Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է. նախարարությունը զգոնության կոչ է անում
07:24 - 30 մայիսի, 2019

Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է. նախարարությունը զգոնության կոչ է անում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարաության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով օրերս Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվել, հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում են խարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը:

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դրամահավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 27-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են ներկայացրել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է ընթանում:

Կոչ ենք անում քաղաքացիներին զգոն լինել և չտրվել խաբեության, իսկ նման նախաձեռնությունների մասին անմիջապես տեղյակ պահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 114 թեժ գծի միջոցով, կամ ՀՀ ոստիկանությանը՝ 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել