«Հետք»-ի հրապարակման հիման վրա՝ «Турбослим День» և «Турбослим Ночь» հավելումները հետ են կանչվել |hetq.am|
10:28 - 24 հունիսի, 2019

«Հետք»-ի հրապարակման հիման վրա՝ «Турбослим День» և «Турбослим Ночь» հավելումները հետ են կանչվել |hetq.am|

hetq.am։ «Հետք»-ը վերջերս հոդված էր հրապարակել, որտեղ ուսումնասիրել էին նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումների շուկան: Պարզել էինք, որ հավելումների անվան տակ վաճառվող միջոցներիմի մասը պարունակում էր Հայաստանում արգելված սիբուտրամին դեղանյութը:

Լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել նաև ռուսական «Эвалар» ընկերության «Турбослим День» և «Турбослим Ночь» կենսաբանական ակտիվ հավելումները: Թեև փորձաքննությամբ դրանց մեջ որևէ խախտում չէր հայտնաբերվել, սակայն նմուշներն ունեին մակնշման անհամապատասխանություններ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, ՄՄ ՏԿ 022/2011 և ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգերի խախտում է և արդեն բավարար է պետական գրանցում չստանալու համար:

Մանսավորապես, «Турбослим День» հավելումումի (խմբաքանակի համար՝ 111076) օրիգինալ մակնշման մեջ պահպանված է ԿԱՀ-երի վերաբերող պահանջը, այն է՝ ուղղակիորեն չնշել որևէ բուժիչ հատկության մասին, սակայն հայերեն մակնշման մեջ նշված են ուղղակի բուժիչ հատկություններ՝ «իջեցնում է», «լավացնում է» և այլն, բացի այդ՝ հակացուցումները ևս տարբերվում են:

Նմանատիպ խախտումներ կային նաև «Турбослим Ночь» կենսաբանական ակտիվ հավելումներում (խմբաքանակի համար՝ 112089), որտեղ ևս օրիգինալ և հայերեն մակնշումներն չեն համապատասխանում:

Վերջերս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հետք»-ին տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա իրենք դիտարկում են իրականացրել դեղատներում, որի ընթացքում հայտնաբերվել է 79 հատ «Турбослим День» և 115 հատ «Турбослим Ночь» ԿԱՀ-ներ, որոնց հայերեն մակնշումը ևս չի համապատասխանել ռուսերեն մակնշմանը:

Տրվել է արտադրանքի հետկանչի և իրացումը կասեցնելու կարգադրագրեր:
Միևնույն ժամանակ, իրականացրած դիտարկման ժամանակ ՍԱՏՄ-ն սիբուտրամին պարունակող «Нормомасс» կենսաբանական ակտիվ հավելում իրացման ցանում չի հայտնաբերել, այդ պատճառով էլ որևէ գործողություն չի իրականացրել դրա վերաբերյալ: Նշենք, որ հոդվածում մենք մանրամասն նկարագրել էինք՝ ինչպես ենք դրանք ձեռք բերել ֆեյսբուք սոցիալական ցանցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել