ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ
13:18 - 10 ապրիլի, 2020

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել