ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ
10:44 - 25 հոկտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարեւոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ համագործակցության ընդլայնման համար:

Աժ նախագահը արժեւորել է նաեւ Սլովենիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում:

Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն իսկ գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռեւս ձեւավորված չէ: Սրան ի պատասխան՝ Դեժան Ժիդանը նշել է, որ Սլովենիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են բարեկամության խմբի ձեւավորման աշխատանքները:

Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին, որը ամուր իրավական հիմք է հանդիսանում Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը հորդորել է հնարավորինս շուտ վավերացնել այն, ինչին ի պատասխան Սլովենիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես այն կվավերացվի շատ կարճ ժամկետում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարեւորություն է ներկայացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել