Հայաստանից ընտրված երիտասարդները կսովորեն Սիլիկոնյան հովտի առաջատար համալսարանում |armenpress.am|
07:37 - 15 հունվարի, 2020

Հայաստանից ընտրված երիտասարդները կսովորեն Սիլիկոնյան հովտի առաջատար համալսարանում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ երիտասարդները Սիլիկոնյան հովտում ուսանելու հնարավորություն կունենան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ ցանկացողներն արդեն կարող են դիմել, հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը:

«Կարող է դիմել ցանկացած անձ 21 տարին լրացած, ով ունի ձեռներեցության որոշակի փորձ, միգուցե կազմակերպություն է հիմնել կամ համահիմնադիր է և ունեն նոր գաղափար, որն այս ծրագրի օգնությամբ կկարողանան առաջ տանել և իրագործել: Ասեմ, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Նույնիսկ հետաքրքվում են մարդիկ, ովքեր կայացած ձեռներեցներ են, ինչը շատ ոգևորիչ է»,-ասաց Արմեն Աբրոյանը:

Յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում, որը մեծ համբավ ունի: Երիտասարդ գործընկերների հետ իրենց փորձով կիսվելու են Իլոն Մասկը (Tesla), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media), «AirBnB»-ի առաջնորդները, «YouTube»-ի հիմնադիրները` ներկայացնելով գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը:

Արմեն Աբրոյանի խոսքով, նպատակ կա Հայաստանը դարձնել տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն: Այդ համատեքստում, ի թիվս այլ ծրագրերի, կարևորվում են կրթական նախաձեռնությունները: Սիլիկոնյան հովտի այս կրթական ծրագիրը, ըստ Արմեն Աբրոյանի, շատ կարևոր է, այն թույլ է տալիս Հայաստանը կապել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական կենտրոնների հետ:

«Սա պարզապես կրթական ծրագիր չէ, այն հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել կապեր հաստատել, ոլորտի ներդրողների հետ հարաբերություններ կառուցել. շատ կարևոր է սեփական գաղափարներն առաջ տանելու ուղիներ գտնել: Վերջերս ՀՀ վարչապետի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի Սիլիկոնյան հովիտ այցելության ժամանակ հանդիպում եղավ հայր և որդի Դրեյփերների հետ, ովքեր հիմնել են այդ համալսարանը, եղավ պայմանավորվածություն համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Հայաստանի մոտ 15 ձեռներեց կմեկնի Սիլիկոնյան հովիտ մասնակցելու այդ կրթական ծրագրին: Մասնակիցներին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և նախարարության կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները: Հաշվի կառնվեն առաջարկված գաղափարները, մասնակիցների ներուժը և այլ բաղադրիչներ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել