Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը
11:08 - 11 մարտի, 2020

Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը: 

Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի` 412  հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի  ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև  կնքված համաձայնագրի  հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի  նախապատրաստական  խմբեր  ունեցող  բոլոր  հանրակրթական  դպրոցներին:

Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար:

Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել