aysor.am։ «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Սեդրակ Առուստամյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ էին ներգրավել ու առաջադրվել էն մեղադրանքներ:

Առուստամյանը մասնավորապես, մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Այս քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: