Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|
15:37 - 04 մայիսի, 2020

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Ազգային ժողովում Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս նպատակով Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը: «Տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում:

Հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ»,- նշել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել