Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Ռոբերտ Աբաջյանի անվան լսարան |lragir.am|
08:22 - 06 հուլիսի, 2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է Ռոբերտ Աբաջյանի անվան լսարան |lragir.am|

lragir.am: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից, Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջյունելով հյուրերին՝ նշեց, որ այսօր նշանակալից օր է, քանի որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100-ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով: «Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասաց ռեկտորը՝ նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարներին, որոնց դրամահավաքի արդյունքում իրականություն է դարձել այս ազգանվեր գործը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սփյուռքի գործոնը շատ կարևոր է հայրենիքի պաշտպանության գործում: «Այսօր հպարտություն են զգում՝ կանգնելով այստեղ բուժվող զինծառայողների կողքին»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի և ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը ծառայում են ի նպաստ պետության:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող պատվիրակությունների ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ, հյուրեր, այդ թվում՝ մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը: Որոշում է կայացվել հաջորդ լսարանն անվանակոչել Արմենակ Ուրֆանյանի անունով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը նախատեսում է համալրել նորաբաց գրադարանը գրքերով: Ինչպես նշեց Արմեն Մուրադյանը, գրադարանի առաջին 50 գիրքը նվիրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:

Նշենք, որ միջոցառման մասնակիցներին իր հայերեն կատարումներով ողջյունեց ԵՊԲՀ-ում սովորող հնդիկ ուսանողուհին՝ ցույց տալով հարգանքը հայ ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել