Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան
17:27 - 31 մարտի, 2020

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման ու մեկուսացման աշխատանքները։

«Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները հնարավորինս զարգացնելուն համահունչ ավելացնել թեստավորման քանակները և հնարավորինս նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանի խոսքով՝  այս շաբաթվա սահմանափակումները ամենացայտուն կերպով տեսանելի են եղել կիրակի օրը։ Այդ օրը գրանցվել է բացառիկ ցուցանիշ մարդկանց տեղաշարժի առումով, որը, ըստ Ավինյանի, վարակի տարածման կանխարգելման  առումով շատ դրական դեր ունի։

«Մենք ունենք մի հավելված, որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է sms հաղորդագրություն, որը պարունակելու  է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հաստատի, որ դա ինքն է, դեմքը ճանաչելու գործիք կա, սմարթֆոններով կարող է ապահովվել։ Նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- ասաց նա։։

Ավինյանի խոսքով՝ սա գործիքներից մեկն է, որով պետք է խստագույնս պահպանվի ինքնամեկուսացման ռեժիմը։

«Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձնանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել