tert.am։ Ամուլսարի հարցում մենք պետք է լիարժեք ազնիվ լինենք և՛ մեր, և՛ միջազգային հանրության հետ, որովհետև դա մի խնդիր է, որը մենք ժառանգել ենք, այդ խնդրի այս կամ այն լուծումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի համար։

Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերից մեկին ի պատասխան նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ պետք է խորամուխ լինել, որպեսզի հասկանալ, թե ինչ լուծում ունի այս խնդիրը։

«Լուծում ասելով՝ նկատի չունեմ որևէ տարբերակ, այլ տարբերակ, որին մեզ կհանգեցնեն փաստերի հետազոտություներն ու ուսումնասիրությունները։ Լավ է, թե վատ, տխուր է, թե ուրախ, բայց այս պահին փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի, հաջորդ պահին, վաղը կամ մյուս շաբաթ կարող է ունենա, բայց կարող է և չունենալ, հիմա չունի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման համատեքստում իրեն շատ են օրինակ բերում՝ կապված Սիլիկոնյան հովտի հետ։

«Ինձ ասում են, որ ԱՄՆ-ում Սիլիկոնյանը հովիտ է, իսկ մենք հանք ենք ստեղծում։ Բայց փաստն այն է, որ ԱՄՆ-ն ստեղծվել ու կայացել է նաև հենց հանքարդյունաբերությամբ։ Երբ մարդիկ Եվրոպայից եկել են ԱՄՆ, եկել են ոսկու, քարածուխի, նավթի, պողպատի, գազի և այլնի համար։ Ինչպես տեխնոլոգիաներից չպետք է վախենալ, այնպես էլ հանքարդյունաբերությունից»,-ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հանքարդյունաբերությունը լինի այնպիսին, որ մարդկանց կյանքում էական ու տեսանելի վնաս հասցնի։

Ավելին՝ tert.am-ում