Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|
15:24 - 17 ապրիլի, 2020

Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց միաձայն` 107 «կողմ» ձայնով:

Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից:

Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:

Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել