Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան
19:00 - 06 ապրիլի, 2020

Հանրաքվե նշանակելու, արտակարգ դրություն հայտարարելու ու այլ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց․ իսկապես հպարտանում եմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Առաջին հարցը, որն ավելի քան 6000 հավանության է արժանացել, հետեւյալն է․

«Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»։

Փաշինյանն այս հարցից հիշեց որոշ քննդատություններ, որ երկար տարիներ ուղղում էին իրեն, երբ ինքը ԱԺ պատգամավոր էր․

«Այն ժամանակ էլ էին ասում՝ ինչ եք անում, խոսում եք։ Բայց ուզում եմ ասել՝ խորհրդարան բառը ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, որ նշանակում է խոսելու տեղ։ Սա շատ կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, եւ պառլամետը այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բանավեճ տեղի ուեննա, եւ խոսելը, արտահայտվելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործ է։ Վարչապետն էլ, որ գնում է, խոսում է, մտքեր են փոխանակում։ Բայց շատ կարեւոր է, որ խոսքի արժեքը չթերագնահատենք, այլ բան է, որ բոլորս մեր խոսքի արժեքի վրա պետք է մտածենք»,- ասաց վարչապետը՝ շարունակելով, որ այսօրվա խորհրդարանի լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբերջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այնտեղ որոշում կայացվեց անցկացնել արտահերթ ընտրություններ․

«Եւ այդ ընտրությունների պաշտոնական հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն ունի կարիք՝ ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհդրարան ձեւավորելու։ Իրենց տեսակետից աշխարհում վերջին 1,5 տարվա ընթացում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում ձեւավորվել էր նոր, երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ են հայտնվել, որոնք միջազգային հարթկներում կարողանում են շատ լուրջ ներկայացնել ՀՀ-ն եւ ՀՀ-ի ժողովրդավարությունը, եւ ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ»։

Փաշինյանը ներկայացրեց parliamentmonitoring.am-ի վիճակագրությունը, որտեղ ամփոփված են 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի աշխատանքները, եւ, որի համաձայն, ընդունված օրենքների շուրջ 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարություն։ Այս ցուցնիշը, Փաշինյանի խոսքով, պատգամավորների գործունեության մեջ վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն է․

«Որպես երկու գումարումների պատգամավոր, դրանից  առաջ որպես լրագրող ԱԺ լուսաբանած՝ ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը՝ որպես քաղաքական մարմին, իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին, եւ, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունն է առաջին հերթին ձեւավորում այդ իմիջը»։

Վարչապետը նկատեց՝ իհարկե, այս խորհրդարանը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, եւ նրա ամենակաւեոր խնդիրը՝ կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ։ Այս առումով, Փաշինյանի համոզմամբ, լուրջ անելիք կա․

«Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ այդ անելիքը լիարժեք կանենք, իսկ մինչ այս պահը այդ խնդիրը լուծված ՝ բավական արդյունավետ։ Վերջին ամենաքաղաքական քննարկումը, որ եղավ խորհդրարանում, հանրաքվե նշանակելու հարցն էր, որի ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետեւ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ, հետագայում եւս, արտակարդ դրություն հայտարարելու հետ կապված քննարկման ժամանակ էլ «Իմ քայլը» բարձր մակարդակի աշխատանք ցուցաբերեց, եւ ես իսկապես հպարտանում եմ»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել