Վեցերորդ վարչության հատուկ նշանակության վաշտի դիմակավորված աշխատակիցները Հատուկ գործողություն են իրականացվում Կիլիկիայի ավտոկայանում:

Ըստ ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի, տարիներ շարունակ Կիլիկիա ավտոկայանից հոսանքի կորուստ է տեղի ունեցել։ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ օրինակ նախորդ ամիս 600 հազար դրամից ավելի գումար է ծախսվել հոսանքի համար, դրան նախորդող ամիսներին՝ ծախսը 1 միլիոնից ավելի է եղել: Նրա պնդմամբ, Հայաստանում գործող 27-28 ավտոկայաններից ամենաշատը հենց այստեղ է հոսանք ծախսվել։ Այս պահին իրավապահները փորձում են հասկանալ՝ ի՞նչ խնդիր է և ինչպե՞ս է այդ հոսանքի արտահոսքը տեղի ունեցել։

Շենքում կապարակնքված երեք դուռ կա, որտեղ, ըստ Աշոտ Մնացականյանի, առանց պայմանագրի գործունեություն է իրականացրել «Բոգո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը։

​Օրերս սեփական տան բակում այրվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան, իսկ համացանցում լուրեր էին տարածվել, թե տեղի ունեցածը կապ ունի Ռուբեն Կոստանյանի հետ: Այդ միջադեպի առթիվ էլ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

azatutyun.am