«Հանրային հեռուստատեսությունը պետք է սովորի ինքնուրույն դերակատարում ստանձնել՝ միջնորդավորելով պետության և հասարակության ներդաշնակ հարաբերությունները» |hetq.am|
06:08 - 27 մայիսի, 2019

«Հանրային հեռուստատեսությունը պետք է սովորի ինքնուրույն դերակատարում ստանձնել՝ միջնորդավորելով պետության և հասարակության ներդաշնակ հարաբերությունները» |hetq.am|

hetq.am։ Ռեժիսոր Արա Շիրինյանը 2019 թ. ապրիլի 1-ին ընտրվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Արա Շիրինյանի հետ զրուցել ենք Հանրային հեռուստաընկերության դերի վերաիմաստավորման եւ զարգացման հարցերի շուրջ։

Պրն Շիրինյան, ապրիլի 1-ին ՀՌԱՀ ձեւավորած հինգ հոգանոց հանձնաժողովը քսաներեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ Ձեզ ընտրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Ընտրության այդ ընթացակարգը եւ ընտրող հանձնաժողովի ձեւավորման կարգն ինչպե՞ս եք գնահատում։

Ընդհանուր առմամբ՝ դրական, որովհետև 2002 թ. սկսած առաջին անգամ այս պաշտոնի համար կայացավ իսկական մրցույթ, ոչ թե նշանակում: Շատ բան կախված էր հենց մրցութային հանձնաժողովի կազմից: Սակայն դրա ձևավորման ընթացակարգում չկա շահերի բախումը բացառող դրույթ: Ընդհանրապես, Հայաստանի օրենսդրության մեջ շահերի բախումը միշտ անտեսվել է, համարվել է երկրորդական, ինչը և ամեն անգամ կասկածների տեղիք է տալիս:

Ձեր ընտրությունից հետզ սոցիալական ցանցերում, նաև մասնավոր զրույցներում տեսակետներ հնչեցին, որ թեև միանգամայն արժանի թեկնածու էիք մասնագիտական փորձառության տեսանկյունից, բայց ոչ այնքան չեզոք, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Դուք Ֆեյսբուքում նոր կառավարության քարոզչությամբ էիք զբաղված: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

Ֆեյսբուքում կարծիք կամ քաղաքական գնահատական հայտնելը սովորական երևույթ է: Այսօր հնարավոր չէ որևէ բան թաքցնել, և ցանկության դեպքում կարելի է համոզվել, որ կառավարության կամ որևէ քաղաքական ուժի քարոզչությամբ երբեք չեմ զբաղվել: Ես պաշտպանել եմ հեղափոխության գաղափարը և արժեքները, և դա արել եմ շատ ավելի վաղուց, քան ձևավորվել է այսօրվա իշխանությունը:

Ձեր ընտրությունից անմիջապես հետո ասել եք, որ «Հեռուստատեսությունն իր բնույթով քաղաքացի ձևավորող գործոն է: Մեծամասամբ Հանրային հեռուստատեսությունից է կախված, թե որքանով մարդիկ կվստահեն իրենց պետությանը: Մեր հասարակությունը երկար տարիներ արդարացիորեն չի վստահել հեռուստատեսությանը և հիմա մեծ ջանքեր կպահանջվեն այս իրողությունը փոխելու համար»: Ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել վստահությունը Հանրային հեռուստատեսության նկատմամբ։

Ընդհանրապես զանգվածային լրատվամիջոցի, հատկապես հեռուստատեսության գործունեությունն անիմաստ է, եթե այն չի վայելում հասարակության վստահությունը: Մենք սա տեսել ենք տարիներ շարունակ և հիմա պետք է մեկընդմիշտ ընդունենք, որ հանրային հեռարձակման օրակարգն ու բովանդակությունը թելադրվում է հասարակության շահով, ոչ թե իշխանության կամ կառավարող մարմինների:

Այս փոփոխությունն արդեն սկսվել է անցյալ տարվա հեղափոխությունից հետո թե՛ հասարակության պահանջով և թե՛ իշխանության կամքով՝ երկրի ընդհանուր ժողովրդավարացման գործընթացում: Բայց սա պետք է լինի երկկողմանի ընթացք: Հանրային հեռուստատեսությունն իր հերթին պետք է սովորի ինքնուրույն դերակատարում ստանձնել՝ միջնորդավորելով պետության և հասարակության ներդաշնակ հարաբերությունները:

Այսօր դեռ չունենք կառուցակարգային (ինստիտուցիոնալ) երաշխիքներ և գործող մեխանիզմներ, որոնք կապահովեն այս փոփոխության անշրջելիությունը: Բայց համոզված եմ, որ հետևողական և ճիշտ քայլերով հնարավոր է վերականգնել հեռուստադիտողի վստահությունը և բավարարել մեր հասարակության հիմնական սպասելիքները հանրային հեռարձակումից:

Որո՞նք են հասարակության սպասելիքները հանրային հեռարձակումից:

Դա քաղաքականապես հասուն և հավասարակշռված տեղեկատվությունն է՝ մատուցված լրագրողական բարձր չափանիշներով և առանց գնահատականների: Վերլուծական ծրագրերն են, որոնք մեկնաբանում են իրադարձությունների նշանակությունը փորձագիտական որակով:

Քաղաքական և հասարակական բանավեճերն են, որոնց մասնակիցները հիմնավորում են սեփական տեսակետը՝ հարգելով ուրիշինը: Դա հաղորդավարների պրոֆեսիոնալիզմն է, խորը գիտելիքները և անձնական հեղինակությունը, որոնց շնորհիվ եթերում բացառվում է ատելության խոսքն ու արհամարհական վերաբերմունքը, կեղծ օրակարգն ու հորինված փաստարկները: Դա գլոբալ վավերագրությունն է, որը ներկայացնում է մեր անցյալն ու ներկան՝ համաշխարհային պատմության համատեքստում:

ժամանցային ծրագրերն են, որոնք լրացնում են մարդկանց ոչ միայն ազատ ժամանակը, այլև միտքն ու զգացմունքները: Իսկ ռեյտինգներով չափվող «հեռուստադիտողի նախասիրությունները» պետք է թողնել մասնավոր հեռուստաալիքներին, որոնք ֆինանսավորվում են գովազդից:

Հանրայինի դեպքում, նույնիսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն դիտում հեռուստացույց, պետք է վստահ լինեն, որ եթերն անվտանգ է ու ապահով, որ պետությունը չի լվանում իր քաղաքացիների ուղեղը, իսկ սերիալները չեն փչացնում համակեցության մթնոլորտը:

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը վերջերս Աժ-ին հաղորդում ներկայացնելիս ասաց, որ երկար տարիներ իշխանությունները կոպտորեն միջամտել են հեռուստառադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային, խմբագրական, կադրային, ֆինանսական քաղաքականությանը։ Հանրային հեռուստաընկերությունում ազատության, բազմազանության բացակայության կամ պակասի մասին Դուք եւս բազմիցս խոսել եք։ Հիմա, երբ անմիջականորեն եք առնչվում Հանրային հեռարձակող մեդիային, դեռեւս զգալի՞ են անցյալի այդ սահմանափակումների հետեւանքները։

Այո, հետևանքները զգալի են: Հանրայինը դեռ կառավարվում է կորպորատիվ տրամաբանությամբ և օգտագործում է հանրային ռեսուրսը առանց հռչակած հայեցակարգի: Մինչդեռ եթերը հանրային տարածք է և չի հանդուրժում առանձին խմբերի և անհատների մենաշնորհ: Այն պետք է ընդգրկի բոլոր խավերին, արտացոլի ամբողջ հասարակության մտավոր և ստեղծագործական ներուժը:

Երկար տարիներ հասարակությունը դիտվել է իբրև անշնորհակալ զանգված, որն ընդունակ չէ լավը գնահատելու: Հեռուստաընկերությունները փորձել են ամեն գնով զվարճացնել հեռուստադիտողին, որ չդժգոհի: Բայց հեղափոխությունը ցույց տվեց, որ մեր հասարակությունն ավելի հասուն է, քան կարծում են հեռուստաեթերը տնօրինողները:

Պատահական չէ, որ հեղինակություն վայելող շատ ինտելեկտուալներ, մտածող մարդիկ զրկված են եղել հանրայինի եթերում կարծիք արտահայտելու հնարավորությունից։ Արդյունքում, եթերը զբաղեցրել են նույն դեմքերը, հիմնականում՝ շոու բիզնեսի աստղերը, որոնք թելադրում են սեփական օրակարգը հանրայինի եթերում:

Հաղորդավարների, երգիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների ճանաչելիությունն ապահովող հաղորդումները, սերիալներն ու հումորը հաճախ չեն արտացոլում հանրության տրամադրությունները, վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը, տարածում են խոսույթի և վարվելակերպի անընդունելի օրինակներ: Այս ամենի մասին բազմիցս խոսվել է:

Սրանք 2000-ականների կեսից արմատացած համակարգային դեֆեկտներ են, որոնք շարունակվում են իներցիայով և ժամանակ են պահանջում շտկելու համար:


Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ձեւավորման օրվանից հիմնականում ձեւական բնույթ է ունեցել եւ փաստացի չի առնչվել Հանրային հեռուստատեսության կամ ռադիոյի գործունեությանը։ Խորհրդի նախագահը նախկինում միանձնյա կառավարում էր իրականացնում։ Ինչպե՞ս է հնարավոր բարձրացնել Խորհրդի դերը։

Նախ պետք է հասկանալ, թե որն է Խորհրդի դերը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը, կարծում եմ, կարիք ունի փոփոխման, չի սահմանում խորհրդի գործունեության նպատակը: Բավարար չէ ասել, որ Խորհուրդը Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման մարմին է:

 24-ժամյա ռեժիմով աշխատող հեռուստատեսությունն ու ռադիոն ամեն դեպքում կառավարվում են և լավ կլինի խուսափել գործառույթների կրկնությունից: Խորհուրդն ունի լիազորություններ, որոնց նպատակը հասկանալի չէ։ Լավ կլիներ, որ օրենսդիրները հստակ որոշեն, թե ում անունից է գործում Խորհուրդը, որն է նրա պատասխանատվության ոլորտը:

Իմ պատկերացմամբ՝ Խորհրդի գործունեության նպատակն է պաշտպանել երկրի քաղաքական, իրավական և սոցիալական կառուցվածքի հիմքում դրված արժեքները, սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը, պաշտպանել պետության ինքնիշխանությունը և մարդու հիմնարար ազատությունները, նպաստել հեռուստադիտողի հոգևոր զարգացմանը:

Այսպիսի հայեցակարգային մոտեցումը պետք է օրենքում հստակ շարադրված լինի բառերով, որպեսզի հանրային հեռարձակման արդյունքը կախված չլինի այս կամ այն ղեկավարի ընկալման առնձնահատկություններից:

Շարունակությունը՝ hetq.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել