armenpress.am։ Հայրենադարձների անձնական իրերը մաքսատուրքից ազատելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո մեծ արձագանք է եղել Սփյուռքի մեր հայրենակիցներից:

Ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ նամակներ են գալիս մեր հայրենակիցներից, որոնք ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ:

«Այսօր էլ ասուլիսից առաջ կրկին այդ բովանդակությամբ նամակներ ստացա: Նման դեպքում մեզ շատ աջակցում է Մաքսային ծառայությունը, որը սիրով ամենայն մանրամասնությամբ մեր հայրենակիցներին ներկայացնում է սպասվող փոփոխություններն ու արտոնությունները: Կարծում եմ, այս գործում պետք է ներգրավել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որի հետ նույնպես ակտիվորեն աշխատում ենք»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր էլ Մաքսային կարգավորման մասին օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության նպատակով վերադարձողների համար: Հաշվի առնելով վերջին երկու տարվա պրակտիկան, գործնականում առաջացած խնդիրները, առաջարկությունները՝ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ: Այսօրվա գործող օրենքով, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, ստանում է որոշ արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադառնալու դեպքում, բայց այստեղ կա մի նրբություն, ինչը օրենքի տառացի մեկնաբանման դեպքում նույն հայրենադարձների մոտ առաջացնում է որոշակի խնդիրներ, տարընթերցման տեղիք է տալիս:

«Մենք նախ 5 տարվա սահմանաչափը նվազեցնում և դարձնում ենք 3 տարի: Հիմա նոր փոփոխությամբ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Յուրաքանչյուր անձ կարող է իր հետ բերել մեկ տրանսպորտային միջոց, եթե այն առնվազն վեց ամիս իրեն է պատկանել: Օրենքի նախագծի արտոնություններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր, օրինակ, մեկ կամ երկու տարի Հայաստանում սովորում են կամ աշխատում, ՀՀ քաղաքացի չեն և հիմա որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծեց, որ օրենքով նախատեսված այս արտոնությունից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

«Մենք ունենք նաև փոփոխություններ, որոնք զգալիորեն թեթևացնելու են մաքսային գործընթացների վարչարարությունը: Այն փաստաթղթերի ցանկը, որը պահանջվում էր մեր հայրենակիցներից, վերանայվել է: Ավելի դյուրացրել ենք այդ հատվածը: Ուզում եմ վստահեցնել՝ արվում է առավելագույնը, որ նրանք սահմանին ոչ մի խնդրի չբախվեն»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Նա տեղեկացրեց ևս մեկ արտոնության մասին: Այն անձը, որը մեկնում է արտերկիր աշխատելու նպատակով և մեկ տարի հետո ցանկանում է վերադառնալ Հայաստան, կարող է 5 հազար եվրո արժողությամբ ապրանք բերել՝ առանց մաքսատուրքի: Քաղաքացիներն այս արտոնությունից կարող են օգտվել երեք տարին մեկ:

Օրենքի նախագծի վերաբերյալ մինչև ամսվա վերջ կլինի կառավարության դիրքորոշումը, որից հետո այն կհայտնվի Ազգային ժողովում: Բանախոսները հույս հայտնեցին, որ մինչև մարտի վերջ, ապրիլի սկիզբ այս արտոնություններն ամբողջությամբ կգործեն: