Հանձնե՛ք բուֆետները համալսարաններին․ «Ռեստարտ» նախաձեռնություն
15:25 - 27 մայիսի, 2019

Հանձնե՛ք բուֆետները համալսարաններին․ «Ռեստարտ» նախաձեռնություն

Համալսարանների ձեռնարկատիրական գործունեությունն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ, իսկ սրան զուգահեռ համալսարանները իրենց եկամուտների առյուծի բաժինը ծախսում են աշխատավարձեր վճարելուն։ Այս մասին գրված է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Նախաձեռնության գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Մեր ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ պետական խոշոր բուհերի տարեկան բյուջեների միջին հաշվարկով 75 – 80 տոկոսը /ՀԱԱՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ/ տրամադրվում է աշխատավարձային ծախսերին։ Հընթացս, բուհերը ամեն տարի իրականացնում են ապրանքների և ծառայությունների գնումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Ներկայումս բուհերի համար հիմնական մարտահրավերներից է եկամտաբեր ֆինանսական քաղաքականության իրականացումը, որը բուհերի զարգացման համատեքստում անկյունաքարային դրույթներից է։ Ֆինանսական հաջող քաղաքականություն իրականացնելու համար բուհերը պետք է զարկ տան ձեռնարկատիրական գործունեությանը, որպեսզի մեծ մասամբ կախված չլինեն վճարովի համակարգում սովորողների ուսման վարձերից։ Օրինակ՝ 2017-2018 ուստարվա ԵՊՀ-ի տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը գոյացել է հենց վճարովի համակարգում սովորողների ուսման վարձերից, մոտ 20 տոկոսը՝ պետական հատկացումներից։ Այս թվերից պարզ է դառնում, որ բուհի հիմնական գոյամիջոցը ուսանողների վարձերն են։
Ձեռնարկատիրական գործունեությունը, տարբեր հետազոտական պատվերների իրականացումը և այլն բուհերի համար նույնպես պետք է ծառայեն որպես ֆինանսական աղբյուր և հնարավորություններ ստեղծեն բուհերի զարգացման համար։

Այսպիսով՝ բուհերի ձեռնարկատիրության մաս են հանդիսանում նաև ուսանողական սննդի կետերը։ Եվ, ի պատասխան մեր իրականացրած հարցումների, բուհերը/ ԵՊԼՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ՀԱՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ/ պատասխանել են, որ սննդի կետերից ստացված գումարները ոչ թե ստանում է տվյալ համալսարանը, այլ պետական մարմինները։ Այսինքն՝ բուֆետներից ստացված եկամուտները համալսարանը չի տնօրինում։
Կարծում ենք, որ սա վատ պրակտիկա է, և եթե սննդի կետերի գործունեության կազմակերպումը /մրցույթի հայտարարություն և այլն/ իրականացնում են բուհերը, ապա վերջիններս պետք է ստանան նաև այդ բուֆետների վարձակալությունից ստացված գումարները։

Մենք այս առիթով ցանկանում ենք հանդիպել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչների հետ և առաջարկել նրանց, որ մեր կողմից բարձրաձայնված խնդիրը քննարկվի կառավարության նիստի ժամանակ։

Հուսով ենք՝ ՀՀ Կառավարությունը, կարևորելով բուհերի ձեռնարկատիրական գործունեության բարձր դերը և նշանակությունը պետական բուհերի համար, կընդունի մեր առաջարկը, և համալսարանական բուֆետները կվերադարձվեն համալսարաններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել