ՀՀ-ի կառավարող քաղաքական թիմը ունի բավականաչափ կամք՝ պաշտպանելու ստեղծագործական ազատությունը․ Թագուհի Ղազարյան
14:03 - 07 մայիսի, 2019

ՀՀ-ի կառավարող քաղաքական թիմը ունի բավականաչափ կամք՝ պաշտպանելու ստեղծագործական ազատությունը․ Թագուհի Ղազարյան

ՀՀ-ում տարեկան լույս է տեսնում շուրջ 1800 անուն գիրք, անցած տարի՝ կոնկրետ 1786։ Անկախ այն բանից, թե մեզանից ով որքան է համակարծիք այդ գրքերի ձևի, բովանդակության, ձևավորման, գրագիտության և այլ բաղադրիչների հետ, Հայաստանում գրաքննություն չկա և չի կարող լինել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հկ-ն կազմակերպել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, և որ այնտեղ են ներխուժել մոտ 25 անձ և խափանել միջոցառումը։ Տեղի ունեցածի շուրջ արձանագրումները պատգամավորը բաժանեց մի քանի մասի։ Նախ, նա խոսեց խոսքի ազատության մասին․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն։ Պետության գործառույթն է այդ ստեղծագործություններն իրացնելու համար նպաստավոր միջավայր ստեղծելը»,- ասաց Ղազարյանն ու հավելեց, որ ՀՀ-ի կառավարող քաղաքական թիմը ունի բավականաչափ կամք և վճռականություն պաշտպանելու ստեղծագործական ազատությունը՝ անկախ նրանից, թե ով, ինչպես ու ինչքան ջանք կգործադրի հասարակության զգայուն նյարդերի վրա խաղալու և դրա արդյունքում հանրության մեջ բաժանարար գծեր առաջացնելու համար։

«Հայաստանի անկախ Հանրապետությունում այլևս չեն լինելու «Xկադր»ի, «Ուվալնյատի օր»-ի, «Ուժերի զարթոնք»-ի նման դեպքեր։ Այս ամենը միայն տհաճ հիշողություններ են՝ խարանված մեր անկախ հանրապետության անցյալի պատմության վրա։ Օրենքի և իրավունքի հարցերում, սիրելինե՛րս, ճաշակը գործոն չի կարող լինել»,- նշեց Թագուհի Ղազարյանը։

Նա նաև անդրադարձավ իրավապաշտպան ՀԿ-ների գործունեությանը․ «Բոլոր այն իրավապաշտպան կարույցները, որոնք գործում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, Հայաստանում ունեն ազատ ու անարգել գործունեություն ծավալելու իրավունք։ Իսկ այդ իրավունքի խախտման դեպքում մենք պարտավոր ենք երաշխավորել այդ հնարավորությունը»։ Պատգամավորը նշեց, որ այս ՀԿ-ները պետության գործընկերներն են, և իրավական պետություն կառուցելու ճանապարհին որևէ խոչընդոտ, որը կստեղծվի թվարկված սկզբունքներին հակադրվելով, պետք է խստագույնս կանխվի իրավապահ մարմինների կողմից։

Պետության հետ համագործակցության մասին էլ Ղազարյանն ասաց, որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն 2011 թվականից համագործակցում է պետության հետ, ինչի արդյունքում ՀԿ-ի օգնությամբ միայն 2015 թվականին Հայաստանում արձանագրվել է սեռական բռնությունից տուժած 142 անձ, որոնցից 56-ը՝ երեխաներ, իսկ 2016-ին՝ 162 տուժող, որոնցից 53-ը՝ երեխաներ։

«Երեկվա բերված վիճակագրություններից պարզ դարձավ, որ ոստիկանությունում գրանցված դեպքերը շուրջ 50 տոկոսով ավելի են։ Անչափահասների հետ տեղի ունեցած սեռական բռնությունների 40 տոկոսից ավելին կատարվում է ընտանիքներում։ Ավանդական ընտանիքների և երեխաների պաշտպանությամբ մտահոգված մեր քաղաքացիները դժվար թե նման դեպքերն ու նման վիճակագրությունները համարեն ավանդական ընտանիքի և երեխաների պաշտպանվածության ցուցիչ»,- ասաց նա։

Թագուհի Ղազարյանը նշեց, որ ձևացնելով, թե չգիտենք այս ամենի մասին, թե սա չենք նկատում, խուսափելով առերեսվել այս իրականությանը՝ մենք ամենևին չենք նպաստում նման դեպքերի կանխարգելմանը։ «Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, թե մեր մեջ կա մարդ, ում չի մտահոգում այս վիճակագրությունը, ով չի ցանկանում կանխարգելել նման միջադեպերը։ Միմիանց դեմ անհանդուրժողականություն տարածելու փոխարեն եկեք ուրեմն միասին փնտրենք ճանապարհներ՝ նվազագույնի հասցնելու այս բեկված ճակատագրերի քանակը»,- ելույթը եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել