armenpress.am: Օրեր առաջ «Արմենպրես»-ը տեղեկատվություն էր տարածել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք գյուղում մեկնարկած արոտների ջրարբիացման ծրագրի մասին, որն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայաստանի գյուղական համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում:

Արձագանքելով հրապարակմանը՝ Աղբերքի եւ Գեղարքունիքի մարզի այլ համայնքներում ընթացող արոտների ջրարբիացման շինարարությունների պատասխանատուները «Արմենպրես»-ին հայտնեցին անհանգստությունն այն մասին, որ իրենց կատարած աշխատանքների դիմաց դեռ ֆինանսավորում չեն ստացել, իսկ շինարարական աշխատանքների շարունակությունը դրվում է կասկածի տակ:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ «Հայաստանի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ղեկավար Արման Խոջոյանը հավաստիացրեց, որ նույն ծրագրի շրջանակում մեկնարկած ու ընթացքում գտնվող բոլոր ծրագրերը հասցվելու են իրենց ավարտին՝ ֆինանսավորվելով ամբողջությամբ: «Այս ծրագրի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքները ձեռնարկվել են եռակողմ պայմանագրի արդյունքում, որոնք ստորագրած կառույցներն արդեն իսկ լուծարվել են:

Իսկ ծրագրի իրականացման պատասխանատու համարվող Գյուղատնտեսության նախարարությունը վերակազմակերպվել է՝ միանալով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Այդ պատճառով էլ այս ծրագրերի իրականացման ուղղությամբ առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն նոր ու համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո:

Կարելի է ասել, որ մենք հիմա արդեն գտնվում ենք պահանջված կառուցվածքային փոփոխությունների եզրափակիչ փուլում: Հիմա արդեն կիսատ մնացած բոլոր ծրագրերի պատասխանատուն հանդիսանում է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության: Բոլոր այդ ծրագրերն առաջիկայում, մոտ կեսամսյա ժամկետում, ֆինանսավորվելու են ամբողջությամբ»,-նշեց Արման Խոջոյանը: