Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ լավ․ Փաշինյանը խոսեց նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություննեի մասին |armtimes.com|
17:06 - 06 մայիսի, 2020

Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ լավ․ Փաշինյանը խոսեց նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություննեի մասին |armtimes.com|

armtimes.com: Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական դաշնակցային։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը ՀՀ-ի գործընկերն է անվտանգության ոլորտում։ «Մենք շարունակում ենք քաղաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում շատ ինտենսիվ աշխատել, եւ այդ աշխատանքի նպատակներից է նաեւ մեր մասնակցությամբ կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ Եվրասիական տնտեսական միությանը։

«Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում 2018 թվականից հետո ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ եւ մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայամաններին ադապտացվելու։

Ինչպես շեշտեց Փաշինյանը՝ խոսքը չի վերաբերում միայն Եվրասիական տնտեսական միությանը, խոսքը վերաբերում է բոլորին եւ ՀՀ-ն պետք է նոր իրավիճակով եւ կարգավիճակով ադապտացվի այդ նոր միջավայրին։ «Ես կարծում եմ, որ այդ ադապտացիան տեղի է ունենում շատ հաջող։ Մենք ձգտում ենք եւ համոզված եմ, որ կհասնենք արդյունավետության վերին սանդղակին եւ դրանից հետո էլ չենք բավարարվի, այդ նշաձողն ավելի կբարձրացնենք»,- ասաց նա։

Փաշինյանը նաեւ բարձրաձայնեց, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, եւ ընդգծեց, որ այս հարաբերությունները շատ լավ են, դինամիկ։ Նրա խոսքով՝ իհարկե, կորոնավիրուսի հետ կապված կան հարցեր, որոնք եւ պետք է պարզել։ «Համաճարակով պայմանավորված մեր հարաբերություններում բարդություններ են առաջացել նաեւ Վրաստանի հետ։ Վրաստանի վարչապետի հետ այս ընթացքում մի քանի անգամ եմ հեռախոսազրույց ունեցել եւ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են, բայց սա չի նշանակում, որ խնդիրներ չկան»,- պարզաբանեց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա Լարսում ձյուն է գալիս, մեքենաներ են կուտակվում եւ լինում են մարդիկ, որոնք մեկնաբանում են դա հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել