Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն» |armtimes.com|
09:02 - 16 մայիսի, 2019

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն» |armtimes.com|

armtimes.com։ Նյու Յորքում Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Քննարկվեցին հիմնադրամի գործունեության, ռազմավարության և ծրագրերի մասին հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստան համահայկական հիմնադրամը մոտակա տարիների համար մշակել է նոր ռազմավարություն, ասում է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ում գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ուղեկցությամբ օրերս գտնվում էր Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպելու համար:

Անցած տարվա հոկտեմբերից հիմնադրամի ղեկավարումը ստանձնած Արշամյանը նշում է՝ մշակված նոր ռազմավարությունը ներառական է, կապահովի հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, այն հաշվի է առել բազմաթիվ քննարկումների ժամանակ բարձրաձայնած մտահոգություններն ու տարիների կուտակած փորձառությունը:

«Ի վերջո հասկացանք, որ մեր հայ իրականության պարագայում ամենաճիշտը ցանցային աշխատանքային ոճն է: Շատ կարևոր է ապահովել հիմնադրամի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև շահառուների, աջակիցների ու դոնորների ներգրավվումը հիմնադրամի գործունեությանը»,- նշում է Արշամյանը:

Նրա խոսքերով, հիմնադրամն ունի ինչպես հեռահար, այնպես էլ մոտակա նպատակներ: Նյու Յորքում հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մոտակա ծրագրերին, որոնցից առաջնայինը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին տներով ապահովելն է: Ըստ Արշամյանի՝ համահայկական մոբիլիզացիայի արդյունքում երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր է կարգավորել այս հարցը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են:

«Դրա առաջին քայլը 40 բնակարաններով շենքի կառուցումն է, որի ուղղությամբ դրամահավաքը սկսվել է, Մեր Ֆրանսիայի գործընկերներն արդեն խոստացել են կես միլիոն եվրո այս ծրագրին»,- հայտնում է հիմնադրամի ղեկավարը: Արշամյանը կարևորում է Սփյուռքում համախմբվածությունը հիմնադրամի ծրագրերի շուրջ:

Անհրաժեշտ են աշխատանքներ հենց Սփյուռքի համայնքներում՝ հիմնադրամի կարևորությունը մեծացնելու ու այն Սփյուռքում ավելի ճանաչելի դարձնելու համար: Այդ ճանապարհին օրինակ Միացյալ Նահանգներում կառույցը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը:

Ավելին՝ armtimes.com։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել