Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը |armenpress.am|
13:56 - 10 հունիսի, 2019

Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը գնում է այլընտրանքային պատիժների, այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների, կալանավորների վրա տարեկան ծախսվող գումարի չափի վերաբերյալ: Նա առաջարկեց, որ տուգանքը որպես պատժատեսակ լինի ավելի լայնածավալ` նաև ծախսերից խուսափելու համար:

«Կառավարությունը ներդնում է այլընտրանքային պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը: Մեր կառավարությունը գնում է այս ինստիտուտները ներդնելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ են տարվում էլեկտրոնային հսկողության սարքավորումները դնելու ուղղությամբ:

Եթե կարելի է փախանման միջոց ընտրել չհեռանալը և դրանց զուգակցել այլ խափանման միջոցներ, կարելի է դա իրականացնել` խուսափելու մարդկանց քրեակատարողական հիմնարկներում պահելուց:

Բացի դրանից, մշակել ենք ռազմավարություն, որ պատժողական քաղաքականությունից անցնենք վերականգնողական քաղաքականությանը: Այդ ռեժիմները պետք է փոփոխվեն, անձը պետք է իր վարքագծով ցույց տա, որ ուղղվել է, և ռեժիմների փոփոխությամբ հասնի ընդհուպ բաց ռեժիմի»,-ասաց Զեյնալյանը:

Նա նշեց, որ ավելի քան 8 մլրդ դրամ է ծախսվում քրեակատարողական ծառայության վրա: Վերջերս հաշվարկ են կատարել` հաշվարկել են տեղում պատրաստվող սնունդը` դրսում պատվիրելու համատեքստում: Օրական 1200 դրամի չափ է կազմում միայն սննդի վրա ծախսվող գումարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել