Հետագայում  այս օրենքը չպետք է օգտագործվի այլ պարագաներում․ սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ․ Սոս Ավետիսյան
12:47 - 30 մարտի, 2020

Հետագայում այս օրենքը չպետք է օգտագործվի այլ պարագաներում․ սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ․ Սոս Ավետիսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մի շարք հարցեր ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանին։

- Պարո՛ն նախարար, շատ լուրջ սահմանափակումների ենք գնում։ Արտակարգ իրավիճակը երևի թե արտակարգ միջոցառումներ է նախատեսում։ Ես ուզում էի հասկանալ՝ եթե արտակարգ իրավիճակի ավարտից հետո այս տվյալները ոչնչացնում են, ինչի ապաանձնավորվածները չեն ոչնչացվում։ Կա՞ վերահսկողության այլ մարմին՝ բացի այն մարմնից, որն այդ ամեն ինչը գրանցելու է իր մոտ։ Այսինքն՝ այդ մարմնի վրա վերահսկողություն ունե՞նք՝ իմանալու համար՝ դա արվում է պատշաճ կերպով, թե՞ ոչ։ Այդ «մոռանալու» իրավունքը, որպեսզի պետությունը մոռանա իր քաղաքացիների տվյալները, երբ ամեն ինչ վերջանում է։ Ես կարծում եմ՝ օրինակը՝  Հարավային Կորեայի և Իտալիայի, տարբեր ֆակտորները հաշվի առնելով, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև տարբեր ֆակտորներ կան՝ բացի այս երկուսի իրար հետ համարդելուց, այսինքն՝ տարբեր գործողություններ են արել պետությունները, և միայն տվյալների հավաքագրումով հնարավոր չէ համեմատել, որովհետև տարբեր կշիռներ ունեն այդ գործոնները, որոնք այդ երկրներն իրականացրել են։

- Այո՛, պարո՛ն Ավետիսյան։ Իրականում տարբեր են, բայց այն խումբը, որի մասին ես խոսեցի, որոնք բոլոր տեղեկատվությունը հավաքագրել և վերլուծել են, եկել են այն եզրահանգման, որ այն բոլոր երկրները, որոնք կիրառել են ժամանակակից տեխնոլոգիական միջոցներ, շատ ավելի արդյունավետ են պայքարել համաճարակի տարածման դեմ, քան այն երկրները, որոնք որ չեն կիրառել նման միջոցներ։ Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ է ապաանձնավորվածը պահում, իսկ անձնավորվածը ոչնչացվում, ուղղակի վիճակագրության համար, որը կարող է օգտակար նշանակություն ունենալ հետագա համաճարակների կանխարգելման համար կամ այդ տեղեկատվության հիման վրա կարելի է գնահատել, թե որքանով ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը նպաստեց համաճարակին։ Այսինքն՝ ապաանձնավորված նշանակում է այդտեղ անձնական տվյալ չի մնում, ակտիվ քարտեզ է մնում, որի վրա կարմիր կետերով նշվում է ընդհանրապես ակտիվության ցուցանիշները։ Իսկ երաշխիքը, որ արձագանքեք, կնշեմ, թե որ մարմինն է իրականացնելու։

- Այդ մարմինն է պետք նշել, նրա նկատմամբ վերահսկողությունն ու երաշխիքն է պետք նշել, նաև հետագայում այս օրենքից այս դրույթի, որը միայն պետք է միայն համաճարակներին վերաբերի։ Այսինքն՝ հետագայում չօգտագործվի այս օրենքը այլ պարագաներում։ Սրա համար էլ է պետք քաղաքական խոստում տալ։ Գուցե արտակարգ իրավիճակից հետո դուրս հանենք այս ամեն ինչը։

- Օրենքում արդեն ամրագրված է, որ որևէ այլ նպատակով օգտագործելը կառաջացնի, բնականաբար, Քրեական օրենգրքի դաշտում քրեական պատասխանատվություն։ Ինչ վերաբերում է այն կազմակերպությանը, որն անելու է, ԷԿԵՆԳ-ի (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) մասին է խոսքը գնում, որն ունի համապատասխան միջոցներ բոլոր օպերատորներից ստացված տեղեկատվությունը մեկ տեղում ամփոփելու համար և նույն երաշխիքներն են՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, երբ ոչ նպատակային միջամտություն է կատարվում մասնավոր ընտանեկան կյանքին։ Կարծում եմ՝ նաև նախագծում բազմիցս շեշտված է, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հիմքով առաջացած արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարված արտակարգ դրությանը։ Այսինքն՝ արտակարգ դրության որևէ այլ դեպքում այս միջոցառումներն իրականացնելն օրենքով թույլատրված չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել