Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: