armtimes.com։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր:

Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն:

Ըստ հուշագրի՝ կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված ավիաչվերթների կազմակերպման կանոնակարգի ներդրման առնչությամբ:

Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին 8 ամսվա տվյալներով Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով փոխադրված ուղևորների քանակը 2017 թվականի 8 ամսվա համեմատ ավելացել էր 99.8%-ով (7 928 ուղևոր – 2017 թվականի 8 ամսում, 15 837 ուղևոր 2018 թվականի 8 ամսում), իսկ ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, երկու երկրների միջև ուղևորահոսքն ավելացել է 160.9%-ով (41 326 ուղևոր):