Այսօր Կապանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ով է պետական հեղաշրջման փորձի փորձ արել, և արդյո՞ք կան ձերբակալվածներ, քանի որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ պետական հեղաշրջման փորձ է կանխվել։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դեպքում մենք գործ ունենք մի դեպքի հետ, երբ մարդիկ ոչ թե լուրն են կարդում և ընկալում, այլ դրա վերնագիրը։

«Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, Արմեն Գրիգորյանը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության։ Պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում։ Օրինակ, ժամանակակից աշխարհում կա տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ պատերազմն իրականում ընդանում է, բայց այդ պատերազմը ոչ մեկը չի նկատում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու ավելացրեց, որ եթե ճիշտ մեկնաբանենք, Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, կարող ենք դրանք ձևակերպել որպես հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ։

«Այդ պրոցեսի անբաժանելի մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարջձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։ Դա արվում է՝ ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժերի, կոռումպացված դեմքերի։ Եվ ինչո՞ւ է հեղաշրջում բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության։ Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ սկսզբում ինքը մտածել է, թե ողջ դատական համակարգն է ներգրավված այդ պրոցեսի մեջ, բայց ժամանակը ցույց է տվել, որ ընդամենը դատական համակարգի առանձին խմբեր են ներգրավված եղել։ Իսկ Սահմանադրական դատարանում կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ փորձել են ՍԴ մյուս անդամներին նույնպես ներգրավել պրոցեսում։

«Բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ-ի անդամների 80%-ը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել։ Չասե՛ք ինձ՝ տվե՛ք անուններ, որովհետև ես տվեցի անուններ։ Թո՛ւյլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատել»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այս հիբրիդային պրոցեսի ընթացքում եղել են կոնկրետ դատական պրոցեսներ, տարբեր օտերկրյա մայրաքաղաքներ այցելություններ, հանդիպումներ այն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և կոնկրետ ղեկավարների հետ, որոնք երկար տարիներ Եվրոպայից սպասարկել են Հայաստանի կոռումպացված իշխանությանը և իշխանության բռնազավթման կոնկրետ կետերի համահեղինակ են, որովհետև լռել են։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, և երբ ապացույցները բավարար լիեն, մարդիկ կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության։

«Բայց այդ պրոցեսի ամբողջ նպատակը այն չէ, որ ինչ-որ մարդկանց դատեն, այլ որ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն, և այդ վտանգները վաղուց չեզոքացված են։ Հայաստանի շատ քաղաքացիներ այդ վտանգը ո՛չ տեսել են, ո՛չ նկատել, և դա է ամենակարևորը»,- եզրափակեց նա։