lragir.am: «Ես ակնկալում եմ Բարգավաճ Հայաստան կուսացության նախագահի արձագանքը։ Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը չի ներկայացնում այս պահին այդ կուսակցության և խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Ես խմբակցությանը դիմելիս՝ ուղղակի շարունակում եմ սպասել ու ակնկալել, որ ԲՀԿ անունից ներողություն խնդրեն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վեճին։

Արման Բաբաջանյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ որոշեց արձագանքել Գևորգ Պետրոսյանի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ելույթին, ինչից էլ սկսվեց այսօրվա վեճը։

«Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ Գևորգ Պետրոսյանն իր ելույթի վերջնամասը կառուցելիս, բայց նա դիմում էր կառավարությանը։ Եվ ես կարծում եմ, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, ով պատվիրակված է այստեղ ներկայացնելու Հայաստան պետության շահը, առնվազն պետք է անարձագանք չթողներ այդ ելույթն ու դրա բովանդակային մասը։ Եվ հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ, իմ վերաբերմունքն էլ առահասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռող է ԲՀԿ-ում։ Բայց ես հույս ունեմ, որ այդ աշխարհայացքն այնուամենայնիվ դոմինանտ չէ, և այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածը իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին»,- հավելեց Բաբաջանյանը։

Նա նշեց, որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ այս քննարկումները նորանոր շերտեր են բացահայտում մեր քաղաքական ներկապնակում բույն դրած այն արատավոր երևույթներում, որոնք խորը արմատներ ունեն։

«Ես նշեցի, որ նախորդ իշխանությունների սոցիալական բազան հիմնված է եղել հենց քրեական տարրերի վրա, և մենք պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների, որոնք գալու են հենց այդ կողմերից։ Եվ վերջերս մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ քրեական որոշ շրջանակներ լրատվամիջոցներ են համակարգում, և նրանցից առանձին գործիչներ արդեն հայտարարություններ են հանրայնացնում, սա արդեն ահազանգ է։ Եվ որպես քաղաքական գործիչ՝ ես անձնապես և մյուս քաղաքական ուժերը պետք է անարձագանք չթողնենք»,- ասաց Բաբաջանյանը։