ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին
14:46 - 11 փետրվարի, 2020

ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

Հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման առնչությամբ հանրային հետաքրքրությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած անհիմն շահարկումները` հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում հայտնում է․

«ՎԵՈՆ Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև հնարավոր գործարքի մասով․
«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՅՈՒՔՈՄ» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Նշված հարցը համաձայն գործող օրենսդրության համապատասխան ներկայումս գտնվում է իրավասու պետական մարմինների հետ քննարկման փուլում։
Հարկ է նշել, որ շարժական կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ներդնումը) պահանջում են ռեսուրսների համատեղ օգտագործում և կարողությունների միավորում, ինչը հաճախ հանգեցնում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացմանը։

Այդ է վկայում շարժական կապի շուկայի առաջատար մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների փորձը։

Ինչ վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իր բաժնետոմսերն այլ, այդ թվում՝ մամուլում շրջանառվող՝ «Ա-Տելեկոմ» ընկերությանը հնարավոր օտարմանը, ապա հայտնում ենք, որ նման դիմում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից հանձնաժողով չի ներկայացվել։ Ավելին, սույն թվականի փետրվարին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ներկայացրած պաշտոնական գրությամբ հավաստվել է, որ «Ա-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ «․․․որևէ կոմերցիոն բնույթի բանակցություններ չեն ընթացել»։

Շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ» ընկերության մուտքի խոչընդոտման մասով․
Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։

Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով և բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը և ձևավորվել իրավական կարգավորումները։

Նշված հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում։ Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով այս անգամ արդեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության։

Ամփոփելով վերը նշվածը՝ կարևորում ենք ընդգծել, որ 2006 թվականից ի վեր, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հանձնաժողովի իրականացրած համակողմանի և առաջանցիկ բարեփոխումների, այդ թվում՝ ոլորտի լիարժեք ազատականացման և մրցակցային պայմանների ապահովման արդյունքում հնարավոր եղավ արձանագրել միջազգային առումով նշանակալի տեմպեր և ձեռքբերումներ, որոնց պահպանումը և լավարկումը, մշտապես լինելու է հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել