Հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն անհրաժեշտ պարագաները ձեռք բերել հավաստագրով |armenpress.am|
05:34 - 05 ապրիլի, 2019

Հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն անհրաժեշտ պարագաները ձեռք բերել հավաստագրով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն անհրաժեշտ պարագաները ձեռք բերել հավաստագրով, ինչը ենթադրում է մրցակցություն և ընտրության լայն հնարավորություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի փորձագետ Գևորգ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ հավաստագրի գործընթացին ամբողջական անցնելը, նախ ծրագիրը փորձարկվել է մի քանի պարագաների դեպքում: Սկզբում հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրով տրամադրվել են սայլակները, լսողական ապարատները:

Արդյունավետությունը տեսանք, հաշմանդամություն ունեցող անձանցից դրական արձագանքներ ստացանք և որոշվեց անցում կատարել բոլոր պարագաներին: Այս տարի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց անհրաժեշտ բոլոր պարագաները կարող են ձեռք բերել հավաստագրով: Ի՞նչ է դա ենթադրում: Նախկինում դա կատարվում էր պետական գնումների միջոցով և մեկ կազմակերպություն էր ապահովում այդ պարագաները: Հիմա տարբեր կազմակերպություններ որակավորվում են նախարարության կողմից: Արդյունքում հաշմանդամության պարագաներն ապահովում են մի քանի ընկերություններ, ինչը բերում է մրցակցության:

Մենք այսօր կազմակերպությունների շրջանում մրցակցություն ունենք, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք էլ ունեն ընտրության լայն հնարավորություն: Այսօր ունենք պարագաներ, որոնք 7-8 կազմակերպություններ են տրամադրում, իսկ դա նշանակում է, որ անձը կարող է պարագան ընտրել որտեղից որ ցանկանա: Տեսեք նախկինում մեկ կազմակերպություն էր այդ ամենն ապահովում, և բնական է, որ որքան էլ ցանկանար, չէր կարողանա 8 կազմակերպությանը հավասար տեսականի ապահովել»,-ասաց Գևորգ Խաչատրյանը:

Հաշմանդամություն ունեցող անձին տրվող հավաստագիրը ենթադրում է գումարի չափ, որի շրջանակում էլ քաղաքացին ընտրում է պարագան: Գևորգ Խաչատրյանը նկատեց, որ այդ պարագաներն ապահովող կազմակերպություններն ունեն մասնաճյուղեր տարբեր տեղերում, դա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձը ստիպված չի լինի միայն մեկ տեղ գնալ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել