Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
14:48 - 25 մարտի, 2020

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ` Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել