ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 2)
06:03 - 17 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 2)

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 16] Վիճակը նետված է

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 Կարդալ ՄԱՍ 1-ը

[Թագուհի Ղազարյան] Մինչև Անին սուրճ կպատրաստի՝ գը՜մփ, օդում լսվում է առաջին պայթյունը՝ այնքան մոտիկ, որ ցնցումը շոշափելի զգում ենք տանը, կարծես հենց Անիի չորրորդ հարկի բնակարանի կողքին լինի պայթյունը: Ահաբեկված նետվում ենք պատշգամբ: «Ուղի՛ղ եթեր միացրու», գոռում եմ տագնապած: «Կը կրակե՞ն կոր», հարցնում է Քրիստիանը անհանգստացած, «մարդոց վրա՞յ»: «Չէ՛», ասում եմ տագնապս մի կերպ հաղթահարելով, բայց փորձառուի հանդարտությամբ, «ձայնային նռնակ է»: Գը՜մփ, լսվում է երկրորդ պայթյունը՝ ավելի թույլ ու ավելի ներքևից: «Ապուշնե՜ր», բացականչում եմ, «Էլի ձայնայինը գետնին գցեցին, հիմա մարդկանց կվնասեն»:

[Անի Վարդանյան] Լսվեց, որ նռնակ բաց թողեցին։ Կարպիսը գլուխս էր պահել, Յուրին ինձ ու Կարպիսին էր գրկել։ Ես զգում էի, որ նռնակը մեզ շատ մոտ ընկավ։ Բայց ոչ ընկնելն եմ տեսել ու ոչ էլ պայթելը։ Ոտքս սարսափելի սկսեց ցավել։ Մի պահ մտածեցի, որ մոտ պայթեց, դրանից է։ Հետո հասկացա, որ ինչ որ բան այրում ա ոտքս։ Անհանգիստ շարժումներ էի անում։ Կարպիսի թվաց, թե օդը չի հերիքում, ինձ վերև բարձրացրեց։ Ասեցի ոտքիս ինչ-որ բան ա եղել, գրկեց ու վազելով տարավ էն կողմ։ Երբ հետ նայեցի, երրորդ նռնակն ընկավ մեր կանգնած տեղը։ Չորրորդին ձայնն էլ լսեցի, բայց չիմացա՝ ուր ընկավ։

[Արմեն Գալջյան] Լսվեցին նռնակների ձայները, ամբողջ փողոցը ծուխ էր։ Մոտ 10 րոպե բախումներ տեղի ունեցան ժողովրդի և ոտիկանների միջև, հետո հանդարտվեց, բայց Նիկոլն արդեն անցել էր փշալարը, ոչ մի տեղեկություն չունեինք իրենից։

[Գոհարիկ Տիգրանյան] Սպասում էի, որ ջրցան կգործարկեն, բայց որ լուսաձայնայիններ՝ չէ։ Առաջին կրակոցն արդեն օդում էր ու մարդկանց մի բազմություն սկսեց հետ վազել, դիմացից լսվում էր․ «Կանգնեք, արա կանգնեք»։ Լսվեց երկրորդ ու երրորդ կրակոցը, հետո արդեն սովորական դարձած աղմուկ ու գըփմ։ Ոտքերս մեխվել էին տեղում, աչքերս կլորացել, նայում էի մարդկանց, գոռում էի․ «կանգնեք», աչքերիցս սկսեց հոսել։ Հետո պիտի գիտակցեի, որ վախեցել էի ու ամեն կրակոց, հոգեբանական հետք էր թողել ինձ վրա (հա, խոստովանում եմ՝ ես մինչև հիմա գըմփգըմփիկների ձայներից վախենում եմ, ու վեր թռչում, ու ինչքան էլ սիրուն լինի տեսարանը, ականջներս ու աչքերս ամուր փակում եմ)։

[Աշոտ Խաչատրյան] Բաղրամյանի վրա, երբ Նիկոլը հայտվել էր փշալարերի հակառակ կողմը ու նռնակներ էին մեզ վրա նետում, երեք հոգով ձախ մայթին Նիվա մակնիշի ավտոմեքենա տեսանք, փշալարի հենց դիմացն էր կայանված։ Երեքս էլ անծանոթ էինք իրար, բայց իրար նայեցինք ու հասկացանք, որ հիանալի շանս ա։

Մեքենան սկսեցինք բրդել փշալարի վրա։ Ոստիկանների խառնված դեմքերը տեսնելն անգին էր։ Փշալարը արդեն բրդել էինք մեքենայով, երբ մի քանի նռնակ եկավ մեր վրա։ Ձախ կողմի կանգնածը գլուխը բռնած ընկավ գետնին։ Չիմացա էլ՝ վնասվածքները լուրջ էին, թե ոչ։

Հետագայում նոր հասկացա, թե ինչ լավ եղավ, որ «օպերացիա Նիվա»-ն չաշխատեց:

[Անի Վարդանյան] Ոտքիս վրա սև մեծ բեկոր էր։ Շատ քիչ արյուն էր երևում։ Ու ահավոր վատ հոտ էր գալիս։ Կարպիսը ինձ վազելով հասցրեց Սարյանի այգու մոտ։ Էդտեղ շտապ օգնություն ու բժիշկներ կային։ Ամբողջ վազելու ընթացքում մեր ընկեր Միհրանն էլ մեր կողքից վազում էր։ Վախեցած էր, չգիտեր ինչով օգներ, ու գոռում էր՝ «Կարպիս, տուր ես տանեմ»։

[Սոնա Մնացականյան] Մարդիկ հետ են հրվում, արանք են բացում, ինչ-որ մեկին են վիրավոր ոտքով ամբոխի միջից դուրս հանում։ Էդ խառնաշփոթի մեջ նորից տեսնում եմ Սաքոյին, Լուսոն արդեն հետն ա, ձեռքը բեկորից վնասված ա։ Երեքս էլ մի տեսակ շշմած ենք։ Լուսոն, իրա ձեռքը թողած, ինձ ա նկատողություն անում, որ ականջօղերս հանեմ, որ ոչ մի մետաղական բան չարժի ունենալ մարմնի վրա ու որ պետք ա ջուր ու դիմակ առնել։ Ջուր եմ առնում, բայց Բաղրամյանի վրայի դեղատանը դիմակ չի մնացել, ու վաճառողն էլ ասում ա, որ մեկ ա, դա առանձնապես չի օգնում։ Մինչև վերադառնում եմ, Ալինան, Քրիստը, Մորին, Զորիկը, Գեմոն, Արսենը, Վահեն ու Հասմիկը հավաքվել են։ Ալինան այլ լուծում ա առաջարկում․ իր ամենատար ուսապարկից հանում ա երեխեքի փոքրացած շապիկ-տոտիկներ ու առաջարկում դրանք թրջել ու գործածել որպես դիմակ։ Հաջորդ օրն էլ էդ շապիկը հետս պտտացրի, բայց բարեբախտաբար, պետք չեկավ։

[Անի Վարդանյան] Արդեն շտապօգնության մեքենայի մեջ էինք, երբ ևս երեք վիրավորի բերեցին, ու շտապօգնության մեքենան շարժվեց։ Բժիշկը ոտքս բինտով կապեց, որից բեկորն ավելի ներս մտավ։ Ահավոր ցավոտ էր։ «Տարկետում լինելու ա»-ի Արամն էլ էր մեքենայի մեջ։ Իրա ոտքն էլ էր բավականին վնասվել։ Շտապօգնության մեքենայում ոգևորություն կար։ Վախ ու հուսահատություն չկար։

[Թագուհի Ղազարյան] Ազատության ուղիղ եթերում Կարլենը այսուայնկողմ ընկած բոլորին հարցնում է՝ իսկ որտե՞ղ է Փաշինյանը: «Կարծես թե անցավ ու գնաց Ազգային ժողով», ասում է Արարատը, մինչդեռ լրահոսումս տեսել եմ՝ հիվանդանոց են տեղափոխել: Որտե՞ղ է Փաշինյանը, հարցնում է Կարլենը Արմենին, Դավիթին, Տիգրանին: Գնաց ԱԺ կարծես թե, պատասխանում են հերթով: Փորձում եմ զանգել, կապ հաստատել, ասել, որ հիվանդանոցում է: Լուրը տեղադրում եմ էջում: Կես ժամ անց Ազատությունը Աննա Հակոբյանից ճշտած է լինում, որ Փաշինյանը հիվանդանոցում է և հորդորել է բոլորին սպասել իրեն Ֆրանսիայի հրապարակում:

[Արմեն Գալջյան] Հետո իմացանք, որ հիվանդանոցում է: Ժողովուրդը սպասում էր։

[Վահան Կոստանյան] Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ կարող ա Բաղրամյան քայլենք։ Դրան պատրաստվում էինք հաջորդ օրը, ի սկզբանե։ Պայթյուններից հետո, երբ Նիկոլը չկար ու համատարած խուճապ էր, Արարատը փորձում էր հանդարտացնել կրքերը, հետո որոշում կայացվեց, որ պիտի գնա հիվանդանոց։

[Միքայել Նահապետյան] Արագ հետ ենք գնում Բաղրամյան։ Բոլորը մոլորված են, սպասում են Նիկոլին։ Ասում եմ՝ գրողը տանի, կանխավարկած կա՞, թե «ԱԺ-ն պաշարելով կա հային փրկություն»։ Ախր Ազգային ժողովը շենքը չի` դեպուտատներն են։ Սուրենն ասում է` «կբացատրե՞ս ինչ ա տալու ԱԺ-ն շրջափակելը, եթե սաղ քաղաքն ա շրջափակված։ Է թող էդ փշալարերից էն կողմ Սերժին ընտրեն, ի՞նչն ա կառավարելու. փշալարերից ներս ընկած Հայաստանը»։

[Վահան Կոստանյան] Պայթունավտանգ իրավիճակում զինվորականին հատուկ բացառիկ սառնասրտությամբ Կամանդիրը ուշքի էր բերում բոլորին։ Մի քանի ընկերներ էին վիրավորվել, բարկությունն ու խուճապը խառնվել էին իրար։

[Գոհարիկ Տիգրանյան] Կրակոցների ընթացքում Սոնայենք արդեն իջել էին մի փոքր ներքև, Վահանը հայտնվեց, ձեռքիս քաշեց ու հասանք ներքև՝ Սոնայենց մոտ, եթե չեմ սխալվում արդեն գիտեինք, որ վնասված մարդիկ կան, կրակոցների հերթական շարքի ընթացքում, որ իրար հետևից էր, երեխեքը ջուր հանեցին ու հերթով բոլորս մեզ ամենամոտ կտորը, որ օդի հետ քիչ էր շփվել թրջեցինք։ Մարիամիկին՝ մտերիմ ընկերուհուս գրկել էի մի պահ, հետո հիշեց, որ քույրը ևս Բաղրամյանում է։ Զանգեց, գոռգռաց, տուն ուղարկեց։

Ընկերներիս հետ էի, բարեբախտաբար, այս անգամ մայրս չէր հետևել հեռարձակմանը։ Հեռախոսս զանգեց, քույրս էր, հարցրեց, թե չեմ վնասվել, ասացի․
- Հաս, լավ եմ, բայց մամային բան չասես, խնդրում եմ։
Ի պատասխան ասաց․
- Երեկոյան կգամ մոտդ։

Այսօրվանից ընտանիքիս անդամները հերթով սկսեցին միանալ շարժմանը։ Ընտանիքիս ամենամոտ ու ամենահարազատ մասի ճիշտ պահն էլ էր եկել։ Խոսելուց հետո, երբ Նիկոլին ու վնասվածների մի մասին արդեն տարել էին հիվանդանոց, Բաղրամյանի վրա նստած էինք, ու Արփին հիշեցրեց, որ սոված ենք։ Մեր հետևում տղամարդկանց զվարթ խումբ էր կանգնած (ովքեր շատ նման էին քաղաքացիական հագուստով ոստիկանների) ու նրանց ձեռքում պիցցա կար։ Արփին նայեց պիցցային, հետո նրանց, ու հարցրեց, թե ուտելո՞ւ են։ Նրանք էլ ի պատասխան մեկնեցին մեզ։ Անկեղծ ասած, մեզնից ինքնագոհ ուտում էինք, չէ՞ որ կարծեցյալ ոստիկանից ուտելիք էինք կարողացել վերցնել։

[Անի Վարդանյան] Մասիվի հիվանդանոցում էինք։ Բոլոր վիրավորներին էդտեղ էին բերում։ Մեզանից առաջ ոստիկանների էին տարել, հետո մեզ տարան։

Կարպիսը մի անծանոթ մարդուց հեռախոս վերցրեց, զանգեցի մամայիս ու ասեցի, որ իմ հետ ամեն ինչ լավ ա, ընկերուհիս վիրավորվել ա, իր հետ հիվանդանոց ենք եկել, մի անհանգստացի։

Հետո զանգեցի ընկերուհիներիս, ում Բաղրամյանում տեսել էի։ Իրենց հետ ամեն ինչ նորմալ էր, ասացի, որ հիվանդանոցում եմ, բայց ամեն ինչ նորմալ է։

Երևի քառասուն րոպե հետո նոր օգնություն ցուցաբերեցին։ Մի 6-7 հոգով փորձում էին բեկորը հեռացնել ոտքիցս։ Ահավոր էր։ Բեկորը հանելուց հետո երկար ժամանակ արյուն էր գալիս։ Մի ժամի չափ մնացի ինչ-որ սենյակում։ Կարպիսին անընդհատ հանում էի էդտեղից, ինքն էլի հետ էր գալիս։

Երբ տեղափոխեցին պալատ, Շուշանը պալատում պառկած էր։ Բաղրամյանում կողքիս էր կանգած, նույն նռնակից էինք վնասվել։ Փաստորեն մամային չէի խաբել, ընկերուհիս հիվանդանոցում էր։

[Սոնա Մնացականյան] Գնում ենք Արտաշի մոտ՝ սնվելու ու քննարկելու, թե բա հիմա ոնց ենք անելու՝ առանց Նիկոլի։ Գրեթե բոլորիս հեռախոսները հանգած ա, հերթով լիցքավորման ենք դնում, Գեմոն համոզված ա, որ համատարած գաղտնալսում են, դրանից ա արագ նստում։ Ինձ թվում ա՝ Գեմոյի խանդավառ երևակայությունը շատ ա ընկել չափազանցության գիրկը, ինչևէ․․․ Կարենը բողոքում ա ծխից ու առաջարկում ինչքան հնարավոր ա շուտ դուրս գալ էս բունկերից։ Մենք էլ խնդրում ենք Կարենին օգնության կանչել իր գուրուին։ Քրիստը կարդում ա ֆբ-ում, որ թևն են վիրակապել, էսօր նորից վերադառնալու ա հրապարակ։

[Արմեն Գալջյան] Մոտ երկու ժամ հետո Նիկոլն՝ իր արդեն հայտի կերպարով մտնում է Բաղրամյան։ Այստեղ էին նաև ԵԼՔ-ի մյուս պատգամավորները։ Մի փոքր առանձնազրույց տեղի ունեցավ նրանց մեջ, բայց դա կարևոր մաս չէ այս պատմության մեջ:

[Վահան Կոստանյան] Նիկոլը վերադարձավ, կրքերը հանդարտվեցին, ու ի հակառակ շատերի սպասելիքների, ետ քաշվեցինք Ֆրանսիայի հրապարակ։
Խորհրդարանական մեր գործընկերների այցին չեմ ուզում անդրադառնալ՝ անկարևոր և անբովանդակ հատվածներ չհիշեցնելու համար։

[Թագուհի Ղազարյան] Իջնում եմ Բաղրամյան պողոտա, փշալարերի այս ու այն կողմում կանգնած ոստիկաններին ու ցուցարարներին փորձում է հանդարտեցնել Սանասարյանը: Ձայնը կտրվել է, չի կարողանում արդեն խոսել: Գնում եմ Ֆրանսիայի հրապարակ:

Հարթակից անկարելի է տեսնել, թե Մաշտոցի պողոտայի որ մասում է վերջանում հանրահավաքը: Փաշինյանը վերադարձել է: Հը՞, հարցնում եմ մտքումս, սա այն քանա՞կն է, որի դեպքում եթե Սերժը չգնա, էլ քաղաքականությամբ չես զբաղվի: Նայում եմ վիրավոր ձեռքին ու մարտահրավերի պես նետելիք հարցս կուլ տալիս:

Արմենի ելույթի ժամանակ բոլորիս հայացքներն ուղղվում են Մատենադարանի կողմ: Էս կողմ շրջվիր, շշնջում ենք մի քանիսս, Մատենադարանի կողմից դեպի մեզ է շարժվում մեր հանրահավաքից է՛լ ավելի մեծ մի խումբ՝ ուսանողությունը: Առաջին անգամ շարժման ընթացքում չեմ դիմանում, լալիս եմ: Նայում եմ կողքիս կանգնած Արայիկի թաց աչքերին: Ժպտում ենք իրար:

[Անի Վարդանյան] Անընդհատ մարդիկ էին գնում, գալիս․ անծանոթ ցուցարարներ, ընկերներ, բժիշկներ։ Մեծ շարժ կար սենյակում։ Սեմը եկավ ու հեռախոսս բերեց։ Ով պատահի զանգել էր։ Նորից զանգեցի մամային, խոսեցի, հանգստացավ, հավատում էր, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ պապան նռնակի պայթունից հետո Բաղրամյանում ա եղել, գնացել ա, որ ինձ տանի էդտեղից։ Զանգել էր ինձ, բայց հեռախոսս մոտս չէր։ Հետո զանգեցի, ու իրեն էլ հավատացրի, թե ամեն ինչ նորմալ է։

Ժամը վեցը կլիներ, որ Առողջապահության նախարարը եկավ։ Չգիտեմ ինչի՝ ողջ զայրույթս իր վրա թափեցի։ Շուշանը բարի ձայնով պատասխանում էր հարցերին, իսկ ես կոպտեցի, որից հետո լուռ հեռացավ։

[Արմեն Գալջյան] Մտածում էինք հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխել Բաղրամյան, բայց տեխնիկապես շատ դժվար էր, որոշեցինք մնալ նույն տեղում: Չնայած Բաղրամյանը ճեղքել չստացվեց, բայց ժողովուրդը ավելի էր ոգևորվել, իսկ երեկոյան հանրահավաքին Նիկոլի շուրթերից առաջին անգամ հնչեց հեղափոխություն բառը:

[Անի Վարդանյան] Հետո Հատուկ քննչականից եկան։ Արձանագրությունը վերջին աստիճանի մունաթով էին գրում։ Ահավոր ազդում էին նյարդերիս։ Իրենք որ գնացին, արդեն ժամը 8-ն էր։ Պալատում արդեն բավականին հանգիստ էր։ Շուշանի տնեցիները եկան ու իրեն տարան տուն։ Ինձ տուն գնալ չթողեցին։

Զանգեցի մամային, ասացի, որ ուշ եմ գնալու, մնալու եմ ընկերուհուս մոտ՝ հիվանդանոցում։ Ավելի ուշ հորաքույրս զանգեց ու ասաց, որ վիդեո ա տեսել, որտեղ Կարպիսն ինձ գրկած տանում ա Բաղրամյանից։ Խնդրեց, որ զանգեմ իր աղջկան, ասեմ, որ գա մոտս ու ինքը հանգիստ լինի։ Մոտ տաս անգամ զանգեի, տասն էլ անջատեց։ Հետո արդեն մաման զանգեց ու ասաց, որ ասեմ, թե որ հիվանդանոցում եմ։

Պապան եկավ ընկերոջ հետ։ Տեսան, որ շատ բան չի եղել, հանգստացան։ Հետո հարազատներս եկան, բավականին երկար մնացին։ Ես քնել էի ուզում։ Իսկ իրենք համառորեն չէին հեռանում։ Երևի ժամը 11-ն էր՝ նոր գնացին։ Պապան Կարպիսին զոռով տարավ, ու մոտս հորաքրոջս տղան մնաց։

[Վահան Կոստանյան] Երեկոյան օդը կանգնեց, երբ Նիկոլն արտասանում էր Քաղաքացու երգի բառերը։ Ոչինչ կորած չէր, մեր հոգին պարտվել չգիտեր։

[Սոնա Մնացականյան] Հանրահավաքը սկսում ա․ Նիկոլի արևից վառված դեմքն ու հոգնած աչքերը հարազատ են թվում․ նման ա իմ գյուղի մարդկանց՝ գարնան դաշտային աշխատանքների ժամանակ։ Հիշում եմ քիչ առաջ Սաքոյի ու Աննայի ասածը, որ պիտի մարզերի ժողովրդին ներքաշենք, մենակ Երևանը քիչ ա։ Հիմա գարնան թունդ աշխատանքների ժամանակն ա, կգա՞ն․․․․ Չգիտեմ, բայց արդեն եկածներս որոշում ենք, որ վաղը առավոտյան՝ ժամը 8։00-ին, մի մարդու պես պիտի լինենք Ստեփան Շահումյանի դպրոցի մոտ․․․․

[Արմեն Գալջյան] Հայտարարվեց հաջորդ օրվա գործողությունների պլանը, գրեթե նույնն էր․ փակել ամեն ինչ, պարալիզացնել մայրաքաղաքը:

[Միքայել Նահապետյան] Երեկոյան որոշում է կայացվում անդավաճանորեն վերադառնալ ապակենտրոնության սկզբունքին։

[Գոհարիկ Տիգրանյան] Երեկոյան քույրս ու իր կոլեկտիվը եկան մեզ տեսնելու, թիկունքը մի փոքր ուժեղանում էր, բայց սադրիչները, խմած մարդիկ ու ոստիկանները շատ էին։ Դիվանբաշի գնացի, որ հանգստանամ, չորս կողմս լիքը բան էին քննարկում, մի քիչ մնացի, Նիկոլը անընդհատ գնում էր զայրացած մարդկանց ինչ-որ բազմությունների հանգստացնելու, անընդհատ շարժ էր, որոշեցի չմնալ։

[Արմեն Գալջյան] Երեկոյան հավաքվեցինք Դիվանբաշիում, մի փոքր տխրություն կար, որ մինչ այս որտեղ ուզել, մտել ենք, իսկ այս անգամ չստացվեց, բայց կար ավելի կարևոր ձեռքբերում։ Դա ներքին հանգստությունն էր այն մասին, որ արդեն ժողովրդին կոչ անելու կարիք չկա, վաղը նրանք հաստատ դուրս կգան ավելի մեծ թափով:

[Վահան Կոստանյան] Երեկոյան կրկին Կետիկնոցի մեծ խմբով հանդիպեցինք Դիվանբաշիում։ Քննարկում էինք հաջորդ օրվա պլաններն ու թե ինչքանով էր իրատեսական ԱԺ-ն շրջափակելը։

Որոշեցինք հրաժարվել էս գաղափարից։ Տրամադրությունը ներկաների այդքան էլ բարձր չէր։ Նիկոլը հանկարծ վեր թռավ ու ասեց․ «Ես վաղը հայտարարելու եմ, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և ՍՍ-ն այլևս իշխանություն չունի»։

[Անի Վարդանյան] Գիշերը ժամ 2-ը կլիներ, երբ ֆեյսբուք մտա։ Ընդհանրապես տեղյակ չէի, թե ինչ էր կատարվել մեր վիրավորվելուց հետո։ Մի փոքր իրավիճակին ծանոթացա ու քնեցի։ Ոտքիս ցավը չէր թողնում։ Քնել նորմալ չէր ստացվում։

Ավելի ուշ Պետրոսյան Դավիթը եկավ։ Իրար մեկ էլ առավոտյան Երիտասարդականում էինք տեսել։ Մինչև էդ որ ասում էի ես ոչ մի բան չեմ անելու, դուրս չեմ գալու, զարմանում էր։ Մի քիչ մնաց ու գնաց։

Վերջապես քնեցի։ Ոտքս էլի ցավում էր, բայց ուժ չունեի արթուն մնալու։

Կարդալ ՄԱՍ 1-ը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել