Հեղափոխությունն արցախցիների համար չէ՞․ ընդդիմադիրը դիմում է Փաշինյանին |epress.am|
15:36 - 03 ապրիլի, 2020

Հեղափոխությունն արցախցիների համար չէ՞․ ընդդիմադիրը դիմում է Փաշինյանին |epress.am|

epress.am: Արցախում ընտրությունները կազմակերպվել են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կլանի կողմից։ Եթե մենք իրենց կողմից կազմակերպված ընտրությունները համարում ենք փայլուն ու արդար, փաստորեն, ստացվում է, որ թավշյա հեղափոխությունն իրավական տեսանկյունից անընդունելի էր ու իրավական չէր։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը Ֆեյսբուքի միջոցով դիմել է Հայաստանի վարչապետին, ով բարձր է գնահատել անցած ընտրությունները։

Երեկ կառավարության նիստի սկզբում Փաշինյանը շնորհավորեց Արցախի ժողովրդին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առիթով: «Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»։

«Հարգելի պարոն Փաշինյան, քանի որ մեծ քանակի մարդկանց հետ ենք հանդիպում և զրուցում, արցախցիները, մենք չենք հասկանում՝ հիմա հեղափոխություն եղե՞լ է, թե՞ չի եղել։ Թե՞ եղել է, բայց դա ուղղակի արցախցիների համար չի։

Անորոշություն կա, մենք կցանկանայինք ձեզանից լսել ավելի հստակ ու տրամաբանական պատասխաններ։ Մինչև հիմա ինչ խոսել եք, բոլորը տրամաբանական էր, ի տարբերություն էս վերջին ձեր անհասկանալի խոսքերի, որ փայլուն էին ընտրությունները։

Ձեր կողմից այստեղ ուղարկված անձինք, ովքեր դիտորդական առաքելություն էին կատարում, իրենք հայտարարել էին․․․ մի բառով՝ խայտառակ վիճակ։ Եվ դուք դրանից հետո ասում եք, որ էդ ընտրությունները փայլուն են։

Արցախում ընտրությունները կազմակերպվել են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կլանի կողմից։ Եթե մենք իրենց կողմից կազմակերպված ընտրությունները համարում ենք փայլուն ու արդար, փաստորեն, ստացվում է, որ թավշյա հեղափոխությունն իրավական տեսանկյունից անընդունելի էր ու իրավական չէր։ Եթե մենք ընդունում ենք այս ընտրություններն այն տեսքով, ոնց դրանք եղան հիմա, ուրեմն մենք պետք է ընդունենք Սերժ Սարգսյանի 76 տոկոսը, որն ինքը մինչև հեղափոխությունը հավաքել էր։ Սա անտրամաբանական է։

Բացի դրանից, եթե մենք հանդուրժում ենք օլիգարխների կողմից իշխանությունը զավթելը, ստացվում է, որ թավշյա հեղափոխությունը ջարդում է իր տրամաբանությունը․ դա անտրամաբանական է, երբ մենք մերժում ենք Սերժին Հայաստանում, գնում օլիգարխիկ համակարգի դեմ, բայց Արցախում էդ օլիգարխիկ համակարգին թույլ ենք տալիս իշխանության գալ։

Պարոն Փաշինյան, դուք երաշխիքն եք եղել, որ Արցախում ընտրություններն արդար են լինելու։ Ամենայն պատասխատանվությամբ հայտարարում եմ, որ արդար չի եղել ո՛չ միայն քվեարկությունը՝ մարտի 31-ին, ո՛չ միայն քարոզարշավի ընթացքը, այլև թավշյա հեղափոխությունից հետո այդպես էլ Արցախում համապատասխան բարենպաստ դաշտ չի ձևավորվել, որպեսզի արդար մարդիկ կարողանային ձևավորվել որպես քաղաքական ուժ և մասնակցել այդ պայքարին։

Մի կարևոր հանգամանք կա․ դուք ո՛չ միայն ընտրություններն արդար ացնկացնելու երաշխավորն էիք, այլ նաև երաշխավորել եք, որ ազգային անվտանգության հարցերին եք տեր կանգնում։ Հիմա եթե նույնիսկ ընտրությունները չեք կարողանում արդար կազմակերպել, նույնիսկ սա ձեզ մոտ չի ստացվում, մենք ո՞նց վստահենք ձեզ մեր ազգային անվտանգության հարցերը։

Ձեզանից որևէ պատասխան եմ խնդրում, նաև ակնկալիք կա՝ իրոք Հայաստանում վիճակը խառն է, որ էսօրվա դրությամբ համակարգը Սերժ Սարգսյանի կադրերից ազատված չէ, հնարավոր է, ձեզ ինչ-որ բան ճիշտ չեն զեկուցում՝ խաղալով Սերժ Սարգսյանի խաղը։

Բայց եղել են ձեր կողմից ուղարկված դիտորդները, ովքեր շատ կոնկրետ փաստերով ներկայացնում են տեղի ունեցած խախտումները», – հայտարարել է ղարաբաղցի ընդդիմադիրը։

Դիմելով Ղարաբաղի բնակչությանը, Օսիպյանը կոչ արեց մարդկանց հավատալ իրենց ուժերին․ «Որովհետև ոչ մի չինովնիկ, ոչ մի քաղաքական կերպար չի կարող դրա դեմն առնել։ Եթե մենք բոլորս կանգնենք հանուն արդարության գաղափարների, մենք դրան հասնելու ենք անպայման»։

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 5-ին ժամը 15։00-ին Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան, 25 փողոցում կկայանա հին իշխանությունից և թալանից ազատվելու հերթական հավաքը։ Օսիպյանը կոչ արեց բնակչությանը և բոլոր քաղաքական ուժերին միանալ, իսկ Հայաստանի վարչապետին՝ կանգնել արցախաբնակ հայերի մեջքին և հեղափոխությունը հասցնել իր տրամաբանական ավարտին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել