ՀՆԱ 7.1 % աճի, ներառական տնտեսության, ներդրումների, Ամուլսարի և այլ թեմաների շուրջ զրուցել ենք հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի հետ:

Հայաստանը այս տարվա առաջին վեց ամսվա տվյալներով գրանցել է ՀՆԱ-ի 7.1% աճ: Ընդհանրապես, ինչպե՞ս է անդրադառնում այս աճը ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարելավման վրա:

ՀՆԱ-ն քաղաքացիների բարեկեցություն ցույց չի տալիս և չի նշանակում, թե քաղաքացիների կենսամակարդակը լավանում է։ Հետևաբար, եթե փորձենք ՀՆԱ աճերով ցույց տալ, որ քաղաքացիների վիճակը բարելավվում է, ապա դա բացարձակապես այդպես չէ։

Ես վստահորեն հայտարարում եմ, որ մենք մինչև այս պահը ունենք օլիգարխիկ կառուցվածքով տնտեսություն, ինչը նշանակում է, որ հիմնական արտադրողները և տնտեսական գործունեություն ծավալողներն օլիգարխներն են։ Կան օլիգարխներ, որոնց տնտեսական ակտիվության շնորհիվ կա ՀՆԱ-ի աճ։ Հետևաբար դրանց հաշվին է տեղի ունենում տնտեսական աճը: Սա նշանակում է, որ մեր տնտեսությունը ներառական չէ, այսինք՝  շատ տնտեսվարողներ իր մեջ չի ներառում, և հետևաբար այդ աճերը մարդկանց կյանքի որակի վրա ազդել չեն կարող։

Հիմա, եթե անգամ չեն խրախուսում մոնոպոլիաների և օլիգարխների ձևավորումը, բայց չեն էլ փոխում խաղի կանոնները: Մինչ այս գրված են եղել հստակ կանոններ մի շարք տնտեսվարողների համար, և հիմա փոքր տնտեսվարողները չեն կարող գործունեություն ծավայել ոլորտներում, որոնք մոնոպոլիզացված են: Իհարկե, դրա համար ժամանակ է պետք, բայց հակառակ քայլերն էլ չենք տեսնում:

Վիճակագրական տվյալները որքանո՞վ կարող են լինել մանիպուլատիվ: Հիշում ենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱՎԾ տվյալները համարում էր «նկարած», իսկ հիմա ինքն է ժամանակ առ ժամանակ ներկայացնում վիճակագրական դրական ցուցանիշներ: Արդյոք այժմ վստահելի են ԱՎԾ-ի տրամադրած տվյալները։

Հնարավոր է, որ հիմա էլ նկարում են, հնարավոր է, որ չեն նկարում, հնարավոր է ուռճացնում են, որովհետև ՀՆԱ-ում կարող ես տարբեր փնթի հաշվարկներ անել կամ դիտավորյալ փնթի անել։

Նույնիսկ, եթե հիմա չեն նկարում, մենք գիտենք, որ Հայաստանում մեծ ստվերային տնտեսություն է եղել մինչև վերջերս։ Դրա ապացույցն է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 50000 աշխատատեղ ավելացել է, բայց նաև ասաց՝ կա՛մ ստվերից դուրս են եկել, կամ ավելացել է։ Այսինքն՝ գործարարները հայտարարագրել են 50000 ավել աշխատող՝ համեմատած նախորդ ժամանակաշրջանի։ Բայց, քանի որ տնտեսությունը չէր կարող այդքան կարճ ժամանակահատվածում այդքան աճ ունենալ, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ դրա մեծ կշիռը ստվերից դուրս եկածն է։ Հետևաբար, եթե ստվերից այդ աշխատողները դուրս են գալիս, այդ շրջանառությունը երևում է ՀՆԱ-ի հաշվարկներում:

Հիմա շատ են խոսում, որ համակարգային կոռուպցիան արդեն չկա, բայց կոռուպցիան դեռ կա, նրանք փորձում են մի քիչ ավել այդ ստվերը ցույց տալ։ Ոչ ամբողջ իրական պատկերը։ Առաջ, եթե այդ 100 միավորից թաքցնում էին հիսունը, ապա հիմա թաքցնում են 30-ը: Այդ փոքր ավանսով վստահությունը նաև հնարավոր է այդ ցուցանիշների վրա ազդի՝ դրական առումով։ 

Չեմ կարծում, որ դիտավորյալ թիվը սխալ են գրում, խաբում են կամ ռիսկ կանեն նման դաշտ մտնել: Բայց, ինչպես ասացի, տարբեր հաշվարկներով հնարավոր է ՀՆԱ աճ ցույց տալ։

Ամուլսարի մասով դեռ անորոշ իրավիճակ է, սակայն շատ է խոսվում այն մասին, որ այն ՀՀ-ի համար մեծ ներդրում է: Ընդհանուր առմամբ որքա՞ն է ՀՀ տնտեսությունը կախված հանքարդյունաբերությունից:

Նախ, ի՞նչ է նշանակում ներդրում։ Ներդրում ասվածը Հայաստանում խեղաթյուրված հասկացություն է: Օրենքը նախ պետք է սահմանի՝ ինչ է ներդրումը: Մենք օրենքի մեջ չենք էլ սահմանում ներդրումի մեջ ինչը կարող ենք հաշվառել, ինչը չէ։

Մենք հարցում էինք արել Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե որոնք են այն 57 ներդրումները, որոնց մասին միշտ հայտարարվում է, որպեսզի հասկանանք, թե այդ ինչ ծրագրեր են, բայց մեզ չտրամադրեցին մանրամասները՝ նշելով, որ առևտրային գաղտնիք է։ Իրականում առևտրային գաղտնիքի խնդիր չկա։ Ներդումային ծրագիրը, ընդհակառակը, պետք է լինի բաց և թափանցիկ, որ հանրությունը տեսնի ու հասկանա՝ արդյոք այդ ծրագիրը ուզում է, թե չէ: Կարող է հերթական հանքային ներդրումն է։ Մյուս կարևոր պահն այն է, որ գուցե այլ մարդիկ էլ են հետաքրքրված այդ ծրագրում և ցանկանում են ներգրավվել։ Հետևաբար ներդրումային ծրագիրը պետք է լինի հրապարակային։

Հայաստանում շրջանառվող միջոցներում փող դնելը համարում են ներդրում․ դա ներդրում չի։ Օրինակ՝ գնում են Կառավարություն, ասում են՝ ես հումք եմ բերելու, արտոնություններ են ստանում ԱԱՀ-ի հետ կապված, Կառավարությունն էլ անունը դնում է ներդրում:

Հետո ասում են՝ այդ ծրագրի շրջանակներում կստեղծվի լրացուցիչ աշխատատեղ ու կներդրվի օրինակ 2 մլն դոլար: Բայց իրենք ընդամենը հումք են բերում, ժամանակավոր աշխատողներ են ներգրավում, որ դա մշակեն, որ արտադրանքի իրացումը ապահովեն։ Ստացվում է՝ շրջանառվող կապիտալում գումար դնելը համարվում է ներդրում։ Բայց դա ներդրում չէ։ Մեզ հրամցնում են, որ ունեն ներդրումային ծրագրեր, բայց անունները չեն ասում, որ հասկանանք՝ այդ ինչ ներդրումներ են, ինչ ծրագրեր են, այդ ովքեր են այդ ընկերությունները: Ներդրումը բացարձակապես այն գործողության մեջ ծախսած փողն է, որը կապիտալ արժեք է ձևավորում: Մնացած ծախսերը ներդրում չեն կարող համարվել:

Նույն Ամուլսարի պարագայում, որ ասում են խոշոր ներդրում, նայում ենք, թե ինչքան ծրագրեր են ներկայացրել Կառավարությանը մի հինգ-վեց տարի առաջ: Ներկայիս աշխատանքը շատ է տարբերվում այն ծախսերից, որը գրված է եղել: Բայց ո՞վ ասաց, որ այդ ավել ծախսը ներդրում է: Հանքարդյունաբերության մեջ դրված փողը տնտեսության վրա բացարձակապես չազդող բան է: Ինքը կորզող տնտեսական գործունեություն է: Այս պահին սկսում է, տաս տարի հետո ավարտում: Չկա որևէ այլ մի տնտեսական գործունեության տեսակ, որը որ սկսում ես ու գիտես՝ տաս տարի հետո ինչ է լինելու:

Բոլորը բիզնես են սկսում, որը շարունակաբար աճելու է, ոչ ոք բիզնես չի դնում մի քանի տարով: Իսկ հանք շահագործողը գալիս է, քանդում է, հանում ծախում է և վերջ: Այդտեղ ոչ մարդկային կարողություններ են ստեղծվում, ոչ արժեք է մնում, որը հետո կարող է պետք գալ: Այսինքն՝ այդ շինարարությունը, որ հիմա անում են Ամուլսարում, դա տաս տարի հետո ոչ մեկիս պետք չի լինելու: Ընդհակառակը, այդպիսի ներդրումները երկարաժամկետ հատվածով վնասում են տնտեսությունը, հետ են պահում մեզ կայուն զարգացումից: Այ դրա համար է, որ աշխարհում կա տերմին՝ «կանաչ ՀՆԱ», որով տնտեսագետները հաշվարկներ են անում՝ առանց հանքարդյունաբերության:

Օտարերկրյա ներդրումների մասին ասում են, թե լավ է, որ գալիս են, քանի որ ոչ միայն փող է գալիս, այլ հիմնականում նաև ներուժ. ներդրողը բերում է կարողություններ, հմտություններ և նոր սարքավորումներ: Դրանով է օտարերկրյա ներդրումը ցանկալի: Բայց հանքերի դեպքում դա գոյություն չունի:

Հանքարդյունաբերության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա տուրիզմը ինչ հեռանկարներ կարո՞ղ է ունենալ: Օրինակ՝ հենց Ջերմուկում:

Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա դու չես կարող զարգացնել հանքարդյունաբերություն և տուրիզմ նույն վայրում: Մենք փոքր տարածքով ու փոքր տետեսությամբ երկիր ենք: Մենք Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա չենք, որը մշտապես շահարկում են տարբեր մարդիկ՝ ասելով, թե բա՝ ոնց է Կանադայում, ԱՄՆ-ում համ տուրիզմ է զարգանում, համ հանքարդյունաբերություն: Մենք փոքր տնտեսություն ենք: Չի կարող նույն տարածքում արտադրվել ջուր և միևնույն ժամանակ հանք շահագործվել: Չի կարող նման բան լինել:

Եթե հանք ես ուզում սարքել, ապա մոռացիր, որ այդտեղ մարդիկ կմնան, տուրիզմ կզարգանա, հանքային ջուր կստանաս: Հետևաբար, պետությունը պետք է հաշվարկի, թե ինչ-որ բանը անելիս ինչքան օգուտ է ստանալու: Նույնիսկ այն օգուտը, որը Լիդիանը գնահատել է, որ նախնական տարեկան 50 միլիոն հարկեր պետք է վճարի: Փաստացի պետության միակ շահը դա է: Տաս տարում 500 միլիոն հաշվենք ու նաև այլընտրանքային ծախսը հաշվենք՝ տուրիզմը, հանքային ջուրը, գյուղատնտեսությունը և այլն: Այդ վնասները, որ գնահատենք, կտեսնենք, որ ինչ հինգ հարյուր միլիոն: Ավելի մեծ վնաս է լինելու:

Հայաստանում չի կարող լինել հանքարդյունաբերություն: Մենք այնքան փոքր տարածք ենք, որ ամեն ինչ մեր քթի տակ է: Չես կարող ունենալ հանքարդյունաբերություն և հայտարարել, որ տուրիզմն ու գյուղատնտեսությունը գերակա ճյուղեր են, դա ազնիվ չէ:

Շատ է խոսվում ՏՏ ոլորտի զարգացման մասին: Արդյոք իրատեսակա՞ն է այն դիտարկել որպես տնտեսության հիմք:

Այս դեպքում էլ մենք չպետք է մոռանանք, որ այդ ամբողջ արժեքի շղթայում ստեղծում ենք հինգ-տաս միավորը: Մենք արտապատվիրման երկիր ենք: Այսինքն՝ ինչ-որ մի այլ տեղ այդ արժեքի ստեղծման կարիքը եղել է, պատվեր են տվել և մենք իրականացնում ենք դա: Օրինակ՝ կոդ ենք գրում: Նույն տրամաբանությամբ կարող են տալ մեկ ուրիշ երկրի:

Մեզ թվում է, թե մենք ՏՏ ենք զարգացնում: Այդ նույնն է, որ թեթև արդյունաբերության վրա ուրախանում ենք, որ շոր ենք կարում: Բայց իրականում նույն պատկերը նաև այնտեղ է: Մենք outsource երկիր ենք: Օրինակ՝ «Ալեքս տեքստիլին» արտապատվիրում է ռուսական խոշոր բրենդը, որի մանկական հագուստի գրեթե ամբողջ ծավալը «Ալեքս տեքստիլն» է կարում: Այսինքն՝ ամբողջ արժեքը ստեղծվում է այլ տեղ՝ դիզայնը, հավաքածուն, մարկետինգը և այլն, իսկ մեր երկրում անում ենք միայն կարը: Հետևաբար՝ ամենադժվար մասը մենք անում ենք, բայց ամենաքիչ արժեքն ենք ստեղծում: Նույնը նաև ՏՏ-ում է: Մենք արտապատվիրման երկիր ենք, այդպես տնտեսություն չեն զարգացնում:Իհարկե դա պետք է լինի, բայց դու պետք է ստեղծես քոնը:

Տնտեսությունը պետք է ներառական դառնա, քանի որ գյուղերը և մարզերը կտրված են ընդհանուր զարգացման պրոցեսից։ Միայն եթե ճանապարհներով նայենք, ապա համայնքները կտրված են ամեն ինչից։ Ճանապարհը տնտեսության համար համարվում է արյունատար անոթ։ Մարդիկ ասում են՝ ես չեմ կարողանում տնտեսական գործունեություն ծավալեմ, իմ մթերքը տանեմ, վաճառեմ, որովհետև այս ճանապարհին ես այնքան պահեստամասի փող եմ ծախսում, որ վնասաբեր է գնալ գալը։ Ստիպված չենք աճացնում։

Դրա համար ներդրում է պետք, ենթակառուցվածքների զարգացում է պետք, մարդը պետք է ուժեղանա։ Կրթության և առողջապահության մեջ մեծ ներդրումներ են պետք: Մարդն ինքն իրենով չի կարող ուժեղանալ: Մարդը պետք է իր առողջությամբ ու գիտելիքով ուժեղ լինի: Բայց դրան ուղղված ոչ մի քայլ ես բացարձակապես չեմ տեսնում:

Աստղիկ Գաուդյան