Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ
 |armtimes.com|
18:26 - 03 ապրիլի, 2020

Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ |armtimes.com|

armtimes.com: Թե՛ սուպերմարկետներում, թե՛ առևտրի փոքր կետերում սահմանված նորմերը շատ հաճախ չեն պահպանվում. վաճառողները չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ կամ դրանք կրում են ողջ օրը՝ միևնույն ձեռոցով հպվելով բազմաթիվ իրերի, դրամի, հացի: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ այսօր ասուլիսին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասաց, որ խախտումներ արձանագրում են նաև մշտադիտարկողները, իրազեկում են, որ վերացնեն խախտումները կամ դադարեցնում տնտեսվարողի գործունեությունը 6 ժամով՝ պահանջելով այդ ընթացքում խախտումները վերացնել: Նա չհամաձայնեց, որ խախտումները համատարած բնույթ են կրում՝ նաեւ հորդորելով դրանց մասին իրազեկել 8107 հեռախոսահամարով»,- ասաց ԱԱՏՄ-ի ղեկավարը:

Նա հավաստեց՝ պահանջում են, որ գործատուները պահեն մատյաններ, որտեղ պիտի գրանցվեն աշխատողների ջերմաչափման արդյունքները և ժամը հերթափոխն ընդունելուց առաջ և մեկ անգամ էլ՝ ընթացքում:

Զամբյուղների և սայլակների ախտահանումը ևս կարևոր հարցերից մեկն է մշտադիտարկման հարցաթերթիկում: Ավագյանի հավաստմամբ՝ երբեմն մշտադիտարկումը սուպերմարկետում տևում է այնքան, որ տեսնեն՝ զամբյուղը օգտագործվելուց հետո անցնում է ախտահանման փուլը եւ դրանից հետո վերադառնում ընդհանուր կիրառման, թե ոչ:         

«Մենք տեսնում ենք, որ հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական դիմակներ են տալիս աշխատողներին, և մեր կողմից՝ որպես աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող մարմնի, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Ակնհայտ է, որ այդ դիմակը աշխատակիցը չի կարող կրել մեկ ժամից ավելի, քանի որ դրանով շնչել հնարավոր չէ, մանավանդ, որ ունենք դեպքեր, երբ աշխատանքը շարունակվում է ութ ժամ»,- ասաց նա:

Առհասարակ այժմ շուկայում առկա բժշկական դիմակների վերահսկողությունը խնդիր է, քանի որ չկա դրանց համար նախատեսված ստանդարտ: «Որքան գիտեմ, այդ դիմակների ստանդարտացումը չկա ԵԱՏՄ տարածքում: Հիմա տեսչական մարմինների գրասենյակի կողմից առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարությանը, և շատ արագ ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի մեր ազգային ընթացակարգով տեխնիկական կանոնակարգը, այսինքն, թե ինչ չափանիշների պիտի համապատասխանի շնչադիմակը, և, ըստ այդմ, մեր գործընկեր շուկայի վերահսկողական մարմինը կզբաղվի դրա վերահսկողությամբ»,- ասաց Ավագյանը:

Անդրադառնալով ալկոգելի շուկայի վերահսկողությանը՝ նա նշեց, որ այս նյութի ստուգումը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթներում է. «Որքանով տեղյակ եմ, դա նրանք պատշաճ են անում»:

Ի՞նչ լուծույթներ են փչում սուպերմարկետներում հաճախորդների ձեռքերին, երբեմն հաճախորդները դրանցից տհաճ հոտ են առնում։ Հարցին ի պատասխան՝ ԱԱՏՄ-ի ղեկավարը փաստեց, որ դա պիտի լինի էթիլային սպիրտ: «Եղել են սուպերմարկետներ, որ փակվելուց հետո, երբ վերաբացվել են, մուտքի մոտ հաճախորդների ձեռքներն ախտահանելու համար աշխատակից են առանձնացրել: Եթե մեր քաղաքացիները այս առումով խախտումներ են նկատել, կխնդրենք դիմեն մեզ, կտեսնենք՝ արդյոք Առողջապահության նախարարության կողմից սահմանված ախտահանիչ լուծույթների մասին նորմին բավարարում է, թե ոչ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել