Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
16:25 - 09 ապրիլի, 2019

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:
«Հայաստանի և Չեխիայի համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է և չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Լյուբոմիր Մետնարը և նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաև՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում:

Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին, ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումներիքաղաքականությանը, և որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրի կողմից: Չեխիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել