Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով ՀՀ կառավարությունից և պարետատնից ակնկալում են քաղաքացիներին պատշաճ իրազեկել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի մի շարք մանրամասներ: ՀԿ-ների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։

Գիտակցելով, որ բնական աղետների ու ճգնաժամային այլ իրավիճակների պայմաններում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել ի շահ հասարակության անվտանգության, ցանկանում ենք շեշտել, որ նման սահմանափակումները թույլատրելի են միայն այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Հետևաբար, պետությունը պարտավոր է պահպանել համաչափության սկզբունքը, ինչպես նաև սահմանափակումները կիրառել առավելագույն թափանցիկությամբ։

Փաստում ենք, որ կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև և չի ազատվում իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ցավոք, վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում մենք չստացանք հանրությանը մտահոգող մի շարք առանցքային հարցերի սպառիչ պատասխաններ:  

Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին: Նպատակահարմար ենք գտնում նաև նախատեսել տվյալների հավաքման և մշակման ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողություն»։ 

Երևանի մամուլի ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ - Հայաստան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հանրային լրագրության ակումբ
Իրավունքի գերակայություն ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Ֆեմիդա» հասարակական իրավական կազմակերպություն