Քրեական աշխարհում «Կայարանցի Թևոս» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր Վերաքննիչ դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ հայտարարություն արեց, որի մասին նախկինում չի խոսել:

Սարգսյանի խոսքով՝ երբ իրեն ձերբակալել են, տարել են Վովա Գասպարյանի մոտ, ու վերջինս խոստացել է նրա մասին «նենց կինո նկարել, որ կյանքում չմոռանա»:
«Ինձ տարել էին մի սենյակ և անընդհատ հարցնում էին, թե որտե՞ղ է գտնվում Մովսեսը, ո՛չ սպանության մասին էին հարցնում, ո՛չ այլ բանի, միայն ստիպում էին ասել Մովսեսի տեղը. ես էլ ասում էի՝ չգիտեմ»,-պատմեց Իսրայել Սարգսյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը նախ Մովսես Ներսիսյանին պատվիրել է Թևոս Սաֆարյանի եղբոր սպանությունն, ապա ինքը սպանել Մովսես Ներսիսյանին:

Սարգսյանի խոսքով՝ իր մոտ է գնացել Երևանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ Արա Զաքարյանն ու նրանք ևս հետաքրքվել են, թե որտեղ է Մովսես Ներսիսյանը:

«Ձեռնաշղթաներով էի, եկավ ոստիկանության աշխատակիցներից մեկը, «Բերետա» տիպի ատրճանակը դրեց գոտկատեղիս, ասաց՝ սա քոնն է»,- պատմեց Սարգսյանն ու նշեց, որ ինքն այդ ժամանակ հայտարարել է, որ երբ ձերբակալել են, իր մոտ զենք չի եղել:
Դրանից հետո, ըստ Սարգսյանի պատմածի՝ իրեն տարել են մի սենյակ, որտեղ հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին:

«Տարան մի այլ սենյակ, նստեցրին մի կլոր սեղանի մոտ, 5 րոպե անց այնտեղ մտավ Վովա Գասպարյանն՝ իր շքախմբով: Այնտեղ Աշոտ Կարապետյանն էլ էր, Արա Զաքարյանն էլ: Կանգնեց դիմացս, երկու բառ ասաց ու գնաց: Էդ Գոռ Վարդանյանի հետ կինո՞ եք նկարում, հա՞, սաղ աշխարհով մեկ ցույց տալիս, հեսա ես քո վրա նենց կինո եմ ասելու նկարեն, որ սաղ կյանքդ հիշես»,- ըստ Սարգսյանի՝ իրեն ասել է Վովա Գասպարյանն ու կատարել խոսքը: Շուտով «02» հաղորդաշարով ոստիկանությունը «ֆիլմ է» ցուցադրել այն մասին, որ սպանությունները կատարել են Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը:

Սարգսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այս ամենի մասին խոսել չէր կարող, քանի որ այն ժամանակ իրավիճակը Հայաստանում այլ էր, և Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանապետն էր:
Ամբաստանյալը վստահ է, որ իր վերաբերյալ գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին, քանի որ այն ժամանակ դատարանները հաստատում էին ԱԱԾ-ից ուղարկված բոլոր գործերով մեղադրանքները: