ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
11:15 - 25 փետրվարի, 2020

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով  ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու  դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկման արդյունքների և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազների առջև խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում:

Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել