epress.am։ «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկը, համաձայն որի 2020 թվականից սկսած բոլոր համայնքապետերը պարտավոր են լինելու եկամուտների հայտարարագրեր ներկայացնել, առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց: Նախագծին կողմ քվերակեց 95 պատգամավոր

Գործող կարգավորումների համաձայն` եկամուտների հայտարարագիր են լրացնում միայն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները: Նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի («Լուսավոր Հայաստան» խմբակցություն) փոխանցմամբ, օրենսդրական այս շեմը հանելով՝ հնարավորություն կստեղծվի ՏԻՄ մակարդակում կանխարգելել կոռուպցիոն չարաշահումները․

«Համայնքապետերը բյուջեի առումով շատ ավելի լայն հնարավարություններ ունեն, քան շատ դեպքերում այն պաշտոնյաները, որոնք հայտարարագիր են ներկայացնում», — նախագիծը ներկայացնելիս ասաց Թանդիլյանը՝ ըդգծելով, որ կան անգամ 500 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներ, որոնց համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացնում:

Պատգամավորի փոխանցմամբ, այժմ հայտարարագիր է ներկայացնում 3200 հանրային ծառայող, օրենսդրական փոփոխության արդյունքում նրանց թիվը 483-ով կավելանա: Եթե նախագիծը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, օրենքը ուժի մեջ կմտնի 2020 թվականին, իսկ համայնքապետերը պարտավորված կլինեն եկամուտների հայտարարագիր լրացնել նաև 2019 թվականի համար:

Նախագիծը արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, նաև՝ Կառավարության դրական եզրակացությանը։