենտրոն եկող քաղաքի մյուս հատվածները փակ էին, բոլորը միանում էին մեր շարժմանը, 90 տոկոսը երիտասարդություն էր։

[Վահան Կոստանյան] Արդեն սկսեցին նամակներ գալ, որ էս փողոցը փակվեց, մյուս փողոցը փակվեց։ Բայց հարվածային ուժը ուսանողներն էին։ Կենտրոն մտնող ամենակարևոր հաբերը հենց մեր ձեռքում էին։ Սա ազդակ էր բոլորի համար դուրս գալու փողոց։ Խաչմերուկի մեջտեղում արդեն Արենը ֆիքսել էր «ազատ, անկախ ուսանող» գրությունը ու էդ միջնաբերդը պիտի պահվեր նաև հաջորդ օրերին։

[Աշոտ խաչատրյան] Նախապես պլանավորել էինք նաև մետրոն փակել։ Տեղում մետրոյի աշխատակիցը, որը նաև ուսանողներից մեկի ընկերն էր ու միացել էր ցույցին, ասաց, որ կգնա իրավիճակը կճշտի ու մեզ կզանգի։ Նաև որոշ տեխնիկական ինֆորմացիա տվեց, որը շատերի միջից վախը հանեց, օրինակ՝ գնացքը չի կարող շարժվել, եթե դռներից գոնե մեկը փակ չի, իսկ մեկ կայարանի աշխատանքը խաթարելով՝ խաթարվում էր ամբողջ մետրոպոլիտենի աշխատանքը։

[Վահան Կոստանյան] Նոր դեմքեր էին հայտվում, ովքեր իրենց վրա կազմակերպչական պարտականություն էին վերցնում ։ Սա ինձ վստահություն էր ներշնչում, որ կախվածությունն անձերից այլևս վերացել է, ու ապակենտրոն պայքարն առաջնորդներ չի ճանաչում։ Իմ առաքելության ամենակարևոր մասը ես սրանով կատարված էի զգում, որ այս պայքարում չլինեն առաջնորդներ։

[Աշոտ խաչատրյան] Զանգից հետո Տուռնիկետների վրայով թռչելով՝ մոտ 20 հոգով իջանք գնացքի մոտ ու կանգնեցինք կամ պառկեցինք դռների արանքում։

[Թագուհի Ղազարյան] Մարիան է զանգել՝ դե, ասում է, ես հիմա տաքսի կկանչեմ, կիջնեմ Կենտրոն: Մարիա, հարցնում եմ, վստա՞հ ես, որ լավ միտք է մեքենայով տեղաշարժվելը: Գուցե մետրոյո՞վ գաս: Հետո Մարիան պիտի իջներ մետրո, միանար ցուցարարներին ու արգելափակեր մետրոն:

[Արմեն Գալջյան] Իջանք մինչև Պուշկինի խաչմերուկ, մարդիկ արդեն ինքնակազմակերպվում էին, նստարաններով փակեցին փողոցը, իսկ մենք գնացինք դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ամեն ինչ մեր վերահսկողության տակ էր: Մխիթարը տասը րոպեն մեկ գալիս և ինչ-որ լավ նորություն էր ասում հերթական փակ փողոցի մասին:

Նստեցինք, մի փոքր հանգստացանք և լուր եկավ, որ բժշկականի մոտ ուսանողներին ինչ-որ օլիգարխների թիկնապահներ ծեծի են ենթարկում։ Մոտ 5000 հոգով երթով բարձրացանք դեպի Կորյունի փողոց, որը լիքն էր ուսանողներով, նրանք էլ միացան մեզ և հերթով, բոլոր համալսարանները ազատագրելով գնում էինք:

[Անի Վարդանյան] Երևի մեկ ժամից ավելի էդ խաչմերուկում հանգստություն չտիրեց։ Անընդհատ վարորդները կռիվ էին տալիս անցնելու համար, բայց ապարդյուն։ Մոտ երկու ժամ էդտեղ մնալուց հետո մի մեծ խմբով առաջացանք դեպի Կորյուն-Նալբանդյան խաչմերուկ։ Գնացինք ու մեր համար հանգիստ նստեցինք։ Էդտեղ էր, որ «յաշիկ» մեքենայի վարորդները քշեցին երեխեքի վրա, ու դա էլ հերիք չէր, դուրս եկան ու հարձակվեցին տղաների վրա։ Մոտակայքում կանգնած ոստիկականական խումբը ոչ մի քայլ չձեռնարկեց։ Կանգնած հանգիստ նայում էին։ Իրոք ահավոր տեսարան էր։

Մոտ մեկ ժամ Կորյուն-Նալբանդյան խաչմերուկին նստած էինք, երբ մեծ թվով բերետավորներ եկան ու մեզ գրկած դուրս հանեցին փողոցից ու դրեցին մայթին։ Նույն ժամանակահատվածում Աբովյան-Կորյուն խաչմերուկից մարդկանց մի մեծ խումբ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ եկան դեպի մեզ, ու մենք միացանք իրենց։ Բերետավորները փորձում էին ամբոխի միջից մարդկանց տանել։ Կարպիսի պայուսակից քաշում էին, ես էլ ձեռքից էի քաշում, ու էդպես ես իրանց հաղթեցի, բայց Կարպիսի պայուսակը պատռվեց։

[Գոհարիկ Տիգրանյան] Պարբերաբար էս կողմից մյուսն էի վազում, Դավիթից, Գարիկից ու Վահանից իրավիճակը ճշտում։ Արփիի հետ մեջտեղում կանգնած էինք, երբ լուր եկավ, որ երեխեքի վրա մեքենա են քշել Հերացու վրա, պետք էր դիրքերն ամրացնել, մինչև կարմիր բերետավորները կհասնեին։

Արփիի հետ վազեցինք այդ կողմ ու մի շարք երեխեքի հետ նստեցինք անցումի վրա, բերետները, իրենց արդեն սովորական դարձած քայլվածքով ու ոչինչ չասող դեմքով, գալիս էին։ Արփին մտավ թևս, ես մյուսինը, բայց հենց բերետները մոտեցան, երեխաները այս ու այն կողմ գնացին (վախեցել էին, բնական բան է, առաջին անգամ բերետ տեսնելիս ո՞ր մեկս չի վախեցել)։

Բառի հենց իսկական իմաստով ես ու Արփին մնացինք երկուսով, երբ 12 կարմիր բերետավոր կախվեցին մեր ձեռքերից ու քարշ էին տալիս մայթ։ Այդ պահին հեռվում մի մեծ խումբ մեզ էր մոտենում, մեր թևերը այլևս փրկված էին, ու օգտագործման ենթակա։

[Միքայել Նահապետյան] Զանգում եմ Միսկարյանին, ուրախությունից գոռում «Նիգո՜լ, ըզգըսել ա»։ Բայց դեռ էն չի` Պաբեդան փակել չի հաջողվում։ Ու դատելով հատուկ ջոկատայինների առատությունից` չեմ սխալվել էդ կետի կարևորության հարցում։ Պրոսպեկտ-Սարյան խաչմերուկում Թթաստանցի տղերք են, Գազելվագենի վարորդին համոզում են, որ սա «Ազգի հմար ա», նրանցից երկու մետր էն կողմ Ասուլը Կենտրոնականի քրեականի տղերքին համոզում է, որ սա «Մարդու իրավունքներ ու համընդհանուր ազատություններ են»։ Չգիտեմ իրենցից ով է ավելի ճիշտ հատկորոշում պայքարի բնույթը, բայց դա էդ պահին կարևոր էլ չի։

Ոստիկանությունը հարմարվեց Պրոսպեկտը հանձնելու մտքի հետ։ Ես, միսիան ավարտված համարելով, բարձրացա դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Հասա էն պահին, երբ լուր հասավ, որ Հերացու վրա ուանողները խնդիրներ ունեն։ Գնում ենք օգնության, ճանապարհին բացելով ուսումնական հաստատությունների փակված դռները։ Ու, վիպական լեզվով ասած, ուսանողները, որ մեզ հետ էին հոգով, մեզ են միանում նաև ֆիզիկապես։

[Աշոտ խաչատրյան] Մոտ 1 ժամ մեծ թվով ոստիկաններ այդպես էլ չկարողացան մեզ ուժով հեռացնել դռների արանքից։ Բայց բարդը իրենց դիմակայելը չէր, բարդը գնացքում նստած քաղաքացիների հետ վիճելն էր։

Պրոցեսի ավարտի ինչ նկարագրություն ասես լսեցինք, երևի միայն այլմոլորակայինների հարձակման տարբերակը չէր հնչել, բայց շատ վստահ չեմ, որ չի հնչել։ Հեռացանք մեր կամքով, երբ իմացանք, որ Հերացու վրա ուսանողների են ծեծել։ Հիշում եմ՝ էդ պահին մեր տրամադրվածությունն ու վազքի արագությունը։ Դարակազմիկ մարտ էր լինելու։ Ափսոս՝ մինչև հասանք, ավարտվել էր։

[Գոհարիկ Տիգրանյան] Միացանք նրանց ու ոստիկանական պատեր ճեղքելով անցանք 6-րդ վարչության, ԱԱԾ-ի կողքով։

[Արմեն Գալջյան] Երբ հասանք ոստիկանության շենքի մոտ, կարմիր բերետավորները փակեցին մեր ճանապարհը, բայց շատ հանգիստ ճեղքեցինք այդ պատնեշը, իսկ ԱԱԾ-ի շենքի մոտ արդեն մեզ դիմովորում էին ագրեսիվ հատուկ ջոկատայինները։ Մի փոքր դժվարությամբ, բայց նրանց կազմած պատը նույնպես ճեղքեցինք։ Այդ բախման արդյունքում օպտիկական ակնոցս կորավ և մինչև հեղափոխության ավարտ մնացի այդպես, ինչը շատ մեծ անհարմարություն էր պատճառում ինձ:

[Միքայել Նահապետյան] Ուրեմն ավտոբուսի մեջ եմ, հետո ավտոբուսի դիմաց, հետո ավտոբուսի տակ, հետո ավտոբուսը հանգիստ եմ թողել` բանգլադեշցիք դրանով Խորենացին են փակել։

[Գոհարիկ Տիգրանյան] Խանջյան քայլելուց հետո Արփիի հետ հետ եկանք Բժշկականի մոտ։ Արփենիկիս ձեռքը ցավում էր, ուսապարկն ավելի էր սաստկացնում ցավը․․․․ Մեկ-մեկ խոսում էր, արտահայտվում, սովորաբար՝ լուռ տանում էր։

[Թագուհի Ղազարյան] Արմենը գնացել է շրջանային՝ ուսանողների մոտ: Ես էլ եմ քայլում էդ կողմ, հետո հասկանում եմ, որ անիմաստ է. շուտով հեռախոսս լիցքավորման կարիք կունենա ու քայլում եմ դեպի Սարյան: Ճամփին հանդիպում եմ Միսկարյան Գարեգինին՝ մեքենայով, նստի՛ր, ասում է, տանեմ քեզ: Նստում եմ, բայց կարծես թե ամենախելամիտ բանը չէ մեքենայով տեղաշարժվել փորձելը, պտտվում-պտտվում ենք, հայտնվում Կիևյանում:

[Արմեն Գալջյան] Խանջյանով իջանք, շատ-շատ էինք, կրկեսի խաչմերուկը փակ էր։

[Թագուհի Ղազարյան] Կիևյանում երթևեկությունը մի քիչ ծանր, բայց կանգ առած չէ: «Բռնվի՛ր»,-ասում է Միսկարյանը: «Ի՞նչ է եղել»: Զը՛խկ: «Վա՜յ, ապպա ենք արել, շատ թեթև», -ժպտում է,-«Ա՜յ քեզ թարսություն:)»։

Տեսուչն է մոտենում ու կասկածամիտ՝ «էս ի՞նչ եղավ»: Գարեգինը վրդովված՝ «տո ես շատ իմանամ, ա՛յ ախպեր, էս ի՜նչ են սարքել էս քաղաքը, ո՛չ քշել ա լինում, ո՛չ բան: Ես էլ թարսի պես վռազում եմ»,- հազիվ է զայրույթը զսպում, որ չհայհոյի քաղաքի երթևեկությունը խաթարող այդ խուլիգաններին: Հազիվ եմ ծիծաղս զսպում: Գործողությունները, մեր բախտից, երկար չեն տևում, մի 40 րոպե:

Միսկարյանը նստում է մեքենան ու խորամանկորեն ասում՝ «կուզե՞ս էլի ապպա անենք»: «Վա՜յ, Գար»,-ժպտում եմ, «կենտրոն եմ ուզում գնանք»: «Տե՛ս, էս մեքենան, որ գալիս է»,- ասում է,-«կարող ես դուռդ անզգուշաբար բացել ու խփել հայելուն»: Դուռը բացում եմ, չի ստացվում:

[Անի Վարդանյան] Մինչև Խանջյան փողոց քայլեցինք ու կանգ առանք։ Մարդկանց մի մեծ խումբ կար հավավաքված։ Փողոցի երթևեկությունը ամբողջովին կանգնած էր։ Երևանի երթևեկության նկատմամբ կոնկրետ բռնություն էր տեղի ունենում։

Խանջյան փողոցում երևի մոտ մեկ ու կես ժամ մնաց ժողովուրդը։ Ես ու Կարպիսը էդ ընթացքում գնացինք Հրապարակ օրաթերթ՝ հանգստանալու։ Խմբագրությունում ակտիվ լուսաբանմամբ էին զբաղված։ Լրագրողներից մեկին փոխանցեցի Կորյուն-Նալբանդյան փողոցում տեղի ունեցածի վիդեոն, որ հրապարակի։

Մեր պայուսակները թողեցինք Հրապարկում ու էլի գնացինք Խանջյան փողոց։ Մարդիկ արդեն Մանկավարժական համալսարանի մոտ էին ու կոչեր էին անում, որ ուսանողները միանան իրենց։ Նիկոլ Փաշինյան էլ էր էդտեղ։ Էդպես քայլեցինք մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց ու արդեն Մաշտոցի պողոտայի մոտ դուրս եկանք մարդկանց միջից ու քայլեցինք դեպի Օպերա։

[Արմեն Գալջյան] Բարձրացանք դեպի քաղաքապետարան, ուզում էինք իջնել Մաշտոցի պողոտա, բայց ահազանգ եկավ, որ Հաղթանակի կամուրջը փակել են, բայց ոստիկանությունն ուժ է գործադրում։ Վազքով իջանք, նստեցինք կամուրջի վրա։ Ամբողջ Իսակովի մայրուղին կանգնած էր, մեքենաներով լի: Մոտ կես ժամ փակ պահեցինք։

Վերադառնալու պահին տեսանք, որ ամբողջ Մաշտոցի պողոտան հեղեղված է մարդկանցով: Շարժվեցինք դեպի Լեոյի փողոց, ոստիկաններին ողջունելով և ծափահարելով երթ էինք անում, մեզ միացավ Հայկ Մարությանը, հասանք Ֆրանսիայի հրապարակ, և հանրահավաք սկսվեց:

[Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ։ Ուսանողների մեկ երրորդը չի եկել, և դա ինձ ուրախացնում ա, նշանակում ա՝ կամա թե ակամա միացել են պրոցեսին։ Դասից հետո Արմենի հետ ճաշում ենք։ Ինքը համոզված ա, որ շուտով իշխանությունը հին մեթոդներին կդիմի․ բռնի ուժ կկիրառեն ու կցրեն մարդկանց։ Արմենի հետ զրույցներում միշտ իմ ամենաիռացիոնալ ես-ն ա խոսում ու էս անգամ էլ բացառություն չի․ ասում եմ՝ հեղափոխություն լինելու ա, որովհետև հատուկ ու սիրուն երգ ունի էս շարժումը։ Դե իհարկե, Արմենը սկզբում աչքերը կլորացնում, հոնքերը բարձրացնում ու հետո փռթկացնում ա։

Միասին դուրս ենք գալիս համալսարանից․ ես պիտի միանամ ցուցարարներին, Արմենն էլ պիտի վազի Կովկասի ինստիտուտ։ Ամերիկյանի աստիճաններն իջնում ենք ու տեսնում, որ հնար չկա անցնելու․ փշալարեր ա քաշած, ու ոստիկաններ են կանգնած։ Ներքևից եկողների համար ելք կա, բայց վերևից չեն թողնում իջնել։ Հանկարծ Արմենը տեսնում ա իր ծանոթներից մեկին, որ կարծեմ աշխատում էր նախագահականում, ու իր միջնորդությամբ անցնում ենք։ Հասնում ենք Ակադեմիայի մոտ, թույլ չեն տալիս շարունակել, ասում են՝ հետևի զուգահեռ փողոցով իջեք։ Ես երբեք չէի անցել էդ փողոցով․ հիմա որ հիշում եմ, հասկանում եմ, որ հեղափոխությունը փոխեց նաև Երևանը տեսնելու կերպը, ստիպեց գնալ քաղաքի ետնաբակերը, փնտրել հաճախ չտրորվող ուղիները․․․․

Իսկ Զարոբյան փողոցը լավ բան չէր խոստանում․ փողոցի ողջ երկայնքով ամեն երկու մետրը մեկ ավտոբուս կամ ոստիկանական մեքենա ա կայանած, ու լիքը զրահավորված տղամարդիկ են խումբ-խումբ կանգնած, մեքենաների մեջ նստած կամ դրանց հենված։ Ճաշի ժամն ա, շատերի ձեռքին ալյումինե թասիկներ են՝ մեջը խյուսանման մի բան, երևի կարտոֆիլի պյուրե։ Ջահել տղաներ են՝ եղբորս տարիքի, նայում ու հերթական անգամ ուրախանում եմ, որ տարիներ առաջ Հայկը չկարողացավ ընդունվել Ոստիկանական ակադեմիա։

[Թագուհի Ղազարյան] «Արի գնանք ուրիշ փողոց», առաջարկում եմ: Հե՜շտ է ասել՝ ուրիշ փողոց: Անվերջ շրջապտույտներից հետո հայտնվում ենք Հաղթանակի կամրջի մոտ ու արգելափակվում: Ոտքով պետք է շարունակենք: Իջնում ենք ու տեսնում, որ գլխավոր երթը այստեղ է կանգ առել: Փաշինյանն է: Նստած են: Մեկ ուրիշ երթ էլ քաղաքապետարանի կողմից է գալիս: Մտածում եմ, որ նախատեսվածից ավելի լավ է նույնիսկ: Քայլում եմ բոլորովին փակ Մաշտոցի պողոտայով դեպի Սարյան: Բարձրանում եմ Անիի բնակարանը, Քրիստիանն էնտեղ է: Սուրճ եմ խնդրում: Ամբողջ գիշեր չքնելուց ահավոր հոգնած եմ, հեռախոսս ու ինտերնետիս մոդեմն եմ դնում լիցքավորման ու կտրվում փողոցի իրականությունից:

[Անի Վարդանյան] Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարդիկ Օպերա եկան մոտ ժամուկես հետո։ Մենք էդ ընթացքում հանդիպել էինք մեր ընկերներին, իրենց հետ հաց էինք կերել, բավականին հանգստացել էինք։ Երկար ժամանակ Սարյանի այգում էինք։ Նիկոլ Փաշինյանը ելույթներ էր ունենում։ Հիշում եմ՝ բոլորով իր հետ կրկնում էինք «և ուրեմն» բառակապակցությունը։

[Վահան Կոստանյան] Նիկոլենց բժշկական երթով գալը էլ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց։ Մենք շարունակում էինք պահել մեր ամրոցը, մինչև որ հայտնի մոնիտորինգի չաթում որոշում կայացրինք, որ բոլոր կողմերից խմբերը պիտի շարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Մի թեթև քաոս էր առաջացել, անգամ Դավոյի հետ վիճեցինք, ով կարծում էր՝ պիտի մնանք բժշկականում ու լրիվ առանձին պայքար ծավալենք։

[Միքայել Նահապետյան] Ինչ-որ պահի ֆիքսում ենք, որ մոտ 20.000 մարդ կա փողոցներում։ Նիկոլն ի հակառակ ապակենտրոնության մասին պայմանավորվածության` հետ է դառնում հին պլանին. հայտարարում է, որ բոլորը հավաքվեն` Աժ ենք գնում։

[Վահան Կոստանյան] Քայլեցինք դեպի Ֆրանսիայի հրապարակ ու հրապարակը լցվեց երիտասարդներով։ Մեր մուտքը հստակ տրամադրություն ու բովանդակություն փոխեց։ Մերժեցի հարթակից ելույթ ունենալու առաջարկը (հետո մյուս օրերին էլ մի քանի անգամ նման բան պատահեց), քանի որ բովանդակային շատ ասելիք չկար, իսկ ուղղակի ոգևորող կոչեր անելու իմաստը չէի տեսնում, հիմա գործելու ժամանակն էր։

[Արմեն Գալջյան] Ընթացքում իմացա, որ մտադրություն կա արդեն այսօր գնալ Ազգային ժողով։ Մոտեցա Պապիկյան Սուրենին և հարցրի՝ «էսօ՞ր ենք գնում ԱԺ», պատասխանեց՝ «բա էլ երբ»:

Զարմացա, իմ մոտ չկար այն զգացողությունը, որ արդեն հասունացել է պահը: Շատ էի հոգնել, որոշեցի մի քիչ հանգստանալ: Կասկադի մոտ ֆրեշնոց կար, գնացի բանանի ֆրեշ առա, խմելով քայլեցի դեպի Կոմիտասի այգի, մեկ էլ նկատեմ՝ ժողովուրդը երթով գնում է Բաղրամյան՝ դեպի ԱԺ։

[Միքայել Նահապետյան] Կատաղած եմ։ Հեռախոսիս զանգ է գալիս` Սուրոն է։ Ասում է Նիկոլին գտի, ասա, որ սենց չէինք պայմանավորվել, ասա, որ ԱԺ գնալիս հայտնվում ենք Երանոսյան Լյովայի բռի մեջ։ Գտնում եմ Նիկոլին, բառացի փոխանցում։ Ասում է. եղբա՛յր ով չի ուզում` կարա մնա հին տեղերում։ Ձեռքս թափ եմ տալիս, գնում վերջին ապակենտրոն օջախ` Օրբելի, Սուրոյին առերես տեսնելու։

[Արմեն Գալջյան] Չգիտեի, որ հենց հիմա ենք գնալու։ Մինչև հետևներից գնացի,արդեն հասել էին բարիկադների մոտ, անհնար էր առաջ գնալ։ Մարդիկ շատ խիտ էին կանգնած, դե ես էլ փոքրամարմին եմ:

[Գոհարիկ Տիգրանյան] Հրահանգը 1-ին, թե 2-ին նորից Ֆրանսիայի հրապարակում հավաքվելն էր ու շարժվելը Բաղրամյան (ժամը չեմ մտապահել, կներեք)։ Մինչև մենք հասանք հրապարակ ու ուզում էի կոշիկներս հանել հանգստանալ, արագ շարժը սկսված էր, պլանը ԱԺ-ը շենքը բոլոր կողմերից շրջափակելն էր։ Սակայն իրենց անվտանգությամբ վախեցած «վերնախավը» Բաղրամյանը դարձրել էր պատերազմական ֆռոնտ՝ փշալալերի ու ջրցանների մի շարան բերելով քաղաքացիների դիմաց։

[Անի Վարդանյան] Սարյանի այգում Սեմին էինք գտել։ Իրեն Կորյուն-Նալբանդյան խաչմերուկին էինք կորցրել։ Որոշեցինք իրեն տանել հաց ուտելու։ Սոված էր ու ոտքն էլ վնասված էր։ Ինչ որ մեկը մեքենայով էր խփել։ Արդեն ուզում էինք գնալ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա ենք բարձրանում Ազգային ժողով, չենք սպասում ժամը 6-ին։ Մենք էլ ճանապարհը կիսատ թողեցինք ու ժողովրդի հետ բարձացանք դեպի Ազգային ժողով։ Չեմ հիշում ոնց՝ հանդիպեցինք Շուշանենց։ Մոտ 6-7 հոգանոց խմբով կանգնած էինք Գրողների միությունից մի փոքր ներքև։

[Գոհարիկ Տիգրանյան] Մարդկանց երկու հատված էր խմբվել առաջին շարքում՝ տաքգլուխները և արդեն փորձվածները։

[Սոնա Մնացականյան] Դուրս ենք գալիս Կասկադ ու իրարից բաժանվում։ Օդը գվվում ա, ու էդ գվվոցը ոնց որ մագնիս ինձ քաշում ա․ արագ քայլերով հասնում եմ Բաղրամյան։ Մարդիկ շատ-շատ են, ու ես իներցիայով Գրողների միության տան մոտ եմ փնտրում իմ անհնազանդ ընկերներին։ Սաքոյին եմ հանդիպում, միասին փորձում ենք առաջ շարժվել, քուրը՝ Լուսոն, առջևի շարքերում ա։ Ինչ-որ պահի իրար կորցնում ենք։

[Անի Վարդանյան] Չէր երևում ՝ դիմացը ինչ ա կատարվում։ Ժողովուրդն առաջ չէր գնում։ Էդ ժամանակ նստեցի Կարպիսի ուսերին ու նկարեցի հեռախոսով։ Ոստիկականան մի հսկայական խումբ էր կանգնած։ Վերջը չէր երևում։ Հակառակ կողմն էլ նկարեցի։ Մարդկանց հսկայական խումբ էր, որի վերջը ևս չէր երևում։

Բոլորիս հեռախոսներրը տեղավորեցինք Սեմի պայուսակի մեջ, որ չկորցնենք ու չվնասենք։ Ու զգաստ կանգնած էինք։ Իրար թևերով պահել էինք, որ չկորցնենք։ Մի քանի շարք առաջ Յուրիին տեսանք, մենակ կանգնած էր։ Ձայն տվեցինք, եկավ մեր մոտ։ Կարպիսին գրկեց, ու էտ պահին առաջին լուսաձայնային նռնակն ընկավ։ Ոստիկանները իրենք իրենց վրա էին քցել։ Իրականում լավ ծիծաղեցինք։

[Սոնա Մնացականյան] Մեկ էլ մի անտանելի ձայն ա գալիս, հետո հաջորդը, որից հետո ինձ թվում ա՝ ականջներս խլացել են, ու կոկորդումս ինչ-որ բան ա կանգ առել։

[Միքայել Նահապետյան] Մինչև հասնում եմ տեղ նռնակի պայթյունը որոտում է։ Հետո երկրորդը, տասերորդը։

ՄԱՍ 2>


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել