hetq.am: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջով Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարգիսյանն այս տարի արդեն 17 հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարաններ:

Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Բաբաջանյանյանն ասաց, որ առաջիկայում այդ հայցադիմումների թիվը կարող է ավելանալ, քանի որ լուրջ գործընթաց են սկսել: Ըստ նրա՝ հայցադիմումներ ներկայացվել են այն քաղաքացիների դեմ, ովքեր 1990-ականներից սկսած հողի հարկերը չեն վճարել:

«Չենք ճանաչում, թե ովքեր են այդ սեփականատերերը: Մեր գյուղացիները չեն, կոորդինատներ չունենք, կապ չունենք, որ ասենք՝ բերեք փողերը տվեք: Մեր գյուղացիներին կարողանում ենք զանգել, խնդրել, որ բերեն հարկերը վճարել: Իսկ այդ մարդկանցից ոչ մի տվյալ չունենք»,-ասում է Արթուր Բաբաջանյանը:

Համայնքի ղեկավարի տեղակալի ասելով՝ սեփականաշնորհման տարիներին համայնքի տարածքում գործել են հիմնարկ-ձեռնարկություններ և վերջիններիս աշխատակիցները ևս մասնակցել են սեփականաշնորհման գործընթացին: Այժմ այդ հիմնարկները չկան և իրենք տեղեկություններ չունեն համայնքի տարածքում սեփականաշնորհված հողամաս ունեցող նախկին աշխատակիցների մասին:

Հայանիստ համայնքում չգիտեն էլ այդ քաղաքացիները Հայաստանում են, թե ոչ: Կամ՝ գուցե ոմանք արդեն կենդանի էլ չեն, իսկ ժառանգները չգիտեն, որ Հայանիստում հողամաս ունեն: Այդ հողամասերն այսօր անմշակ են և չօգտագործելու պատճառով որակազրկվում են:

Արթուր Բաբաջանյանն ասում է, եթե իրենց հայցադիմումների հիման վրա դատարանը դադարեցնի տարիներ շարունակ հարկ չվճարող քաղաքացիների հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, դրանից հետո այդ հողերը դրվելու են աճուրդ վաճառքի:

Հայանիստի համայնքի ղեկավարի տեղակալից խնդրեցինք հայտնել, թե որքան է կազմում չվճարված հողի հարկի ապառքը և դատական վեճի առարկա հանդիսացող հողատարածքների չափը:

Պարզվեց, համայնքապպետարանի հաշվապահն աշխատանքից ազատվել է, իսկ համայնքապետն արձակուրդում է, և համայնքում որևէ մեկը տեղյակ չէր գումարի չափի և հողամասերի չափերի մասին: