ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են մարդկանց միջև շփումների դյուրացման վերաբերյալ հուշագիր
21:22 - 03 մարտի, 2020

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են մարդկանց միջև շփումների դյուրացման վերաբերյալ հուշագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 3-ին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիմքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր գնահատվեց կողմերի միջև հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորեցին մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին: 

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին քննարկեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները և դիրքորոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել