Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան
06:43 - 06 մարտի, 2019

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այն կարծիքին է, որ Հայաստանին աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ։ Այս մասին Հանը հայտարարեց մարտի 5-ին Բրյուսելում՝ աշխատանքային այցով այնտեղ գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

Լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, և հանձնակատարը համագործակցության ի՞նչ եզրեր է տեսնում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» նրա որդեգրած սկզբունքը, Յոհաննես Հանը պատասխանեց. «Մենք հիմա միասին՝ մեր թիմով, դիտարկում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր, մենք չենք կարող ընդամենը մի բան անել և անտեսել մյուսները, պետք է միասին զուգահեռ տանենք»։

Վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին՝ հանձնակատարը մանրամասնեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին, և կողմերը եկել են համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ բիզնես հատվածին աջակցությանը: Ըստ Հանի՝ այդ նպատակին է ծառայում արդեն ստեղծված արդյունքներից մեկը, որի շրջանակում եվրոպական ֆինանսական միջոցներով հայկական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրոընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխարժեքի ռիսկերը վերացվեն:

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը գտնում է, որ բացի տնտեսականից, Հայաստանին անհրաժեշտ է տրամադրել ենթակառուցվածքների զարգացմանը միտված աջակցություն: «Այդ պատճառով է, որ փոխկապակցությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում»,- պարզաբանեց Յոհաննես Հանը՝ հավելելով, որ Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այնքան արդյունաբերության ոլորտում, որքան փոքր և միջին ձեռնարկությունների համար:

 

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել