Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին
10:20 - 14 հունիսի, 2019

Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։

Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները:

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։

Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել